Քաղաքական

02.03.2010 16:13


Ի՞նչ պետք է անի Սերժ Սարգսյանը հասարակական վստահություն ձեռք բերելու համար

Ի՞նչ պետք է անի Սերժ Սարգսյանը հասարակական վստահություն ձեռք բերելու համար

Լրագրողների հետ հանդիպման ժամանակ «Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի անդամ Սուրեն Սուրենյանցն ասել է, որ եթե Սերժ Սարգսյանն ուզում է վստահություն վայելել, ապա պետք է քայլեր անի, որպեսզի տարբերվի նախորդի՝ Ռոբերտ Քոչարյանի իշխանությունից։

-Սերժ Սարգսյանը պետք է ձերբազատվի Ռոբերտ Քոչարյանի թողած ժառանգությունից։ Ես շատ կուզեմ, որ մարտի 1-ը ոչ թե  միավորի Քոչարյանին և Սարգսյանին, այլ անջատի։ Ինձ  համար ակնհայտ է, որ կրակելու հրաման տրվել է Քոչարյանի իշախանության անունից, բայց ինձ  համար ակնհայտ է, որ Սերժ Սարգսյանը չի կարող նոր որակի իշխանություն ստեղծել, եթե շարունակի մնալ Քոչարյանի իշխանության ներքո։ Ես կուզենայի ունենալ նախագահ Սարգսյան, այլ ոչ թե  Քոչարյանի ստեղծածի մենեջեր Սարգսյան։ Ռեալ քայլե՛ր արեք նախորդ որսասերից տարբերվելու համար։ Բացահայտե՛ք մարտի 1-ի հանցագործությունը, պատասխանատվությա՛ն ենթարկեք բոլոր նրանց, ովքեր մեղավոր են։ Շատ ճիշտ կլիներ երկրին ապահովել քաղաքական  և հասարակական ավելի մեծ կոնսոլիդացիա՝ օրինակ՝ ԱԺ արտահերթ ընտրություններ, որովհետև մի լուրջ քաղաքական ուժ այսօր այնտեղ ներգրավված չէ,-նշել  է նա։

Ըստ Սուրեն Սուրենյանցի՝ ՀՀ իշխանություններն ապրում և գործում են բոլորովին այլ Հայաստանում։

-Ինչպես Ժան Ժակ Ռուսոն էր մինչև հեղափոխությունը տարբեր Ֆրանսիաների մասին գրում, այնպես էլ հիմա Հայաստանում մոտավորապես այդ պատկերն է ստեղծվել։ Ասում եք, թե շատ հանգիստ աշխատո՞ւմ է իշխանական համակարգը։ Բոլոր հնարավորությունները ձեր ձեռքում են, ինչո՞ւ մինչև այսօր 10 զոհերի մասով բացահայտումներ չկան,-նշել է նա։

Հարցադրմանն ի պատասխան՝ ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արտակ Զաքարյանն ասել է, թե 2008թ. ողբերգական իրողությունները ցավալի են մեր երկրի հասարակական համակարգի համար։

-Ես չեմ կարծում, թե այսօր չկան պատժված մարդիկ, որոնք պատասխանատու են այդ իրադարձությունների համար։ Մենք գիտենք բոլոր այդ մարդկանց անունները, որոնք, ցավոք սրտի, հորջորջվում են որպես քաղբանտարկյալներ,-նշել  է նա։

Սուրեն Սուրենյանցն էլ հակադարձել է, թե ինքն էլ է ձերբակալված եղել, արդյոք ինքն է՞լ էր իրեն քաղբանտարկյալ հորջորջում։

-Ի՞նչ էի արել ես։ Հանրահավաք էի վարել, դրա՞ համար էին ձերբակալել,-ասել է նա։

Արտակ Զաքարյանն էլ ասել է, թե ինքն իրավաբան չէ և քաղաքական հարթության մեջ կարող է միայն պատասխաններ տալ։

-Այն օրը, երբ սկսվեցին անկարգությունները, ավարտվեց քաղաքական գործընթացը, և  սկսվեց իրավականը,-նշել  է նա։

Հեղինե Հարությունյան

Այս խորագրի վերջին նյութերը