Քաղաքական

27.12.2017 13:49


Շարմազանովը՝ վարչապետի թեկնածուի մասին․ ՀՀԿ-ում կա մեկ լիդեր

Շարմազանովը՝ վարչապետի թեկնածուի մասին․ ՀՀԿ-ում կա մեկ լիդեր

Հանրապետական կուսակցությունում կա 1 լիդեր. ե՛ւ Կարեն Կարապետյանի, ե՛ւ Տարոն Մարգարյանի, ե՛ւ Վիգեն Սարգսյանի համար մեր լիդերը Սերժ Սարգսյանն է: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը՝ անդրադառնալով հարցին, թե ինչն է խանգարում Սերժ Սարգսյանին հայտարարել, որ ինքն է լինելու վարչապետի թեկնածուն:

«2018թ.-ը կգա, բարին էլ հետը, կքննարկենք, կասենք, Սերժ Սարգսյանը «Արմենիային» տված իր հարցազրույցում պատասխանել է բոլոր հարցերին: Եկեք չպրիմիտիվացնենք: Ես միայն կասեմ՝ Հայաստանի Հանրապետությունում գործող պետական քաղաքական գործիչներից չեմ ճանաչում երկրորդ գործիչ, որը կարողանա առավել արդյունավետ իրականացնել անվտանգային եւ արտաքին մարտահրավերների դիմակայումը եւ արդյունավետ լուծումներ տալը, քան ՀՀ գործող նախագահ Սերժ Սարգսյանը:

Այո՛, եթե մարդիկ գտնում են, որ անփոխարինելի մարդիկ չկան, ես համաձայն չեմ, յուրաքանչյուր ոլորտում կան անփոխարինելիներ: ՀՀԿ յուրաքանչյուր անդամի համար պատիվ է լինել մի կուսակցության անդամ, որի հրամանատարը Սերժ Սարգսյանն է: Մեր կուսակցությունում կա 1 լիդեր, ե՛ւ Կարեն Կարապետյանի, ե՛ւ Տարոն Մարգարյանի, ե՛ւ Վիգեն Սարգսյանի համար, ե՛ւ ինձ համար»,- ասաց Շարմազանովը:

ՀՀԿ մամուլի խոսնակը կրկին հորդորեց սպասել մինչեւ 2018թ.՝ նշելով, որ դեռեւս չի որոշվել, թե ով է լինելու վարչապետի թեկնածուն:

Աղբյուրը՝ Zham.am

Այս խորագրի վերջին նյութերը