Քաղաքական

22.12.2017 12:46


ԱԳՆ խոսնակ․ Երուսաղեմի կարգավիճակի վերաբերյալ Հայաստանի դիրքորոշումը անփոփոխ է մնացել

ԱԳՆ խոսնակ․ Երուսաղեմի կարգավիճակի վերաբերյալ Հայաստանի դիրքորոշումը անփոփոխ է մնացել

Հայաստանն արդեն իսկ հայտնել է Երուսաղեմի կարգավիճակի վերաբերյալ իր դիրքորոշումը, և այն մնացել է անփոփոխ: Այդ մասին հայտարարեց արտգործնախարարության մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը՝ «Ազատության» հետ զրույցում մեկնաբանելով Հայաստանի կողմ քվեարկելը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի բանաձևին, որը կոչ է անում Միացյալ Նահանգներին հրաժարվել Երուսաղեմը Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու որոշումից:

«Երուսաղեմի կարգավիճակի հարցը միջազգային օրակարգի կարևորագույն խնդիրներից է և կարող է լուծում ստանալ բանակցությունների միջոցով՝ իսրայելա-պաղեստինյան հակամարտության կողմերի համար ընդունելի կարգավորման համատեքստում։ Դա կարող է ճանապարհ հարթել տևական անվտանգության և խաղաղության հաստատման համար», - նշեց Բալայանը:

«Երուսաղեմում առկա է բազմադարյա հայկական ներկայություն, հարուստ հայկական պատմա-մշակութային ժառանգություն։ Հայ Առաքելական եկեղեցին հանդիսանում է Սուրբ վայրերի իրավատեր եկեղեցիներից մեկը: Բնականաբար, մենք ուշադրությամբ ենք հետևում Երուսաղեմին առնչվող բոլոր զարգացումներին։ Նկատի ունենալով Երուսաղեմի վերաբերյալ վերջին շրջանում արտահայտված դիրքորոշումները` ընդունում ենք, որ դրանք չեն կանխոշորում բանակցությունների միջոցով Երուսաղեմի վերջնական կարգավիճակի սահմանումը», - ընդգծեց Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության խոսնակը:

Հիշեցնենք, Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի կողմից Երուսաղեմը Իսրայելի մայրաքաղաք ճանաչելուց հետո համապատասխան մեկնաբանությամբ էր հանդես եկել Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը:

Այս խորագրի վերջին նյութերը