Քաղաքական

18.07.2019 11:00


«Ապօրինի ծառահատումները կասեցնելու ենք ամենայն վճռականությամբ». Փաշինյան (տեսանյութ)

«Ապօրինի ծառահատումները կասեցնելու ենք ամենայն վճռականությամբ». Փաշինյան (տեսանյութ)

«Ապօրինի ծառահատումները կասեցնելու ենք ամենայն վճռականությամբ: Երեկվա դեպքերի մեղավորները, ինչպես նաեւ ապօրինի ծառահատումների կազմակերպիչները պիտի պատժվեն խստությամբ»,- «Ֆեյսբուքի» իր էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու տեսանյութ հրապարակել:

Հիշեցնենք, որ երեկ՝ հուլիսի 17-ին, բախում է տեղի ունեցել Իջևան քաղաքի ճանապարհը փակած ցուցարարների և ոստիկանների միջև: Ցուցարարների պահանջը եղել է իրենց չարգելել անտառը հատել: Բախումների հետևանքով ոստիկանության 12 ծառայող է վիրավորվել և տեղափոխվել Իջևանի ԲԿ, այնուհետև 8 ոստիկան տեղափոխվել է Երևան:

***

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի համոզմամբ՝ անտառը մեզ համար պետք է լինի ոչ թե ոչնչացմամբ ինչ-որ նյութական միջոցներ ձեռք բերելու աղբյուր, այլ հակառակը, անտառի պահպանմամբ պետք է կարողանանք նյութական միջոցներ գեներացնել։

Այդ մասին վարչապետը նշեց կառավարության նիստում՝ անդրադառնալով իջևանում հուլիսի 17-ին տեղի ունեցած իրադարձություններին:

«Երբեմն այնպիսի տպավորություն կարող է ստացվել, որ օրինակ Իջևանում, Նոյեմբերյանում, Բերդում, Թումանյանի տարածաշրջանում բոլորը զբաղված են փայտ կտրելով և վաճառելով: Ամենևին այդպես չէ, դա մարդկանց շատ նեղ շրջանակ է, որ երկար տարիներ իր կոռուպցիոն կապերով ստեղծել է որոշակի լծակներ, ցանց և, ըստ էության, այսօր մենք գործ ունենք այդ ցանցի հետ: Եթե չեմ սխալվում, Ազգային անվտանգության ծառայությունում ունենք քրեական գործ՝ կազմակերպված ցանցի կողմից նման գործողություններն իրականացնելու մասով: Ես չեմ բացառում, որ այս գործողությունները նաև, այսպես ասած, թիկունքից, ետնաբեմից են կառավարվում մարդկանց կողմից, ովքեր անխուսափելիորեն կրելու են քրեական պատասխանատվություն»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ` ասաց Նիկոլ Փաշինյանը՝ ավելացնելով, որ ոչ մի կոմպրոմիս չի լինելու:

«Հստակ խնդիր եմ դնում իրավապահ համակարգի առաջ, և սա Ոստիկանության, Ազգային անվտանգության ծառայության, մյուս իրավապահ մարմինների գործունակության խնդիրն է. ապօրինի գործունեության հետ ոչ մի կոմպրոմիս չի լինելու, Հայաստանի կառավարության հետ որևէ մեկը չի կարող շանտաժով խոսել: Սա գործնականում կյանքի կոչելն իրավապահ համակարգի խնդիրն է: Բայց ես ուզում եմ արձանագրենք, որ այստեղ միայն պատժողական տրամաբանությամբ չպետք է առաջնորդվենք»,- ասաց Վարչապետը: Նա արձանագրեց, որ, օրինակ, այսօր Տավուշի մարզը տուրիզմի առումով ամենադինամիկ և ամենամեծ զարգացումն ապահովող մարզն է:

«Հարյուրավոր մարդիկ տարբեր երկրներից գալիս են ուղղակի անտառում քայլելու, ուրիշ որևէ բան այդ մարդկանց չի հետաքրքրում և մեր հայրենակիցներին մենք պետք է կարողանանք, ի վերջո, հասցնել նրան, որ անտառը չկտրելով իրենք կարող են ավելի մեծ գումարներ վաստակել: Իմիջիայլոց, Իջևանում, Լոռիում, Նոյեմբերյանում, Բերդում կան մարդիկ, որ 30 տարի անտառ կտրելով են զբաղված, շարքային քաղաքացիներ են, նրանք ինչպես աղքատ եղել են, այնպես էլ շարունակում են աղքատ մնալ, նրանց կյանքում ոչ մի բայն չի փոխվում: Այո, շատ փոքր խումբ մարդիկ՝ մի քանի մարդ, նրանց աշխատանքի և ըստ էության, նրանց շահագործելու արդյունքում հարստանում են, բայց այն բուն սևագործ մարդկանց կյանքում, ովքեր այդ «բենզապիլան» ձեռքներին անտառներում զբաղված են այդ փայտը քարշ տալով և բեռնատարների վրա բարձելով, նրանց կյանքում վերջին 30 տարում ոչ մի բան չի փոխվել. ոնց եղել են խեղճուկրակ, այնպես էլ մնացել են խեղճուկրակ: Եվ այս փաստը պետք է վկայի բոլորիս, որ գնում ենք սխալ ճանապարհով»,- ընդգծեց վարչապետը՝ հավելելով, որ այդ անտառը մեզ համար պետք է լինի ոչ թե ոչնչացմամբ ինչ-որ նյութական միջոցներ ձեռք բերելու աղբյուր, այլ հակառակը, անտառի պահպանմամբ պետք է կարողանանք նյութական միջոցներ գեներացնել։

Աղբյուրը՝ factor.am

Այս խորագրի վերջին նյութերը