Քաղաքական

18.02.2019 17:40


Քոչարյանի փաստաբանների թիմը ժամանակ է խնդրել քննչական մարմնից քրեական գործի նյութերին ծանոթանալու համար

Քոչարյանի փաստաբանների թիմը ժամանակ է խնդրել քննչական մարմնից քրեական գործի նյութերին ծանոթանալու համար

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանների թիմը ժամանակ է խնդրել քննչական մարմնից քրեական գործի նյութերին ծանոթանալու համար: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց Ռոբերտ Քոչարյանի փաստաբանների թիմի մամուլի քարտուղար Էլեն Առաքելյանը՝ անդրադառնալով այն հարցին, թե արդյոք գործը դատարան ուղարկվել է:

«Գործը 76 հատորից է կազմված։ Փաստաբանների թիմը ժամանակ է խնդրել քննչական մարմնից՝ գործի նյութերին ծանոթանալու համար»,-ասաց Էլեն Առաքելյանը:

Ավելի վաղ ՀՀ հատուկ քննչական ծառայությունը տեղեկացրել էր, որ քննվող 2008 թվականի մարտի 1-2-ն ընկած ժամանակահատվածում Երևան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ քրեական գործով վարույթն իրականացնող մարմինը համարել է, որ գործով ձեռք բերված ապացույցները բավարար են Հայաստանի Հանրապետության երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի, ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի պաշտոնը զբաղեցրած Սեյրան Օհանյանի, ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալի պաշտոնը զբաղեցած Յուրի Խաչատուրովի և ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավարի պաշտոնը զբաղեցրած Արմեն Գևորգյանի վերաբերյալ մեղադրական եզրակացություն կազմելու և գործը դատարան ուղարկելու համար, վերը նշված անձանց մասով քրեական գործի նախաքննությունն ավարտել է:

Ըստ տարածած հաղորդագրության՝ Ռոբերտ Քոչարյանը մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-րդ հոդվածի 1-ին մասով և 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ մասով` ՀՀ սահմանադրական կարգը տապալելու և առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու մեջ: Սեյրան Օհանյանը մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-րդ հոդվածի 1-ին մասով` ՀՀ սահմանադրական կարգը տապալելու մեջ: Յուրի Խաչատուրովը մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-րդ հոդվածի 1-ին մասով` ՀՀ սահմանադրական կարգը տապալելու մեջ: Արմեն Գևորգյանը մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 38-300.1-րդ հոդվածի 1-ին մասով, 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով և 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով` ՀՀ սահմանադրական կարգը տապալելուն օժանդակելու, առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու և հանցավոր ճանապարհով ստացված գույքն օրինականացնելու մեջ:

Նախաքննության ավարտի մասին հայտնել են դատավարության մասնակիցներին, և վերջիններիս պարզաբանվել է քրեական գործի նյութերին ծանոթանալու նրանց իրավունքը:

Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Այս խորագրի վերջին նյութերը