Քաղաքական

14.04.2010 14:23


Քաղաքական ուժերը ՀՀ նախագահի խոսքից հետո Պապից կաթոլի՞կ են դառնում

Քաղաքական ուժերը ՀՀ նախագահի խոսքից հետո Պապից կաթոլի՞կ են դառնում

Լրագրողների հետ հանդիպման ժամանակ ԱԺ պաշտպանության, անվտանգության և ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահ, ՀՅԴ խմբակցության անդամ Հրայր Կարապետյանն ասել է, թե Հայաստանն արտաքին մարտահրավերներին դիմակայելու համար պետք է ուժեղացնի Ցեղասպանության ճանաչման քաղաքականությունն ու ամրապնդի Հայաստան-Սփյուռք կապերը։

-Ի դեպ, դա պետք է լինի ոչ միայն նախագահի ելույթներում, այլև կառավարության որոշումներում, որովհետև մի կողմից նախագահը խոսում է Ցեղասպանության միջազգային ճանաչման, Օբամայի կողմից «ցեղասպանություն» բառի օգտագործման անհրաժեշտության մասին, մյուս կողմից կառավարությունը մերժում է Ցեղասպանության ժխտման հետ կապված մեր խմբակցության նախագիծը։ Այս քաղաքականությունը միասնական պետք է լինի և՛ կառավարության, և՛ արտգործնախարարության, և՛ քաղաքական ուժերի համար։ Ի դեպ, իշխող քաղաքական ուժերի ասուլիսներում արտահայտված դիրքորոշումներն էլ  են տարբեր այսօրվա մեր անվտանգության և հայրենասիրության ուղենիշից,-ընդգծել է նա։

Ըստ Հրայր Կարապետյանի՝ տպավորություն է ստեղծվում, որ իշխող քաղաքական ուժերն ու արտգործնախարարությունը նստած սպասում են, թե նախագահն ինչ պիտի ասի, որ իրենք համահունչ ձևով խոսեն և մեկնաբանություններ անեն։

-Մենք դժգոհ ենք այդ տեսակ քաղաքականությունից։ Արտգործնախարարությունն այսօր սպասողական վիճակում է։ Օրինակ՝ երբ Էրդողանն արեց իր հայտնի հայտարարությունը հայերին արտաքսելու մասին, մի ամբողջ օր ու կես արձագանք չկար։ Արձագանք եղավ միայն այն դեպքում, երբ խորհրդարանում մեր խմբակցության կողմից հարց բարձրացվեց, և վարչապետը պատասխանեց։ Դրանից մեկ օր հետո նոր արտգործնախարարն սկսեց խոսել,-ասել է նա։

Հրայր Կարապետյանի խոսքերով՝ թուրքական  դիվանագիտության մեջ արտգործնախարարը հիմնական պատասխանատվությունն իր վրա է վերցնում, իսկ մեզ մոտ հակառակն է, և անգամ իշխող քաղաքական ուժերն են նման սպասողական վարքագիծ դրսևորում։

-Երկու քաղաքական ծայրահեղ ուժեր են ձևավորվել՝ ծայրահեղ հակառակ, այսինքն՝ եթե նախագահը լավ բան էլ ասի, կասեն՝ վատն է (նկատի ունեմ  ՀԱԿ-ին՝ նախկին իշխանության ներկայացուցիչներին), և նրանք, ովքեր նստած սպասում են, թե նախագահն ինչ պիտի ասի, որ Պապից կաթոլիկ դառնան կամ համահունչ ձայնակցեն։ Անընդունելի է դա,-նշել է նա։

Հեղինե Հարությունյան

Այս խորագրի վերջին նյութերը