Տնտեսական

12.09.2019 20:30


Սա բանկային համակարգի տեռոր է. Վարդան Բոստանջյան

Սա բանկային համակարգի տեռոր է. Վարդան Բոստանջյան

«Բանկային գաղտնիքի մասին» օրենքի նման փոփոխությունից հետո ինչպես իրավաբանական, այնպես էլ ֆիզիկական անձինք արդեն ցանկություն չեն ունենալու ժամանակավորապես ազատ դրամական միջոցները ավանդների տեսքով ի պահ տալ բանկային համակարգին: Իսկ եթե նրանք մեր երկրում չտեղաբաշխեն այդ գումարները, պարզ է, որ գումարների արտահոսք է լինելու: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց տնտեսագետ, Ազգային ժողովի նախկին պատգամավոր Վարդան Բոստանջյանը:

«Բանկային համակարգը՝ որպես ֆինանսական միջոցները մոբիլիզացնող և այն տեղաբաշխող կարևորագույն մարմին, կդադարի այդպիսին լինելուց: Ցանկացած պետության տնտեսություն գնահատվում է հետևյալ կերպ՝ որքանով է այդ երկրում աշխատում ժամանակավորապես ազատ ֆինանսական ռեսուրսների մոբիլիզացումը և դրանց ռացիոնալ տեղաբաշխումը: Իսկ Հայաստանում ֆինանսական ակտիվների 85 տոկոսը գտնվում է բանկային համակարգում: Ամբողջ ֆինանսական աշխարհում, նման բան չի կարող գոյություն ունենալ, որովհետև դա հենց միանգամից ֆինանսական հոսքերի համար հանդիսանում է սարսափելի դեֆորմացիոն գործոն»,-նշեց Վարդան Բոստանջյանը:

Հիշեցնենք, որ Կառավարությունն այսօրվա նիստին ընդունել է «Բանկային գաղտնիքի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու նախագիծը, ըստ որի՝ Հայաստանը պետք է ապահովի, որ անհրաժեշտության դեպքում իրավապահ մարմինների համար մատչելի լինեն ֆինանսական տվյալները` կոռուպցիոն հանցագործությունները բացահայտելու ու քննելու նպատակով: Առաջարկվում է առանձին դեպքերում հնարավորություն ստեղծել՝ ստանալու բանկային գաղտնիք կազմող տեղեկություններ առանց սուբյեկտային սահմանափակման:

«Մատչելի դարձնել, մասնավորապես, հանցագործությունների քննությունների ժամանակ կասկածյալից ու մեղադրյալից բացի այլ անձանց, օրինակ, ընտանիքի անդամների կամ փոխկապակցված անձանց ֆինանսական տվյալները, երբ առկա են բավարար կասկածներ, որ նշված անձինք մասնակցել, օժանդակել են հանցագործություն կատարելուն կամ տեղյակ են եղել հանցագործությունից»,-նախագծի ներկայացման ժամանակ ասել էր ՀՀ արդարադատության փոխնախարար Ռաֆիկ Գրիգորյանը։

Վարդան Բոստանջյանի կարծիքով՝ բանկային գաղտնիքի մասին օրենքում փոփոխությունը նպատակ ունի շարունակել վրեժխնդրությունների, վենդետաների, շոուների կազմակերպման շարքը:

«Քանի որ մեկուկես տարվա ընթացքում այս իշխանությունները ոչինչ չեն կարողացել անել և ամենայն հավանականությամբ, հեռանկարում էլ ի զորու չի լինի ոչինչ անել, հանրությանը ուրախացնելու, զվարճացնելու համար հարկավոր է տեռոր անել: Սա տեռորի ողորմելի ձևերից մեկն է, որը ցանկացած տնտեսությանը հետ է գցում: Սա մոտեցում է, որի պարագայում ուզում են առանց որևէ պատճառի բոլորին, ով իրենց ձեռնտու չէ, պետք չէ, նրանց նկատմամբ գործ սարքեն»,-ասաց տնտեսագետը:

Այս խորագրի վերջին նյութերը