Քաղաքական

03.03.2010 14:30


Քաղաքագետ. «Պատահական չէ տարբեր ընդդիմադիր ուժերի ակտիվացումը և հատկապես՝ Լևոն Տեր–Պետրոսյանի»

Քաղաքագետ. «Պատահական չէ տարբեր ընդդիմադիր ուժերի ակտիվացումը և հատկապես՝ Լևոն Տեր–Պետրոսյանի»

Քաղաքագետ Սուրեն Զոլյանն «Ազդակ» ակումբում հրավիրված մամուլի ասուլիսում անդրադառնալով ներքին քաղաքականությանը և պատասխանելով «7օր»-ի հարցին,  թե արտահերթ նախագահական ու խորհրդարանական ընտրությունների հավանականություն կա՞, քանզի ՀԱԿ-ը մարտի 1-ի հանրահավաքում հայտարարել է, թե մինչև սեպտեմբեր երկրում արտահերթ ընտրություններ են լինելու՝ ասել է.

-Այն, որ փոփոխություններ լինելու են, սա ակնհայտ է։ Այլ հարց է, թե ինչ ձևով պետք է ընթանան դրանք։ Այդ մասին ոչ միայն Լևոն Տեր-Պետրոսյանն է խոսում, այլ նաև իրավիճակից քաջատեղյակ մարդիկ, ինչպես Հայաստանում համաշխարհային բանկի ներկայացուցիչ պարոն Վարոդակիսը։ Կարծում եմ, որ շատ լուրջ է իրավիճակը սոցիալ-տնտեսական ոլորտում, և անհրաժեշտ են որոշակի փոփոխություններ։

Իսկ թե որ փոփոխություններն ինչ տեսքով են լինելու, Ս. Զոլյանը խորհուրդ է տվել կարդալ պարոն Վարոդակիսի խորհուրդները.

-Նախևառաջ՝ կառավարման համակարգի ավելի արդյունավետ աշխատանքը, անարդյունավետ ծախսերի կրճատումներ, ներդրումների խրախուսումներ և օլիգոպոլիկ տնտեսության վերացում,-ասել է քաղաքագետը։

Ս. Զոլյանը նաև նշել է, թե եթե Լ. Տեր-Պետրոսյանը կարծում է, որ հասնելու է քաղաքական նպատակների, ապա հիմք է ընդունել միայն և միայն Հայաստանի սոցիալ-տնտեսական վիճակը։

-Կարծում եմ, որ դա արտահերթ ընտրությունների չի բերի, բայց Լևոն Տեր-Պետրոսյանը կարծում է, որ դա հնարավոր է։ Պատահական չէ տարբեր ընդդիմադիր ուժերի ակտիվացումը և հատկապես՝ Լևոն Տեր-Պետրոսյանի։ Եթե մինչ այդ ինքը դերակատարություն չուներ հատկապես արտաքին քաղաքականության ոլորտում, ապա տնտեսական ճգնաժամը որոշ հնարավորություններ ստեղծում է իր համար։

Սյուզի Մելքոնյան

Այս խորագրի վերջին նյութերը