Քաղաքական

12.04.2010 19:04


Ա. Քանանյանը համոզված է, որ Սերժ Սարգսյանը չի ղեկավարելու այդ պատերազմը

Ա. Քանանյանը համոզված է, որ Սերժ Սարգսյանը չի ղեկավարելու այդ պատերազմը

«Հայկական ընտրություն» կուսակցության նախաձեռնող խմբի անդամ, Քարվաճառի բնակիչ Ալեքսանդր Քանանյանը մադրիդյան սկզբունքների կիրառությունն Արցախում անհնարին է համարում, քանի որ, նրա խոսքերով, եթե այսօր հայկական կողմն անգամ այսօրվա տեղ-տեղ անկատար պաշտպանական գծից նահանջ արձանագրի, ապա իր իսկ ձեռքից վերցնելու է այն միակ փաստացի գործող երաշխիքը, որն այդքան տարիներ փրկել է մեր երկիրը պատերազմի վերսկսման վտանգից։

-Այսինքն, իրականում ներկա իրավիճակի պահպանումը՝ ներկայիս տարածքային իրողություններով, հայ ժողովրդի համար անհամեմատ ավելի ձեռնտու է, քան ցանկացած ինքնորոշման իրավունքի տեսական ճանաչում, որը բերելու է մեր անվտանգության ֆիզիկական հիմնասյուների կատարյալ ոչնչացմանը,- այսօր «Հենարան» մամուլի ակումբում ասաց Ա. Քանանյանը՝ հավելելով, որ ինքնորոշումը կամ միջազգայնորեն ճանաչված կարգավիճակը մեր անվտանգության լավագույն երաշխիքները չեն. միակ գործող երաշխիքը սահմանային ներկայիս գծի պահպանումն է։

-ԼՂՀ խաղաղ կարգավորումը հատկապես ռազմական փոխհավասարակշռության պահպանումն է։ Եթե մենք ավելի հզորանանք, ես չեմ բացառում, որ մի 10 տարի հետո Ադրբեջանը մինչև իսկ որոշ չափով առևտուր կթույլատրի մեր միջև,- նշեց արցախցի քաղաքագետը,-մենք կարող ենք ունենալ խաղաղություն մեր հարևանների հետ՝ միայն սրբորեն պահպանելով ուժերի հավասարակշռությունը, հատկապես ռազմական փոխհավասարակշռությունը, հետևաբար մենք շատ ավելի մոտ ենք խաղաղությանը և խաղաղության պայմանագրին, քան եթե սկսենք ընթանալ մադրիդյան սկզբունքների շարքով։

Քաղաքագետի խոսքերով՝ արցախյան իշխանություններն ավելի լավ, քան հայաստանյան իշխանությունները, գիտակցում են, որ ցանկացած զիջում նախ և առաջ հարվածելու է հենց իրենց.

-Այսինքն, Արցախում բավական տարածված է դարձել հետևյալ ոչ շատ դիվանագիտական արտահայտությունը, համաձայն որի եթե արցախյան իշխանությունները կհանդգնեն ենթարկվել Երևանի հրամանին և կատարել նվազագույն իսկ տարածքային զիջում, ապա այդ իշխանություններն անգամ Գորիս չեն հասնի,- Արցախում տիրող տրամադրությունները փոխանցեց Ա. Քանանյանը և ավելացրեց, որ ամեն դեպքում Արցախի, ինչպես նաև Սյունիքի բնակչությունը վճռական պահին համընդհանուր հուսալքությունը հաշված ժամերի ընթացքում կվերափոխեն համընդհանուր ընդվզման, ինչն էլ կհանգեցնի դավաճանական քայլի պատճառով այլևս ի սպառ հեղինակազրկված և տապալված իշխանությունների փաստացի հեռացմանն իշխանությունից։

-Յուրաքանչյուր գործնական ոտնձգություն՝ Արցախում տարածքային որևէ զիջում կատարելու, անգամ նվազագույն չափերով, բերելու է իրավիճակի շեշտակի լարվածության, միանգամայն չի իրագործվելու, այլ դրա փոխարեն շատ արագ տեղի կունենա Հայաստանի ներսում կատարելապես ապաշնորհ և դավաճանական ընթացք ստացած իշխանությունների հեռացումը,- հայտարարեց նա,- ես համոզված եմ, որ Սերժ Սարգսյանը չի ղեկավարելու այդ պատերազմը։ Այդ պատերազմը նորից առաջնորդվելու է անվտանգության տրամաբանությամբ և վճռվելու է տեղում գտնվող հրամանատարների կողմից։ Հետևաբար մենք անպայման, իհարկե, զոհերով հանդերձ, ոչ միայն կկարողանանք պաշտպանել մեր ձեռքբերումների անձեռնմխելիությունը, ոչ միայն արժանի հակահարված կտանք թշնամուն, այլև, թերևս, ևս մեկ քայլ կկատարենք մեր հայրենիքի միասնականության, այդ թվում և աշխարհագրական միասնականության վերականգնման ուղղությամբ։

«Հայկական ընտրություն» կուսակցության նախաձեռնող խմբի ներկայացուցիչը նաև կարծիք հայտնեց, որ վերջին 2 տարիների ընթացքում ՀՀ իշխանությունների կողմից վարվող նախաձեռնողական քաղաքականության հետևանքով Ադրբեջանի և Թուրքիայի կողմից Հայաստանը դիտարկվում է որպես թույլ պետություն, որը պատրաստ է զիջելու իր նվաճած դիրքերը, գնալու արմատական զիջումների խաղաղություն մուրալու համար.

-Այսինքն, նրանք Սերժ Սարգսյանի նախաձեռնողականությունը՝ հայ-թուրքական և հայ-ադրբեջանական  հարաբերությունները կարգավորելու ուղղությամբ, դիտարկում են միմիայն Հայաստանի բացահայտ թուլության կտրվածքով, և, բնականաբար, այդպիսի քաղաքականությունը և այդպիսի ոճով տարվող բանակցություններն ընդամենը հաստատում են Ադրբեջանի իշխանությունների մոտ այն թյուր կարծիքը, որ Հայաստանը գնալով ավելի է տկարանում, և որ իրենց հնարավորությունները՝ պատերազմով իրենց նպատակներին հասնել, շատ ավելի իրագործելի են։

Ա. Քանանյանը նշեց նաև, որ այսօր մենք ունենք մի նախագահ, որը լեգիտիմության շատ մեծ խնդիր ունի երկրի ներսում, համարյա չունի հենարան, ունի համապատասխան որակի շրջապատ, որը, բնականաբար, ամեն գնով ձգտում է պահպանել այն, ինչին այսօր հասել է հատկապես տնտեսական ոլորտում, իսկ քաղաքականությունը նրանց կողմից դիտարկվում է միայն որպես իրենց տնտեսական շահերի պաշտպանության միջոց։

-Ուրեմն այդպիսի իշխանության համար, որը ոչ միայն Սերժ Սարգսյանն է, այլ նրա հայտնի օլիգարխիկ շրջապատը, գերակա արժեքն իրենց ֆինանսական կարողության և լծակների պահպանումն է, այլ ոչ թե իրենց համար երբեմն շատ անկեղծ կերպով չգիտակցվող հայոց պետության շահը,- ասաց Ա. Քանանյանը՝ հավելելով, որ, հետևաբար, իրենք պատրաստ են ինչ-որ մի կերպ ի վնաս հայության «կարգավորել» արցախյան խնդիրը, մեզ դարձնել Թուրքիայի տնտեսության և նեոօսմանյան քաղաքականության կցորդ և այլն, միայն թե հանգիստ ապրեն և վայելեն իրենց իշխանությունը։

Ա. Քանանյանի այս խոսքերից հետո լրագրողներից մեկը նրան հարցրեց, թե ինչպե՞ս է նման մեղադրանքներ առաջադրում մարդու, ով իր և իր ընտանիքի անվտանգությունն է վտանգի ենթարկել պատերազմի ժամանակ։

-Դուք Քոչարյանի՞ն նկատի ունեք,- անկեղծորեն հարցրեց քաղաքագետը։

Պարզվեց, որ լրագրողը նկատի ուներ Սերժ Սարգսյանին, ով, լրագրողի խոսքերով, կռվել է արցախյան պատերազմում։

-Այո՛, Սերժ Սարգսյանը երբեմն գտնվել է Արցախի տարածքում, հիմնականում Ստեփանակերտ քաղաքում, այո՛, ինքը զբաղվել է Արցախի բանակի մատակարարմամբ, և երբ նաև Արցախի բանակը կամ Արցախում մեր ուժերը որոշ տեղեր էին հասնում, որտեղ Լևոն Տեր-Պետրոսյանը չէր կամենում, որ այդ բանակը հասնի, որոշ անձանց միջոցով պարենավորումը, վառելիքի տրամադրումը զարմանալիորեն սահմանափակվում էին, մինչև Արցախի բանակը ենթարկվում էր երևանյան ինչ-ինչ քաղաքական գծի պահանջներին։ Ես չեմ կարող ասել, որ Քոչարյանի նման ինքն ու իր ընտանիքը մշտապես այնտեղ են գտնվել,- պատասխանեց Ա. Քանանյանը՝ միաժամանակ նշելով, որ չի ցանկանում կասկածի տակ առնել Սերժ Սարգսյանի՝ պատերազմում մասնակից լինելու իրողությունը, քանի որ այդ տարիներին ինքն ուսանել է այլ երկրում, սակայն այդ հարցի պատասխանը թողնում է հենց Արցախում և Ստեփանակերտում պատերազմն անցած անձանց վրա, «ովքեր անկեղծ, ոչ պաշտոնական զրույցներում շատ գեղեցիկ ու հստակ, շատ մանրամասն կարող են նկարագրել յուրաքանչյուր անձի մասնկացության որպիսությունը, չափը և մասնաբաժինը».

-Այո՛, Արցախի բանակի մատակարարմամբ ինքը զբաղվել է։

Արեգնազ Մանուկյան

Այս խորագրի վերջին նյութերը