Տնտեսական

20.12.2018 13:16


Կառավարությունն արտոնություն տվեց «Սպայկա»-ին

Կառավարությունն արտոնություն տվեց «Սպայկա»-ին

Կառավարությունը թույլատրեց «Սպայկա» ՍՊԸ-ին օգտվել գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակում ներմուծվող տեխնոլոգիական սարքավորումները, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերը, հումքը և նյութերը ներմուծման մաքսատուրքից ազատելու արտոնությունից: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, ըստ որոշման հիմնավորման, «Սպայկա»-ի կողմից ներմուծվող ապրանքներն օգտագործվելու են գյուղմթերքի վերամշակման մեջ։ Այդ ապրանքները չեն ներմուծվում ԵԱՏՄ անդամ-երկրներից, քանի որ չեն բավարարում ընկերության տեխնիկական պահանջներին։

Նշվում է, որ արտոնության առկայությունը լուրջ խթան կհանդիսանա նոր ներդրումային ծրագրերի իրականացման և, որպես արդյունք, նոր աշխատատեղերի ստեղծման, ներդրումների ներգրավման, տեղական արտադրության և արտահանման խթանման համար:

Նախատեսվում է ծրագրի շրջանակներում իրականացնել 28 մլրդ դրամի ներդրում, որից 4,2 մլրդ դրամը՝ սեփական միջոցներից, 23,8 մլրդ դրամը՝ վարկային միջոցներից:

Ներդրումային ծրագրի շրջանակում ստեղծվել է 1600 աշխատատեղ՝ 190 000 դրամ միջին աշխատավարձով։ Նախատեսվում է ստեղծել 300 նոր աշխատատեղ՝ 200 000 դրամ միջին աշխատավարձով։

Ծրագրով նախատեսված արտադրանքի ընդհանուր ծավալն առաջին տարում կկազմի 45 մլրդ դրամ, որից 15 մլրդ դրամի արտադրանքը կիրացվի ՀՀ տարածքում, 25 մլրդ դրամի արտադրանքը՝ ԵԱՏՄ այլ անդամ երկրների տարածքում, 5 մլրդ դրամի արտադրանքը՝ երրորդ երկրների տարածքում։

Այս խորագրի վերջին նյութերը