Լրահոս

06.02.2010 14:10


«Euronews»-ը հեգնել է Ալիևին

«Euronews»-ը հեգնել է Ալիևին

«Euronews» հեռուստաընկերությանը տված հարզազրույցում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ինքն իրեն գցել է անհարմար դրության մեջ։ Խոսելով ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացի մասին՝ նա ասել է այն, ինչ միշտ ասել է։ Սակայն երբ խոսք է գնացել Ադրբեջանի ներքին կյանքի մասին, Ալիևն ակնհայտորեն խառնվել է՝ հայտնվելով զավեշտալի իրավիճակում։ Ստորև բերում ենք հատվածներ հարցազրույցից.

Euronews-2009թ. սահմանադրական հանրաքվեի ժամանակ Ադրբեջանում վերացել է նախագահի պաշտոնավարման ժամկետների արգելքը։ Դուք ուզում եք հավերժ մնալ իշխանությա՞ն։

Ի. Ալիև-Գիտե՞ք՝ դա չէր արվել...ինչ-որ անձնական նկատառումներով։ Նման փորձ կա աշխարհի շատ երկրներում։

Euronews-Դեմոկրատական երկրներում՝ ոչ։

Ի. Ալիև-Դե, նայած որտեղ...Օրինակ՝ եթե անվանական պետության ղեկավարը համարվում է թագավորը, իսկ վարչապետը կարող է 5 անգամ անընդմեջ ընտրվել, ապա դա շատ քիչ է տարբերվում մեր իրավիճակից։ Նայեք եվրոպական երկրներին և կտեսնեք...

Euronews-Միգուցե Դուք ինքներդ Ձեզ թագավո՞ր եք համարում։

Ի.Ալիև-Ոչ, ոչ...Ես ինձ համարում եմ գործադիր իշխանության ղեկավար։ Ձեր երկրների պարագայում դա վարչապետն է, որը կարող է շատ անգամ ընտրվել։ Այդ  դեպքում ինչո՞ւ ժողովուրդը պետք է զրկված լինի այդ իրավունքից։ Եթե նրանք ունեն ընտրության հնարավորություն, եթե կա ընտրելու հնարավորություն...

Euronews-Իսկապես, եթե՛։

Ի. Ալիև-...այդ դեպքում նրանք կարող են ընտրել՝ ում ուզում են...Իսկ Ադրբեջանում դեմոկրատական գործընթացները բավական ակտիվորեն են զարգանում։ Եվ հետո, չէ՞ որ մենք չենք խառնվում ձեր երկրների ներքին գործերին, չնայած նրան, որ շատ բաներ կան, որոնք չեն կարող մեր դուրը գալ, կամ էլ մեզ համար զավեշտալի են...բայց չէ՞ որ մենք այդ մասին չենք խոսում։

Euronews-Օրինակ։

Ի. Ալիև.-Փաստացի մենք ոչինչ չենք ասում...և շատ նրբանկատ ենք մեզ պահում։ Երկրի ներքին խնդիրները, նրա ավանդույթները, նրա պատմությունը, քաղաքական համակարգը, նրա վերաբերմունքն ազգի լիդերների հանդեպ պետք է թողնել այդ երկրի ժողովրդին։ Նա՛ է որոշողը։

Euronews-Այո՛, բայց Ադրբեջանը Եվրոպայի Խորհրդի անդամ է...

Ի. Ալիև.-Եթե ինչ-որ մեկը... Եթե ինչ-որ մեկը ցանկանում է սեփական նպատակներին հասնելու համար օգտվել ժողովրդավարության չափանիշներից, մենք դա թույլ չենք տա։

Այս խորագրի վերջին նյութերը