Քաղաքական

31.08.2017 21:23


Զախարովա․ Հոգլանդի հայտարարությունները նորություն չեն

Զախարովա․ Հոգլանդի հայտարարությունները նորություն չեն

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հույս է հայտնել, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի նոր համանախագահի նշանակմամբ թիմային ոգին կպահպանվի: Ճեպազրույցի ժամանակ Զախարովան նշել է, որ ողջունում է նոր համանախագահ Էնդրյու Շեֆերի նշանակումը:

«Մենք ելնում ենք այն հանգամանքից, որ թարմացված կազմով համանախագահները կշարունակեն իրենց ջանքերը՝ ուղղված հակամարտության կողմերին աջակցելուն, և հույս ունենք, որ թիմային մոտեցումը, որը մշտապես եռյակին հատուկ էր, կպահպանվի»,-ասել է նա:

Ինչ վերաբերում է ԱՄՆ նախկին համանախագահ Ռիչարդ Հոգլանդի վերջին հայտարարություններին, Մարիա Զախարովան նշել է, որ դրանք նորություն չեն․

«Դրանք բազմիցս վկայակոչել են Ռուսաստանի, ԱՄՆ-ի ու Ֆրանսիայի նախագահները՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման վերաբերյալ իրենց համատեղ հայտարարություններում, որոնք կատարվել են 2009-ից 2013 թվականների ժամանակահատվածում»:

Զախարովան նաև անդրադարձել է հայ-ադրբեջանական շփման գծում ԵԱՀԿ դիտարկման ժամանակ ադրբեջանական կողմի արձակած կրակոցներին՝ նշելով, որ փորձագետները պետք է իրենց խոսքն ասեն՝ տեղում գնահատելով իրավիճակը:

«Ռուսաստանն ավանդաբար հակամարտության սրման կամ լարման շրջաններում մշտապես կողմերին կոչ է արել հանդես բերել հավասարակշռված մոտեցում, որի նպատակը կլիներ ոչ թե իրավիճակի լարումը, այլ քաղաքական կարգավորման ուղղությամբ շարժվելը»,- ասել է Զախարովան:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը