Կարծիք

05.03.2010 15:51


Հայկական ռոքը Չարենցից մինչև մեր օրերը

Հայկական ռոքը Չարենցից մինչև մեր օրերը

Հաճախ է լինում՝ աշակերտը դուրս է գալիս ուսուցչի դեմ հանուն այն արժեքների, որոնք ընկալել է ուսուցչից: Պապայան Վահագնը իմ կյանքի որոշակի շրջանում եղել է իմ ուսուցիչը ռոք երաժշտությունը յուրացնելու գործում: Եվ ահա այսօր իմ աշակերտական ապստամբության օրն է այն բանից հետո, երբ կարդացի (թեև ուշացումով) Վահագնի և Արիկ Գրիգորյանի բանավեճը ռոքի ու քաղաքականության մասին «7օր»-ի կայքում:

Երկուսի խոսակցությունն էլ հետաքրքիր էր, բայց տպավորությունն այնպիսին էր, որ ինչ-որ պահից տղերքը զոհ գնացին համահայկական «փնթփնթոցային դիսկուրսի» ամենակուլ տրամաբանությանը՝ էս չկա, էն չկա, սա հնարավոր չէ, շուկան է խանգարում, ազգային մենթալիտետն է խանգարում, լեզվամտածողությունը և էլի չգիտեմ՝ ինչ (սա մեղադրելու չէ, քանի որ բոլորս էլ հեշտությամբ ընկնում ենք դրա մեջ. խնդիրն այն է, որ դրանից դուրս գանք միասին): Դա, իմ կարծիքով, զրույցը կործանեց, որովհետև երբ մարդիկ ընկնում են նման «դիսկուրսային դաշտ», նրանք սեփական մտքերի փոխարեն սկսում են վերարտադրել մի մաշված տեքստ, որի հեղինակներն իրենք չեն, և որից ոչ մի ճեղքում հնարավոր չէ ակնկալել: Ահա այստեղից էլ սկսվում է իմ՝ «որդիների պայքարը հայրերի դեմ», ու խնդիրն էլ տվյալ դեպքում միայն ռոքը չէ, որի ջերմ երկրպագուն պատիվ ունեմ մնալ ցայսօր:

Սկզբից մի քիչ դետալների մասին: Զրույցի ընթացքում միտք հնչեց, որ ռոքը բրիտանական լեզվամտածողության, այլ կերպ երևի՝ մենթալիտետի արդյունք է, որով էլ՝ հայերի համար բարդ վերարտադրելի: Նախ՝ եթե խորանանք, դա այդքան էլ այդպես չէ: Ռոքի ակունքն ամերիկյան ֆոկլկորն է՝ սևամորթների (ակուստիկ բլյուզ) և սպիտակամորթների (քանթրի, բլյուգրաս և այլն): Եթե մենթալիտետի կամ լեզվամտածողության մասին խոսք լիներ, ապա կարծում եմ՝ բրիտանացիները ո՛չ բլյուզ-ռոք կարող էին երգել, ո՛չ էլ դրա հիման վրա հարդ-ռոք զարգացնեին: Եվ նույնիսկ այնպիսի ինտելեկտուալ համարվող խմբեր, ինչպիսիք Pink Floyd-ն ու Jethro Tull-ն են, սկսել են բլյուզից: Հետագայում էլ ռոքն այնքան տարբեր երաժշտական ժանրերի հետ է խաչասերվել (դասական երաժշտություն, ջազ, ֆոլկ, էթնիկա, ավանգարդ), որ ավելի հեշտ է ասել, թե ի՛նչ երաժշտական ուղղություն ռոքն իր մեջ չի ինտեգրել, քան այդ բոլոր ազդեցությունները թվել: Արդեն 1970-ականներից ռոքն այնպիսի մի լայն ծով է, որ զուտ երաժշտական առումով շատ դժվար սահմանելի երևույթ է: Ինքն էլ իր հերթին այնքան է ազդել այլ ժանրերի վրա, որ այսօր ավելի շատ խոսում են պոստ-ռոքի, քան ռոքի մասին: Իսկ տեղական (ոչ բրիտանական և ոչ ամերիկյան) բեմերի առումով, խնդրեմ, կա ամբողջական ռոք (որը կոլեկցիոներների մոտ բավականին մեծ պահանջարկ ունի) և զամբիական բլյուզ (ճապոնականի, լատինոամերիկյանի և այլնի մասին էլ չեմ ասում): Այսինքն, եթե կխմերների լեվամտածողությանը ռոքը սազեց, հայերը մի կերպ կդիմանան:

Բայց սրանք մեծ հաշվով մանրուքներ են: Ավելի կարևոր բան կա: Երաժշտությունը մշակույթի այն ոլորտն է, որն ամենից ունիվերսալ է՝ համամարդկային, և ուր մենթալիտետի, լեզվամտածողության և նման այլ ֆանտոմների մասին իմաստություններն ամենից հեշտ են հերքվում: Ասենք՝ ի՞նչ է Ա. Խաչատրյանի կամ Ավետ Տերտերյանի երաժշտությունը, կամ հայկական ջազն ու ռեփն ազգայի՞ն են, հայերենի լեզվամտածողությունից բխո՞ղ: Իհարկե, եթե ազգայինը հասկանանք այն չսահմանվող (հետևաբար՝ անիմաստ) կերպ, որով հաճախ հասկանում են ազգայինը մեր մոտ, այսինքն՝ նույնացնելով ազգայինն ու ֆոլկլորայինը, ապա դրանք «ազգային» չեն, և հայն առհասարակ չի կարող ո՛չ դասական երաժշտություն, ո՛չ ջազ, ոչ ռոք, ո՛չ էլ ռեփ նվագել: Իսկ կա՞ մի ժանր, ուր կարող են դրսևորվել հայկական «մենթալիտետն» ու «լեզվամտածողությունը»: Հազիվ թե, եթե հաշվի առնենք, որ մեր եկեղեցական երաժշտությունն էլ ունի համաքրիստոնեական առնչություններ (հունաբյուզանդական, ասորական և այլ), իսկ մեր ժողովրդի կողմից սիրված ռաբիսն էլ՝ արևելյան ակունքներ: Այս ամենը խոսում է ոչ թե նրա մասին, որը հայերը չունեն «իրենցը», այլ որ փակուղային է ազգայինի ըմբռնումն առասպելական մենթալիտետի և նման այլ ավելորդ ուրվական բառերի միջոցով: Ազգային են և՛ Խաչատրյանն ու Տերտերյանը, և՛ Սայաթ-Նովան ու Թաթան, և՛ «Բամբիռն» ու «Օքսենհեմը», և՛ «Հայ տղերքը», ինչպես ազգային են հելլենական կրթություն ստացած Խորենացին, միջնադարյան եվրոպական սխոլաստիկան յուրացրած Տաթևացին, ֆրանսիական սիմվոլիզմը փոխառած Սիամանթոն և Տերյանը, ֆուտուրիստ Չարենցը: Ասել, որ Հայաստանում ռոք չկա, որովհետև դա բրիտանական լեզվամտածողության արդյունք է, նույնն է, թե ֆուտբոլի բրիտանական ծագմամբ բացատրել այդ խաղաձևի ցածր մակարդակն այսօրվա Հայաստանում: Կարծում եմ՝ կարելի է գտնել ավելի իրական պատճառներ:

«Ստո՛պ,- կասի ուշադիր ընթերցողը, մանավանդ եթե հայկական ռոք լսող է,- էս ի՞նչ ես անում՝ մեր սուրբ ռոքը խառնեցիր ռաբիսի, ռեփի ու նման փիս բաների հետ»:  

Հայաստանում և առհասարակ հետսովետական տարածքում ռոքի երկրպագուների գլխավոր խնդիրներից մեկն էլ այն է, որ ամեն կերպ ուզում են ռոքը խցկել մեկ այլ ֆանտոմի՝ «բարձր արվեստի» սահմանների մեջ: Սա, ի դեպ, շատ ավելի իրական պատճառ է այն բանի, թե ինչու Հայաստանում ռոքը թույլ է, քան «լեզվամտածողությունը»: Իսկ «բարձր արվեստ» հայկական միջավայրում նշանակում է լաց ու կոց, շինծու պոզաներ («որտեղի՞ց է գալիս արվեստագետը և ո՞ւր է գնում»), թաղման երաժշտություն, բողոքներ շուկայից, և .... ստեղծագործական անարդյունավետութուն: Ռոք լսելը հասկանալի պատճառներով հետսովետական տարածքում դարձել էր (և ցայսօր մնում է) ինտելեկտուալիզմի նշան, չնայած իր բնիկ միջավայրում ռոքն ամենևին էլ միայն ինտելեկտուալների երաժշտություն չէր, եթե չասենք ավելին: Իհարկե, զարգացման որոշակի փուլում ռոքի մեջ առանձնացավ, այսպես կոչված, «պրոգրեսիվ» ուղղությունը, որն ուներ ինտելեկտուալ որոշակի հավակնություններ: Սակայն այդ ժանրի մեջ էլ լավագույն գործերը նրանք չեն, որ ստեղծվել են ի հաշիվ չոր ինտելեկտուալիզմի, այլ նրանք, որոնք պահպանել են սկզբնական ռոքի, «քյարթ» բլյուզի և պսիքոդելիք փորձարարության կենդանի էներգետիկան: Ոչ միայն ռոքն, այլ գրեթե ողջ ժամանակակից փոփ երաժշտությունը գոյություն ունի ի շնորհիվ այդ երեք էներգետիկ բաղադրատարրերի: Ռոքի գաղտնիքը ոչ թե նրա ինտելեկտուալ կամ ոչ ինտելեկտուալ, բարդ կամ պարզ, բարձր կամ ցածր արվեստ լինելն է, այլ այն, որ նրա ակունքում ընկած է ապրումների անմիջականությունն ու անկեղծությունը: Նշանակություն չունի՝ խոսքը երկու րոպեանոց ու երկու ակորդանոց գեղական բլյուզի մասի՞ն է, ուր Միսիսիպիի դելտայի կորած ֆերմայում ծնված, մի աչքից կույր և հարբեցող նեգրը պատմում է իր անհաջող սիրո մասին, թե՞ 45 րոպեանոց համերգային ջեմի կամ պրոգրեսիվ ռոք-սյուիթայի, ուր ակադեմիական կրթություն ստացած և  Ստրավինսկու երկրպագու ռոքերը երգում է գիտաֆանտաստիկ թեմաներից: Կարևորը, որ երկու դեպքում էլ նրանք չստեն, իսկ ունկնդիրն, անկախ իր ինտելեկտուալ բագաժից, կտարբերի դա: Սա է գաղտնիքը, որ իր ժամանակին ռոքը կարողացավ հենց շուկայում հաղթել զուտ կոմերցիոն երաժշտությանը: Եվ այդպիսի ճեղքումները ռոքի պատմության մեջ կրկնվեցին մի քանի անգամ: Դա չի նշանակում, որ կոմերցիայի և տաղանդի հակադրությունն առհասարակ գոյություն չունի, բայց նշանակում է, որ այլ, հավասար պայմաններում իրական արժեքները շահում են նաև շուկայական դաշտում:

Այդ իմաստով ռոքը ոչ այնքան որոշակի ձևական երաժշտական կանոններով սահմանվող ժանր է, որքան կատարման տեսակ: Ըստ այդմ՝ շատ անգամ այն, ինչ ձևական տեսակետից ռոք է, ըստ էության, այդպիսին չէ (օրինակ՝ երբ զգացմունքի նմանակումը, կատարման թատերականացումը և այլնը գերակայում է), և հակառակը՝ ֆորմալ տեսակետից ռոքի հետ որևէ կապ չունեցող երաժշտությունն իր էությամբ կարող է շատ մոտ լինել ռոքին: Առհասարակ, կարելի է ասել, որ կա երկու տեսակի արվեստ՝ մեկը թաքցնում և լղոզում է իրականության հակասություններն ու կոնֆլիկտները և մարդուն ժամանակավոր մոռացման պահեր պարգևում, մյուսը՝ հակառակը՝ բացահայտում և նույնիսկ սրում է իրականության հակադրությունները: Ռոքը երկրորդ խմբին է պատկանում, որով էլ բացատրվում է նրա ժողովրդականությունը այն ժամանակ, երբ ո՛չ դասական երաժշտությունը, ո՛չ ջազը, ո՛չ էստրադան և ո՛չ էլ ֆոլկը տարբեր պատճառներով ի զորու չեղան այդ տիպի արվեստի դեր կատարել շարքային մարդու համար: Իսկ այդ իմաստով ռոքն արդեն շատ լայն հասկացություն է, ոչ միայն ավելի լայն, քան կոնկրետ երաժշտական ժանրը, այլև ավելի լայն, քան երաժշտությունն իսկ: Այդ դեպքում, պատկերավոր ասած, Տերյանը բլյուզմեն էր, իսկ Չարենցը՝ ռոքեր:

Հետևաբար, Հայաստանում ռոքը զարգացում չստացավ ոչ թե որովհետև մենք անգլերեն վատ գիտեինք, ոչ էլ որովհետև տաղանդավոր կատարողներ չունեցանք կամ էլ ունեցանք, բայց շուկան նրանց մերժեց: Այս բոլոր գործոնները կարող են ունենալ իրենց տեղը, բայց դրանք երկրորդական են, և ավելորդ տեղը բարդացնում են իրողության բացատրությունը: Հայաստանում ռոք չեղավ, որովհետև հայաստանցի արվեստագետները չկարողացան գտնել այն մոդուսը, որի միջոցով մարդկանց կպատմեին իրենց իրականության, կոնֆլիկտի մասին կամ կփոխանցեին անմիջական զգացում: Եթե այդ հոգեվիճակը գտնվի, ապա երաժշտական ձևն արդեն էական չի լինի: Կարելի է ռաբիս էլ երգել, բայց «ռոքեր» լինել: Հայաստանը ռոքի կարիք ունի և՛ երաժշտության, և՛ առհասարակ արվեստի, և՛ քաղաքականության մեջ:

Հրանտ Տեր-Աբրահամյան

Այս խորագրի վերջին նյութերը