Քաղաքական

26.07.2019 16:23


Դատավոր Դավիթ Գրիգորյանի նկատմամբ հարուցված քրգործը, կոպիտ խախտումներով քննչական գործողությունները կարմիր գծեր հատող իրավիճակ են ստեղծել. Ռուբեն Մելիքյան (տեսանյութ)

Դատավոր Դավիթ Գրիգորյանի նկատմամբ հարուցված քրգործը, կոպիտ խախտումներով քննչական գործողությունները կարմիր գծեր հատող իրավիճակ են ստեղծել. Ռուբեն Մելիքյան (տեսանյութ)

Դատավոր Դավիթ Գրիգորյանի նկատմամբ քրեական գործի հարուցումը և հուլիսի 16-17-ին դատավորի աշխատասենյակում կատարված քննչական գործողությունների ընթացքում օրենքի կոպիտ խախտումները կարևորագույն կարմիր գծեր հատող իրավիճակ են ստեղծել․ այսօր հրավիրված մամուլի ասուլիսին հայտարարեց «Իրավական ուղի» ՀԿ համահիմնադիր Ռուբեն Մելիքյանը։

Իրենք՝ որպես իրավական, պետական արժեքները հարգող կազմակերպություն, հետևողական են լինելու ու բարձրաձայնելու են բոլոր նմանատիպ խնդիրների մասին, և հասարակությունը պետք է որոշի, թե ինչ կանոններով է ապրում։ Նա ասաց, որ առաջակել են իրավապաշտպանական աջակցություն, առաջարկել են նաև հարցը բարձրաձայնել ոչ միայն ներհայաստանյան, այլ դրսի խողովակներով։

Ռուբեն Մելիքյանի խոսքով՝ որպես ժողովրդրավարական երկիր, իրավունք չունենք թույլ տալ, որ ստեղծվի իրավիճակ, երբ դատավոր Դավիթ Գրիգորյանը ոչ իշխանահաճո որոշում է կայացնում, չորս օր հետո չգիտես որտեղից հայտնվում է անձ, առավել հիմնավոր փաստարկներ է ներկայացնում, որ նոր երևան եկած հանգամանք պետք է բացահայտեն։ «Այսպիսի խախտումներ պետք է ցույց տանք անհանդուրժողականությունը, որպեսզի այս բացառությունը կանոն չդառնա»,-ասաց նա։

Ռուբեն Մելիքյանը հայտարարեց, թե այն մարմինները, որ այստեղ պետք է գործ անեին, լռում են՝ առաջին հերթին հենց Բարձրագույն դատական խորհուրդը, որը պետք է արձանագրի, որ իրավական պետությունը բարձրագույն արժեք է։

Նա նաև հայտարարեց, որ «Իրավական ուղի» ՀԿ-ն սկսում է «#ես իրավունքի դեսպան եմ» նախաձեռնությունը և դիմում պետության իրավական բնույթն արժևորող բոլոր ուժերին ու անհատներին, ինչպես նաև դատավորներին և խնդրում նշված հեշթեգով հանդես գալ, իրավունքը և պետությունը պաշտպանել իրենց հաստատակամությունն արտահայտող խոսքով։

«Մենք թիրախային խմբեր ենք առաջարկում, իրավաբանական բուհերի ուսանողներին, մարդկանց, ում խոսքը հանրության համար լսելի է, և այս հեշթեգով իրենց մոտեցումն արտահայտեն, որպեսզի այդ կարծիքը դառնա հանրային տիրույթի սեփականություն, որ հանրությունը հասկանա։ Գուցե իրավական պետություն մեզ պետք չէ, և պետք է վերադառնանք նախնադարյան հասարակական կարգեր»,- ասաց նա և հավելեց, թե համոզված են, որ հասարակությունում ձևավորվել է իրավական արժեքները դավանող լուրջ խավ։ «Իրենց ակտիվության դեպքում գուցե հարգարժան գործընկներին կարող ենք հասկացնել, որ չի կարելի այսպիսի հարված հասցնել իրավական պետության արժեքներին»,-ասաց նա։

Ռուբեն Մելիքյանն անդրադարձավ դատավորի աշխատասենյակում արված խուզարկությանը (որի ժամանակ դատավորին թույլ չէին տվել մասնակցել գործողությանը), ինչպես նաև քննիչի կողմից նրա համակարգչի և փաստաթղթերի առգրավմանը։ «Եթե գալիս են մեր տուն՝ մեր «ֆլեշկան», հեռախոսն ու համակարգիչը վերցնելու, մենք այդ գործողությանը մասնակցելու իրավունք չունե՞նք, սա ի՞նչ նոր իրավական մոտեցում է»,-ասաց նա։

Ըստ նրա՝ քրեական համապատասխան հոդվածներն ամրագրում են, որ եթե անձը, տվյալ իրերը տնօրինողը գտնվում է վարույթ իրականացնող մարդու հետ նույն վայրում, ապա նա չի կարող ներկա չլինել առգրավման գործողությանը, քանի որ դա իրավաչափ ու տրամաբանական չէ։

«Շատ կարևոր հարց կա՝ քննիչը որոշել է առգրավել կոնկրետ իր, մասնավորպես համակարգիչներ, իր որոշման մեջ նշված կոնկրետ իրերն առգրավում է, հետո ինչպե՞ս է որոշում, որ մի հատ էլ խուզարկություն է իրականացնում»,-ասաց նա՝ ավելացնելով, որ մեր իրավական համակարգն առաջ էր գնացել, կային կոնկրետ ձեռքբերումներ, սակայն այսօր կանգնած ենք դրանք կորցնելու և տասնամյակներ հետ շպրտվելու վտանգի առաջ։

Ռուբեն Մելիքյանն անդրադարձավ նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ վերջերս արած հայտարարությանը, որ չնայած այսօր իշխանությունները զանգեր չեն անում դատավորներին, նրանք, միևնույն է, իրենց տերեր են փնտրում։

«Եթե գործադիր իշխանությունն ունի հսկայական հնարավորություններ, որ զանգեր չեն լինում, բայց այսպիսի բաներ են լինում (ցույց է տալիս լուսանկար, որում երևում է դատավորի կնիքված աշխատասենյակի դուռը) ոստիկանությունը հսկում է դատավորի փակ աշխատասենյակի դուռը, հնարավոր է դատողություններ անել։ Բացի այդ, ո՞ւր է դրա ապացույցը։ Եթե գործադիր իշխանությունն ասում է, որ հանցագործություններ են տեղի ունենում ու կես ժամ հետո ապացույց չի ներկայացնում, արժեզրկում է իր խոսքը։ Չեմ պատկերացնում, որ գործադիր իշխանությունը խոսի միջամտությունների մասին, բայց ապացույց չներկայացնի, այդ դեպքում մյուսն էլ կասի, թե սա հանրությանը դատական իշխանության դեմ տրամադրելու ձև է»,-ասաց նա։

Այս խորագրի վերջին նյութերը