Կարծիք

19.03.2010 14:02


Աղբիանոսի տոհմը, Կինոմոսկվան և ուրվականային ինքնությունը

Աղբիանոսի տոհմը, Կինոմոսկվան և ուրվականային ինքնությունը

Հայ եկեղեցու բարձրաստիճան պաշտոնյաները վերջապես հասան նրան, որ հասարակությունն ապստամբի նրանց դեմ: Տպավորություն կա, որ Կինոմոսկվայի դահլիճը միայն առիթ է, որպեսզի մարդիկ իրենց հիասթափությունն արտահայտեն եկեղեցականներից: Շատ ցավալի պատմություն է ստացվում, մանավանդ իմ նման մարդկանց համար, ովքեր մի կողմից իրենց եկեղեցու անդամ են համարում, մյուս կողմից էլ չեն կարող չհամաձայնվել եկեղեցականների գործողությունների քննադատության հետ: Տվյալ դեպքում հարցը շատ պարզ է, և քննարկելու առիթ էլ չկա: Պարզ է, որ եկեղեցի կառուցելու համար Երևանում բազմաթիվ այլ տեղեր կարելի է գտնել, որ Կենտրոնում եկեղեցիների պակաս չկա (մինչդեռ, ասենք, ամբողջ Արաբկիր համայնքում՝ ոչ մի հատ), պարզ է, որ Կենտրոնում ևս մեկ եկեղեցի կառուցելու ձգտումն այլ բան չէ, քան հերթական նորահարուստի ցանկությունն այնտեղ մի հատ էլ օֆիս-առանձնատուն ունենալ: Այս ամենը պարզ է և ապացուցման կարիք չունի: Բայց թերևս փաստ է նաև այն, որ աղմուկը չէր լինի այսքան մեծ, եթե հասարակությունը նախօրոք «դավադիտ» չլիներ եկեղեցու և կառավարության նորահայտ սերտ դաշինքից ու կեղծ հիրավի փարիսեցիական բարեպաշտությունից: Կղերականությունը զզվելի է եղել բոլոր ժամանակներում: Մեծ հաշվով կղերականության դեմ մի մեծ ապստամբություն էր Ավետարանի քարոզը, և դժվար է գտնել ավելի հակակղերական գիրք, քան Նոր կտակարանը: Այլ հարց է, որ նախկին քրմերը միշտ էլ տարբերակներ են գտնում յուրացնել ցանկացած մարգարեական հակակղերական ուսմունք: Դեռ քրիստոնեության ընդունման ամենասկզբում, ինչպես հիշում ենք, նախկին հեթանոսական քրմական հզորագույն տոհմերից Աղբիանոսի տոհմը համալրեց քրիստոնեական հոգևոր դասը, ինչպես և բազմաթիվ այլ քրմեր: Հեթանոսության և քրիստոնեության սուր պայքարի մասին պատմությունը, որը, իբր, եղել է 4-րդ դարի Հայաստանում, մեծ մասամբ նորագույն հետազոտողների կողմից կառուցված միֆ է՝ գոյացած աղբյուրների կամայական մեկնաբանություններից և մուտք գործած դպրոցական դասագրքեր: Այլ բան է, որ եղել է պայքար հենց եկեղեցու ներսում: Աղբիանոսականների գիծն արդեն 4-րդ դարում եղել է սերտաճումը պետության հետ, որով նրանք հակադրվել են Լուսավորչի տոհմի կաթողիկոսներին: Հետագայում Աղբիանոս քրմի հոգևոր ժառանգները հալածել են 5-րդ դարի լուսավորչական գործիչներին՝ Փարպեցուն, Խորենացուն և այլոց: Այսօր էլ այդ քրմական ավանդույթն է գերիշխող հայ եկեղեցում, չնայած նրա միաբնակ դավանանքը լավագույն գաղափարական հիմքը կարող էր լինել պետությունից անկախ, իրապես հոգևոր կառույցի: Բայց սա հարցի մի կողմն է միայն:

Հիմա գանք հակառակից ու փորձենք տեսնել հարցի մյուս կողմը: Կինոմոսկվայի դահլիճը քանդելու մտահղացման սխալականությունն ինձ համար ապացուցելու կարիք կարծես չունի: Բայց արդյոք ամեն բան մաքո՞ւր է այս որոշմանը դիմադրելու առումով, արդյոք հասարակության ներկայացուցիչների մոտիվացիան իրոք միայն ա՞յն է, ինչ ներկայացվում է: Մի մասինը, անշուշտ, այո՛: Բայց կասկածում եմ (կասկածում, բայց չեմ պնդում), որ այստեղ կան ենթագիտակցական կամ էլ հենց գիտակցված այլ մոտիվացիաներ ևս, որ շատերի համար այս պատմությունը միայն առիթ է: Կասկածս այն է, որ ընթանում է «սովետահայերի» ապստամբություն հանուն կորուսյալ սովետական դրախտի, որի խորհդանիշն է դարձել Կինոմոսկվան և ընդդեմ մի անհասկանալի բանի, որն է իրենց համար եկեղեցին: Շեշտեմ՝ սա վերաբերում է միայն դիմադրողների մի մասին: Ի դեպ, սա ավելի լայն խնդիր է: Օրինակ՝ ես ենթադրում եմ, որ եթե այսօր առաջարկ լիներ անցնել դասական ուղղագրության, նույն մարդիկ կնետվեին ամբրազուրայի հանուն ռեֆորմացված ուղղագրության՝ առանց խորանալու հարցի էության մեջ: Բացատրեմ. ես տվյալ դեպքում ոչ թե պնդում եմ, որ դասական ուղղագրությանն անցնելը ճիշտ է կամ սխալ, այլ այն, որ նման առաջարկի դեպքում բանավեճն ամենայն հավանականությամբ կընթանար ոչ թե ռացիոնալ (հարմարություն-անհարմարություն), այլ իռացիոնալ դաշտում՝ մերը-նրանցը, ու հետևաբար կրծքով-դոշով պաշտպանություն ընդհուպ մինչև մահ: Սա ընդամենը ենթադրություն է, որը կարելի է ստուգել համապատասխան բանավեճ ծավալելու դեպքում: Հուսով եմ՝ այժմ պարզ է իմ մտահոգությունը: Դա է. քանի՞ տոկոսն է կազմում ներկայիս աղմուկի մեջ զուտ ռացիոնալ քննադատությունը, որին ես համաձայն եմ, և ինչքա՞ն է այստեղ իռացիոնալ կործանված ուրվականային ինքնության ենթագիտակցական ապստամբության չափաբաժինը: Ի դեպ, խնդիրն այստեղ իրոք լայն է: Ես նաև կասկած ունեմ, որ ընդդիմադիր դրսևորումների մի զգալի մասը Հայաստանում նույնպես խորքում անկախության դեմ ապստամբություն է: Դա ինձ բացարձակ չի խանգարում ակտիվորեն աջակցել ընդդիմադիր գրեթե ցանկացած դրսևորումների Հայաստանում:

Ամփոփեմ: Դահլիճի քանդմանը ես դեմ եմ, ինչպես դեմ եմ Երևանի կենտրոնում գրեթե ցանկացած քանդմանը: Նույնիսկ Կենտրոնի բակերում տեղ-տեղ պահպանված հին սեփական տների քանդումն է ինձ ափսոսանք պատճառում, որովհետև դրանք էլ իմ Երևանի մի մասն են: Առավել ևս անընդունելի է, երբ խոսք է գնում մշակութային առումով իմ սիրելի 20-30-ական թթ. կառուցված շինության քանդման մասին: Բայց դա չի նշանակում, որ դիմադրողների մի մասի մոտիվացիան պետք է անտեսել: Ես ընդամենը վարկած առաջարկեցի այդ մոտիվացիայի մասին, որն, անշուշտ, շատ առումներով վիճելի է: Բայց եթե վարկածը հաստատվի, դա հետաքրքիր մտորումների տեղիք է տալիս:

Հրանտ Տեր-Աբրահամյան

Այս խորագրի վերջին նյութերը