Քաղաքական

16.04.2018 20:30


Ֆրանսիայի հրապարակում հանրահավաքի ժամանակ Նիկոլ Փաշինյանը ներկայացրեց զանգվածային անհնազանդությունների գործողությունների նոր պլանը (տեսանյութ)

Ֆրանսիայի հրապարակում հանրահավաքի ժամանակ Նիկոլ Փաշինյանը ներկայացրեց զանգվածային անհնազանդությունների գործողությունների նոր պլանը (տեսանյութ)

Արդեն 4-րդ օրն է՝ Ֆրանսիայի հրապարակը շարունակում է շրջափակված մնալ։ Ընդդեմ Սերժ Սարգսյանի իշխանավարման 3-րդ ժամկետի շուրջօրյա նստացույց իրականացնողները կրկին գիշերել են այնտեղ։

Հիշեցնենք, որ նախօրեին Նիկոլ Փաշինյանը հրապարակեց քաղաքացիական անհնազանդության ցանցային գործողությունների պլանը։

Դրանք մեկնարկելու են այսօր՝ ժամը 8։15-ին։

***

Այս պահին Նիկոլ Փաշինյանը Մոսկովյան-Բաղրամյան փողոցի խաչմերուկում փակել է ավտոմեքենաների ճանապարհը։

Երիտասարդական մետրոյի հատվածում էլ ուսանողներն են բողոքի ակցիա իրականացնում։

***

Վարորդներից ոմանք դժգոհում են ցուցարարների գործողություններից, ոմանք էլ փակում են ավտոմեքենաների դռները և միանում նրանց։

***

Բժշկական համալսարանի մոտ քաշքշոց տեղի ունեցավ ոստիկանների և բողոքի գործողություն իրականացնող ուսանողների միջև։

Այնտեղ երթևեկությունը կաթվածահար է եղել։

***

Հերացի փողոցում ավտոմեքենաներից երկուսի վարորդներն ու ուղևորները իջան և հարձակվեցին ուսանողների վրա, հարվածեցին և վթարի ենթարկեցին, իսկ այդտեղ կանգնած ոստիկանները քայլ չձեռնարկեցին։

***

Ցուցարարները գործող նախագահ Արմեն Սարգսյանի նստավայրի մոտ են։

***

Ցուցարարները ներխուժեցին Բժշկական համալսարանի հենակետային քոլեջի շենք և դասադուլի կոչ են անում։

***

Մեծ թվով կարմիրբերետավորներ փողոցում նստած ցուցարարներին հեռացրեցին այնտեղից։ Ոստիկանները պատ են կազմել Կորյունի խաչմերուկում։ Ցուցարարները ճեղքեցին պատը։

***

Ցուցարարները ճեղքեցին նաև Նալբանդյան փողոցում գտնվող ոստիկանական մասնաշենքի մոտ կազմած պատը։

***

Բողոքի գործողության մասնակիցները Մանկավարժական համալսարանում են, դասադուլի կոչ են անում։

***

Երթի մասնակիցները Հաղթանակի կամրջից շարժվում են Ֆրանսիայի հրապարակ։

***

Ֆրանսիայի հրապարակում բազմամարդ հանրահավաք է։

***

Ցուցարարների հոծ բազմությունը Ֆրանսիայի հրապարակում հանրահավաքից հետո շարժվեց Բաղրամյան պողոտա։ Այնտեղ ոստիկանները ուժեղացված հսկողություն են իրականացնում։

***

Բախում տեղի ունեցավ ցուցարարների և ոստիկանների միջև։ Ոստիկանությունը հատուկ միջոցներ կիրառեց, կան վիրավորներ։

***

Նիկոլ Փաշինյանը հիվանդանոցում է, նա դեմքի և ձեռքերի վնասվածքներ է ստացել։

***

Վիրավորներ կան նաև ոստիկանների շրջանում։

***

Ֆրանսիայի հրապարակում այսօր երեկոյան կայացած հանրահավաքի ժամանակ Նիկոլ Փաշինյանը ներկայացրեց զանգվածային անհնազանդությունների գործողությունների նոր պլանը, որը մեկնարկելու է վաղն առավոտյան՝ ժամը 8։15-ից։ Փաշինյանը կոչ արեց այսօրվա նման փակել բոլոր փողոցները, մետրոյի կայարանները, դեպի ԱԺ տանող բոլոր ճանապարհները։ Քաղաքացիական անհնազանդություններն ակնկալվում է, որ կիրականացվեն նաև բոլոր մարզերում։

Փաշինյանը նաև առաջարկեց դեպի ԱԺ տանող ճանապարհները սկսել փակել արդեն այսօր գիշերվանից։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը