Քաղաքական

07.12.2018 17:49


Ռոբերտ Քոչարյանի փաստաբանների մամուլի ասուլիսը (տեսանյութ)

Ռոբերտ Քոչարյանի փաստաբանների մամուլի ասուլիսը (տեսանյութ)

Ինչպես տեղեկացրել էինք, այսօր Վերաքննիչ քրեական դատարանը՝ նախագահությամբ դատավոր Ռուբեն Մխիթարյանի, հրապարակեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ առաջին ատյանի դատարանի` կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին որոշման դեմ պաշտպանական կողմի բերած բողոքների վերաբերյալ որոշումը:

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը՝ նախագահությամբ դատավոր Վաչե Մարգարյանի, Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտելու մասին որոշումը կայացրել էր հուլիսի 27֊ին, ինչից հետո Ռոբերտ Քոչարյանի պաշտպաններ Արամ Օրբելյանը, Հովհաննես Խուդոյանը, Հայկ Ալումյանը և Ռուբեն Սահակյանը որոշումը բողոքարկել էին Վերաքննիչ դատարան:

Օգոստոսի 13-ին Վերաքննիչ քրեական դատարանը՝ նախագահությամբ Ալեքսանդր Ազարյանի, բավարարվել էր պաշտպանների ներկայացրած բողոքները` հիմք ընդունելով, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն անձեռնմխելի է:

Այս որոշումը ևս բողոքարկվել էր ինչպես Գլխավոր դատախազի, այնպես էլ պաշտպանական թիմի կողմից:

Նոյեմբերի 15֊ին Վճռաբեկ դատարանը որոշել էր մասնակի բավարարել Գլխավոր դատախազի բողոքը և գործն ուղարկել Վերաքննիչ դատարան՝ նոր քննության։

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական խմբի փաստաբաններն այսօրվա նիստից հետո տեղեկացրեցին, որ Վերաքննիչ դատարանն անփոփոխ է թողել առաջին ատյանի դատարանի որոշումը, փաստաբանների բողոքները մերժվել են և դա իրենք բողոքարկելու են։

Ըստ դատարանի՝ Ռոբերտ Քոչարյանը պետք է կալանավորվի, խափանման միջոց ընտրվել է կալանավորումը։

Հրավիրված մամուլի ասուլիսում փաստաբանները մեկնաբանել են Վերաքննիչ դատարանի այսօրվա որոշումը։

***

ԼՂՀ առաջին նախագահ, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հանդես է եկել հայտարարությամբ․ այն ներկայացնում ենք ստորև։

«Սիրելի հայրենակիցներ,

Ինչպես գիտեք, այսօր ՀՀ վերաքննիչ դատարանը կայացրեց մի վճիռ, որի արդյունքում կրկին հայտնվելու եմ կալանքի տակ։ Ակնհայտ է, որ այս վճիռը նախ և առաջ քաղաքական որոշման արդյունք է և կայացվել է իշխանությունների բիրտ ճնշումների պայմաններում։ Բավական է միայն նշել, որ մեղադրական կողմը ներկայացնում էր 6 հոգանոց դատախազական թիմ՝ ՀՀ գլխավոր դատախազի գլխավորությամբ /ինչը մեր նորագույն պատմության մեջ աննախադեպ մի բան է/, գործը քննող դատավորն ընտրվել էր օրենքի և համապատասխան ընթացակարգերի կոպիտ խախտումներով, իսկ իշխանամետ մամուլը առանց դատարանին սպասելու վաղուց արդեն հրապարակել էր որոշումը։

Ես և թիմակիցներս բազմիցս հայտարարել ենք, որ տեղի ունեցողը ոչ այլ ինչ է, քան անձնական հաշվեհարդար, իսկական վենդետա, որն իրականացվում է իմ և իմ ընտանիքի հանդեպ։ Դա ապացուցեցին նաև տխրահռչակ գաղտնալսումների ձայնա­գրու­թյունները։ Անցածս ուղին, կառավարման տարիներին գրանցած արդյունք­ներս, հեղինակությունս Հայաստանում, Արցախում և արտերկրում, ինչպես նաև քաղաքա­կան հեռանկարներս ոչ մի կերպ հանգիստ չեն տալիս օրվա պոպուլիստ ու երկիրը կառավարելու անընդունակ ղեկավարին։ Բացի այդ, պարզ է, որ 2008թ․ մարտի 1-ին մարդկային զոհերի պատճառ դարձած զանգվածային անկարգությունների գլխավոր կազմակերպիչը փորձում է մաքրվել արյունից և ինձ մեղավոր նշանակել։

Վստահ եմ, որ վաղ թե ուշ հասնելու եմ ազատության։ Վստահ եմ, որ ապացու­ցելու եմ իմ անմեղությունը։ Վստահ եմ նաև, որ Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի Հանրապետությունը մեր նորագույն պատմության ամենածանր օրերին ղեկավարած մարդու դեմ սանձազերծված այս ապօրինի և լկտի հետապնդման բոլոր հեղինակներն ու կատարողները պատժվելու են օրենքի ողջ խստությամբ և դա լինելու է մոտ ապագայում։

Լի եմ պատրաստակամությամբ շարունակել քաղաքական պայքարը նաև բան­տում։ Իշխանությունները և նրանց հովանավորները թող պարապ հույսեր չփայփայեն, թե կարող են կոտրել իմ կամքը։ Ես սովոր եմ ծանր փորձությունների և տեղի ունեցողը հերթական մի փորձություն եմ համարում։ Իմ կյանքի հերթական մի դրվագն է, որը կրկին ստիպված եմ նվիրել պայքարի հանուն ազատության և արժանապատվության»։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը