Տնտեսական

09.10.2019 15:29


«2019թ–ի բյուջեն կարող է թերակատարվել». Փաշինյանը դա բնական է համարում

«2019թ–ի բյուջեն կարող է թերակատարվել». Փաշինյանը դա բնական է համարում

2019թ–ի բյուջեն կարող է թերակատարվել։ Այս մասին այսօր կառավարությունում 2020թ․ բյուջեի նախագծի ոլորտային քննարկման ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Մենք բյուջեի ծախսայի մասի թերակատարման ռիսկի առաջ ենք կանգնած, որովհետև անցած տարի տեղի ունեցած քաղաքական փոփոխություններից հետո բյուջետային ծախսերի` բոլորիս հայտնի տրամաբանությունը էականորեն փոխվել է»,–ասաց վարչապետը` միաժամանակ հավելելով, որ այդ գործընթացն ինքը միանգամայն բնական է համարում։

Փաշինյանը հիշեցրեց, որ ՀՀ քաղաքական ղեկավարությունը սկզբունքային խնդիր է համարում բյուջետային ծախսերի արդյունավետ իրականացումը, կոռուպցիայի և չարաշահումների բացառումը։

«Եվ այս առումով մենք տեսնում ենք, որ պետք է ունենանք ինստիտուցիոնալ լուծումներ, որ գումարները ոչ միայն ծախսվեն ու դառնան բյուջեի կատարողական, այլև ծախսվեն և դառնան իրականության մեջ արտահայտված մեր քաղաքացիների կյանքի որակը, մեր երկրի տնտեսական աճի որակը և ընդհանրապես մեր երկրի տնտեսական մակարդակը փոխող քաղաքական և տնտեսական իրողություններ»,–ասաց վարչապետը։

Փաշինյանը նշեց նաև, որ բյուջեի թերակատարումը հիմնականում պայմանավորված է ծրագրված, բայց չիրականացված կապիտալ ծախսերով։ Այս իրավիճակը վարչապետն այսպես բնորոշեց. «Պետությունն ունի փող, բայց դժվարություն ունի այդ փողը ծախսելու արդյունավետ գործիքակազմ կիրառելու մասով»։

Այս մտայնությամբ էլ կառավարությունը, Փաշինյանի դիտարկմամբ, որոշել է ձեռնպահ մնալ մի շարք կապիտալ ծախսեր կատարելուց։

Ինչ վերաբերում է 2020թ․ պետական բյուջեի նախագծին, այն հանգամանալից քննարկելու համար Փաշինյանն այսօրվանից սկսած ոլորտային քննարկումներ է նախաձեռնել կառավարության անդամների մասնակցությամբ։

Վարչապետի մոտ այսօր կքննարկվեն շրջակա միջավայրի նախարարության բյուջետային հատկացումներն ու նախանշված ծրագրերը։

Քննարկման ընթացքում կներկայացվի ոլորտի ծրագրերի շուրջ ֆինանսների նախարարության տեսակետը, որից հետո շրջակա միջավայրի նախարարությունը կներկայացնի իր գնահատականները։

Քննարկումներն անցնելու են դռնփակ ռեժիմով։

Աղբյուրը՝ armeniasputnik.am

Այս խորագրի վերջին նյութերը