Քաղաքական

13.03.2019 10:39


Համանախագահների հայտարարությունը բանակցային գործընթացը կրկին խիստ վերահսկողության տակ դնելու քայլ է. ՀՅԴ

Համանախագահների հայտարարությունը բանակցային գործընթացը կրկին խիստ վերահսկողության տակ դնելու քայլ է. ՀՅԴ

Թեեւ իշխանության որոշ ներկայացուցիչներ փորձում էին տպավորություն ստեղծել, որ Մադրիդյան սկզբունքների հարց օրակարգում չկա, սակայն իրականությունն այլ է, դրանք չեն չեղարկվել, հետեւաբար այս առումով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հայտարարությունը անսպասելի չպետք է համարել։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեց ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Արսեն Համբարձումյանը։

Նրա խոսքով, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հայտարարության տոնայնությունը եւ դրանում տեղ գտած որոշ ձեւակերպումներ եւ մոտեցումներ որոշակի մտահոգությունների տեղիք են տալիս։

«Հայտարարության ուղերձները բազմաթիվ են, եւ այնպես չէ, որ դրանք ուղղված են միայն հայկական կողմին։ Այդուհանդերձ, կարծում եմ, մեր դիվանագիտությունը համապատասխան հետեւություններ պետք է անի»,-ասաց դաշնակցական գործիչը:

Նա ընդգծեց, որ Հայաստանում տեղի ունեցած իշխանափոխությունից հետո բնական էր, որ Արցախյան հակամարտության կարգավորման գործընթացում որոշակի դադարի վիճակ էր առաջացել. «Նախ կողմերը միմյանց տրամադրությունները շոշափելու, ստուգողական ազդակներ փոխանցելու խնդիր ունեին։ Այս գործընթացին հետեւելով Մինսկի խմբի համանախագահողներն էլ իրենց հերթին տեղի ունեցող հանդիպում-քննարկումների ազդակները արժեւորելու, բանակցությունների մեջ նոր էջ բացելու հնարավորությունները գնահատելու հարց ունեին։ Ըստ էության, այդ պայմանական դադարի փուլը արդեն կարելի է համարել ավարտված»,-ասաց Համբարձումյանը:

ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչը նկատեց, որ Արցախյան հարցը աշխարհաքաղաքական լուրջ շահեր է շոշափում եւ հակառակ հնչող հավաստիացում-հայտարարությունների, որ Մինսկի խմբի համանախագահողները անկողմնակալ միջնորդություն են իրականացնում եւ որ հակամարտության կողմերի դիրքորոշումները վճռորոշ նշանակություն ունեն, ակնհայտ է, որ իրականությունը հեռու է այդպիսին լինելուց։

«Այս առումով վերջին հայտարարությունը եւ Փաշինյան-Ալիեւ նախապատրաստվող հանդիպումը թերեւս կարելի է գնահատել որպես բանակցային գործընթացը վերստին խիստ վերահսկողության տակ դնելու քայլ»:

Այս խորագրի վերջին նյութերը