Քաղաքական

28.10.2019 19:05


Արա Բաբլոյանին մեղադրանք առաջադրվեց (տեսանյութ)

Արա Բաբլոյանին մեղադրանք առաջադրվեց (տեսանյութ)

«Փաստինֆո»-ի հաղորդմամբ՝ քիչ առաջ Հատուկ Քննչական ծառայություն է մուտք գործել Ազգային ժողովի նախկին նախագահ Արա Բաբլոյանը։ «Փաստինֆո»-ի տեղեկություններով նախատեսվում է, որ նրան այսօր մեղադրանք կառաջադրվի։

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 22-ին ՀՔԾ-ն Ա.Բաբլոյանին ներգրավել էր որպես կասկածյալ՝ իշխանությունը յուրացնելու, ՍԴ լիազորություններին տիրանալու համար։

Արա Բաբլոյանը հայտարարել է, որ չի ընդունում իրեն մեսագրվող արարքը։

Մանրամասները՝ տեսանյութում։

***

«Փաստինֆո»-ի տեղեկությունները հաստատվեցին՝ ԱԺ նախկին նախագահ Արա Բաբլոյանին ՀՔԾ-ում հարուցված քրեական գործի շրջանակներում մեղադրանք է առաջադրվել: Այս մասին հաղորդում է տեղում աշխատող «Փաստինֆո»-ի թղթակիցը։

«Ես ստորագրել եմ, որ այս պահին շատ մանրամասներ չեմ կարող հնչեցնել, բայց մի բան կարող եմ հնչեցնել, որ բացառապես համաձայն չեմ եւ ես հայտարարել եմ , որ մեղադրանքը ապօրինի է, որ ինչ-որ արել եմ, արել եմ Սահմանադրությամբ եւ օրենքների սահմաններում, որեւէ նախնական պայմանավորվածություններ չեն եղել եւ ամեն ինչ եղել է ճիշտ այնպես, ինչպես միշտ աշխատել է Ազգային ժողովը»,-լրագրողներին ասել է ԱԺ նախկին նախագահը։

Արա Բաբլոյանը այլ մանրամասներ չի հայտնել։ Հարցին, արդյոք իր դեմ հարուցված քրեական գործը կապ ունի՞ ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի շուրջ ընթացող զարգացումների հետ, Բաբլոյանը պատասխանել է. «Փաստաբանը կպատասխանի, ես չգիտեմ՝ որը կարող եմ ասել, որը՝ չէ, մնացածը կհայտնի փաստաբանը։ Ես հայտարարել եմ, որ քաղաքականությամբ չեմ զբաղվում, զբաղվում եմ միայն առողջապահությամբ։ Ես այս պահին ունեմ միայն մի նպատակ, որ ժողովուրդը ինչպես ինձ հարգել է, այնպես էլ շարունակի հարգել , ես կմնամ այս երկրում ես որեւէ տեղ չեմ գնա, ես մինչեւ վերջ կպայքարեմ, որ հաստատեմ, որ ես արդար եմ եւ որեւէ ապօրինություն չեմ արել»,-եզրափակել է Բաբլոյանը։

Հարցին՝ քաղաքական հետապնդում համարո՞ւմ է այս ամենը, թե ոչ, նա պատասխանել է. «Շարունակենք գործընթացը՝ կերեւա»։

***

Արա Բաբլոյանն ուներ կասկածյալի կարգավիճակ, այսօր նրան մեղադրանք առաջադրվեց։ «Փաստինֆո»-ի թղթակցի հաղորդմամբ՝ այս մասին ՀՔԾ-ի մուտքի մոտ լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀ ԱԺ նախկին նախագահ Արա Բաբլոյանի փաստաբան Արամ Վարդևանյանը։

«Մեղադրանքը վերաբերում է երկու հոդվածներին։ Առաջինը իշխանության յուրացում 300-րդ հոդված, որը ՀՀ պատմության մեջ երբևէ չի կիրառվել և երկրորդ հոդվածը 314-րդ-ն է՝ պաշտոնական կեղծիքի մասով։ Երկու մասով էլ, իհարկե, մեղադրանքը չենք ընդունում։ Գտնում ենք, որ այն անհիմն է։ Այն նաև իրավական տեսանկյունից մի շարք խնդիրներ է առաջացնում, որովհետև անկյունաքարը հանդիսանում է իրավական մեկնաբանությունը, իսկ իրավական մեկնաբանությունը դա մասնագիտական հարց է»,-ասաց Արամ Վարդևանյանը՝ ընդգծելով, որ այստեղ նաև հաշվի չի առնվել Արա Բաբլոյանի գործառութային անձեռնմխելիությունը որպես պատգամավորի։

ՀՀ սահմանադրությամբ պատգամավորներն օժտված են գործառութային անձեռնմխելիությամբ. «Պետք է ընդգծեմ, որ քննիչների գործողությունների վերաբերյալ ակնհայտ ինչ-որ խնդիր չեմ նկատել։ Բավական և՛ բարեհամբույր մոտեցումը կա, և՛ պատշաճություն կա։ Բայց մասնագիտական առումով ակնհայտ անհամաձայնություն ունեմ»,-հավելեց փաստաբանը։

Ինչ վերաբերում է խափանման միջոցին, Արամ Վարդևանյանն ասաց, որ ընտրված է ստորագրություն չհեռանալու մասին։ Նա նաև ընդգծեց, որ Արա Բաբլոյանի կողմից դրսևորվել է պատշաճ վարքագծի ամենաբարձր ստանդարտը։

Այս խորագրի վերջին նյութերը