Քաղաքական

28.12.2010 20:14


«Սիվիլիթաս» հիմնադրամը հրապարակել է իր «Հայաստան 2010. Անորոշության տարի» տարեկան զեկույցը

«Սիվիլիթաս» հիմնադրամը հրապարակել է իր «Հայաստան 2010. Անորոշության տարի» տարեկան զեկույցը

Դեկտեմբերի 28-ին «Golden Tulip Yerevan» հյուրանոցում տեղի է ունեցել «Սիվիլիթաս» հիմնադրամի՝ արդեն ավանդական դարձած տարեվերջյան տարեկան զեկույցի հրապարակումը։ «Հայաստան 2010. Անորոշության տարի» վերնագրված զեկույցը բաղկացած է երեք հիմնական բաժիններից՝ տարածաշրջան, ներքաղաքական և տնտեսական։

Քննարկման բանախոսներն էին ՀՀ ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը, «Ժառանգություն» կուսակցության պատգամավոր Ստյոպա Սաֆարյանը, ԲՀԿ պատգամավոր Վարդան Բոստանջյանը և ՀՀԿ պատգամավոր Արտակ Դավթյանը։

Տնտեսական հարցերին անդրադառնալով՝ Արտակ Դավթյանը նշել է, որ զեկույցում տեղ գտած «անորոշության տարի» ձևակերպումը կարելի է տալ ցանկացած տարվա համար։  Անդրադառնալով այս տարվա դրական ձեռքբերումներին՝ Դավթյանը նշել է, թե չնայած նախատեսվում էր 1% տնտեսական աճ,  սկայն կունենանք ավելի քան 2%։ Այն բոլոր ծախսերը, որոնք կառավարությունը նախատեսել էր բյուջեով, հատկապես սոցիալական ոլորտում, պահպանվել են։ Որպես բացասական երևույթ՝ ՀՀԿ–ական պատգամավորն առանձնացրել է գնաճը, արտագաղթը և աղքատության խորացումը։

ԲՀԿ ներկայացուցիչ Վարդան Բոստանջյանը նշել է, որ Հայաստանը չի տիրապետում ռազմավարական միջազգային ռեսուրսների, ինչպիսիք են նավթը, գազը և այլն, այդ առումով ինքը չի կարող մեծ մեղքեր բարդել կառավարության վրա տնտեսական վիճակի համար, սակայն միևնույն ժամանակ նկատել է, որ   Հայաստանը չունի կառավարման բարձր մակարդակ։

«Հայաստանում առկա դժվարությունները կապված են կապիտալի նախնական կուտակման խնդիրների հետ և ինչպես մյուս երկրներում, այնպես էլ մեզ մոտ կան օբյեկտիվ ու սուբյեկտիվ դժվարություններ»,– ընդգծել է Բոստանջյանը։

Լիլիթ Գալստյանի համար 2010թ. բացասական սպասումների տարի էր։ ՀՀ-ն, նրա խոսքերով, չկարողացավ հաղթահարել ճգնաժամը ոչ միայն արտաքին ազդակների, այլև օլիգարխիկ, մենաշնորհային լինելու պատճառով։ Նա նաև նշել է, որ շատ բարձր է ինֆլյացիան, սակայն կառավարությունն անգամ լծակ չունի այդ գնաճը զսպելու։ Կառավարության օրենքների փիլիսոփայությունը, ըստ նրա, ոչ թե յուրաքնչյուր քաղաքացու շահն է, այլ  յուրաքանչյուր քառակուսի մետրից շահ կորզելն է։ Նա նշել է, որ իշխանությունը տապալել է սոցիալական պետության հայեցակարգը ու ավելացրել, որ թեև չի կարելի թերագնահատել արտաքին ոլորտը, սակայն չի կարելի դա համարել բոլոր խնդիրների պատճառ։

Ստեփան Սափարյանը կարծում է՝ 2010թ. մենք հնձեցինք այն, ինչ ցանել էինք։ Իրավիճակը շտկելու համար, ըստ նրա, անհրաժեշտ են արմատական քայլեր։ Պետությունը պետք է վերագտնի իր լիազորությունները։ «Այսօր խաղի կանոնը խաղի կանոնի բացակայությունն է»,-նշել է նա և հավելել, որ բավական է ուղղակի կիրառել օրենքները՝ սկսելով սեփական անձից և սեփական շրջապատից։

Բանախոսներն անդրադարձել են նաև ներքաղաքակն կյանքին։ Արտակ Դավթյանը մասնավորապես համաձայնել է, որ կառավարման խնդիր կա և ընդգծել է, հետխորհրդային որոշ երկրների փորձը, որոնք  կարելի է մեզ մոտ կիրառել։ Նա ասել է, որ Վրաստանը որոշ ոլորտներում շատ ավելի առաջ է անցել,  քան Հայաստանը, հետևաբար կարելի է վերցնել օրինակն ու առաջ շարժվել։

Վարդան Բոստանջյանն էլ ասել է, որ ընդհանրապես ամբողջ հետխորհրդային տարածքն է տառապում ավտորիտարիզմով, և ամեն ինչ իր ժամանակն ունի, տնտեսական ու քաղաքկան համակարգերի փոխկապակցված լինելու չափի զգացումն էլ գալիս է իր ժամանակին։ Այդուհանդերձ, նա նշել է, որ չի կարելի վատատես լինել, քանի որ դա էլ կաշկանդում է։

Անդրադառնալով կոալիցիայից ԲՀԿ-ի դուրս գալու մասին խոսակցություններին, Վ. Բոստանջյանն ասել է, որ նման դեպքերում ինքը ոչինչ չի բացառում։ Բոստանջյանը նկատել է, որ այո, մեր երկրում կան խնդիրներ, բայց առանց պայքարելու այդ խնդիրները չեն լուծվի, կամովին ոչ մեկն իշխանությունը չի հանձնի ո՛չ 21–րդ, ո՛չ էլ 22–րդ դարերում։

Լիլիթ Գալստյանն անդրադառնալով կոալիցիայից ՀՅԴ-ի դուրս գալու պատճառներին՝  նշել է, որ բնականաբար հայ-թուրքական արձանագրությունները վերջնակետն էին, սակայն մինչ այդ էլ գրեթե բոլոր հարցերով գաղափարական տարբերություններ կային։  Ստեփան Սաֆարյանը նշել է, որ այսօր ճգնաժամ ունի հենց ինքը՝ իշխանությունը, որն իրեն զգում է պաշարված ամրոցի մեջ և ամեն քննադատություն ընդունում է թշնամաբար։

Քննարկման ավարտին տեղի է ունեցել մտքերի փոխանակություն և հարցեր են հնչել բանախոսներին։

Արփի Բեգլարյան

Այս խորագրի վերջին նյութերը