Քաղաքական

06.11.2019 15:39


ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ուղերձն արժանի է փոխադարձման. ԱԳ նախարարը՝ Ադրբեջանի պատվիրակին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ուղերձն արժանի է փոխադարձման. ԱԳ նախարարը՝ Ադրբեջանի պատվիրակին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ուղերձը, որ խաղաղությունը պետք է ընդունելի լինի Հայաստանի, Արցախի և Ադրբեջանի ժողովուրդների համար, արժանի է փոխադարձման: Այս մասին հայտարարել է ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը նոյեմբերի 6-ին Ուկրաինայի ԱԳ նախարար Վլադիմիր Պրիստայկոյի հետ միասին մասնակցելով Շվեդիայի Միջազգային հարաբերությունների ինստիտուտում Արևելյան գործընկերության տասնամյակին նվիրված դասախոսությանը՝ «Զրույց Հայաստանի և Ուկրաինայի ԱԳ նախարարների հետ» խորագրի ներքո: Նա պատասխանել է Ադրբեջանի ներկայացուցչի հարցին:

«Դա ուղերձ է, որը արտացոլում է լուծման համար անհրաժեշտ մի շատ կարևոր նախադրյալ. այն է՝ կողմերի կարողությունը դիտարկել մյուս կողմի մտահոգությունները և ստանձնեն պարտավորություններն այնպես, որ արտացոլվեն յուրաքանչյուր կողմի մտահոգությունները: Դա է խաղաղ կարգավորման տրամաբանությունը, որը պետք է ընդունելի լինի Հայաստանի ժողովրդի, Արցախի ժողովրդի և Ադրբեջանի ժողովրդի համար»,-ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին ՀՀ ԱԳՆ լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից, ընդգծել է ՀՀ ԱԳ նախարարը:

Հարցուպատասխանի ժամանակ ադրբեջանցի պատգամավորի՝ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի առնչությամբ հարցին, թե արդյոք Հայաստանը պատրաստ է Ադրբեջանի հետ միասին գնալ միջազգային տրիբունալի՝ ուսումնասիրելու հայերի կողմից իրականացված ենթադրյալ, այսպես կոչված, պատերազմական հանցագործությունները, էթնիկ զտումները, որոնց մասին առկա են ՄԱԿ ԱԽ բանաձևեր, Եվրոպական խորհրդարանի, ԵԽ բանաձևեր, նախարար Մնացականյանը հակադարձել է, թե ինչպես պետք է վերաբերվել Ադրբեջանի կողմից իրականացված հանցագործություններին.

«Դուք լսե՞լ եք Բաքվի մասին: Լսել ե՞ք Սումգայիթի, Մարաղայի մասին, լսել ե՞ք Շահումյանի շրջանի օկուպացիայի մասին: Լսել ե՞ք Մարտակերտի շրջանի մի մասի օկուպացիայի մասին: Լսել ե՞ք Մարտունու շրջանի մի մասի օկուպացիայի մասին: Ուզում ե՞ք՝ շարունակեմ: Հենց սրա մասին է խոսքը: Դուք պատրաստ ե՞ք նվազեցնելու հռետորաբանությունը: Դուք պատրաստ ե՞ք հասկանալու մեր մտահոգությունները: Դուք պատրաստ ե՞ք ներգրավվելու նման երկխոսության մեջ: Թե պետք է լինի ձեր ճշմարտությունը, այլապես ճշմարտություն չկա: Պետք է լինի միայն ձեր ցանկացած ձևով լուծում, այլապես այլ լուծում չկա: Առավելապաշտական լինելով երբևէ խաղաղություն չենք ունենա: Հենց սա է ընկած իմ կողմից մատնանշված ժողովուրդներին խաղաղության նախապատրաստելու դրույթի առանցքում: Դուք խոսում էիք մեզ վերաբերող խնդիրների մասին: Ձեզ սրբի տեղ մի դրեք:

Ես ասացի, որ կա անվտանգության հարց, որ առկա է անվտանգային միակ կազմակերպում, որ թույլ չի տալիս, որպեսզի վերսկսվի ագրեսիան, օկուպացիան. բառեր, որոնք ձեզ հայտնի են և որոնք դուք այդքան հաճախ եք օգտագործում։ Ագրեսիա, օկուպացիա և մեր 150 հազար հայրենակիցների ֆիզիկական, էքզիստենցիալ անվտանգությանը սպառնացող վտանգ։ Նրանք մարդիկ են, ովքեր ունեն անուն, ընտանիք, տներ, ֆիզիկական անվտանգության մտահոգություններ, և չկա անվտանգության որևէ այլ կազմակերպում, քան այն, ինչ ունենք այսօր։ Բանակցությունները հենց դրա շուրջ են, թե ինչպես հասնել մի կետի, որը չի հասցեագրի մի կողմի առավելապաշտական պահանջները՝ մյուսների հաշվին»:

Ադրբեջանի ներկայացուցիչների հարցերի առնչությամբ, թե արդյոք ինչպես կարելի է խոսել խաղաղության մասին, երբ Հայաստանի վարչապետը հայտարարում է, որ «Արցախը Հայաստան է և վերջ», ինչպես նաև թե ինչ քայլեր են ձեռնարկվել Հայաստանում բնակչությանը խաղաղությանը նախապատրաստելու ուղղությամբ, նախարար Մնացականյանը նշել է. «Նախևառաջ կցանկանայի հղում անել նրան, ինչի մասին նշեց Բելառուսի խորհրդարանի հարգարժան անդամը: Կարծում եմ, որ նրա ուղերձը շատ կարևոր է, որը վերաբերում էր շահառու կողմերի՝ խաղաղ գործընթացի սեփականության զգացումին: Դուք իրավացի եք. հենց Հայաստանը, Ադրբեջանը և Արցախը պետք է ստանձնեն պատասխանատվությունը և հասնեն Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ հանգուցալուծման…

Վարչապետի ուղերձը, որ խաղաղությունը պետք է ընդունելի լինի Հայաստանի, Արցախի և Ադրբեջանի ժողովուրդների համար, արժանի է փոխադարձման: Դա ուղերձ է, որը արտացոլում է լուծման համար անհրաժեշտ մի շատ կարևոր նախադրյալ. այն է՝ կողմերի կարողությունը դիտարկել մյուս կողմի մտահոգությունները և ստանձնեն պարտավորություններն այնպես, որ արտացոլվեն յուրաքանչյուր կողմի մտահոգությունները:

Դա է խաղաղ կարգավորման տրամաբանությունը, որը պետք է ընդունելի լինի Հայաստանի ժողովրդի, Արցախի ժողովրդի և Ադրբեջանի ժողովրդի համար….

Մենք ունենք որոշ առաջարկներ, որոշ գաղափարներ, որոնց հիման վրա մենք փորձում ենք կառուցել, ապաքաղաքականացնել մարդկանց միջև շփումները: Ինչպես տեսաք, մենք ունենք այս քաղաքականացված շփումները, մենք փորձում ենք մեղադրել միմյանց, մենք փորձում ենք անտարբեր լինել մյուս կողմերի մտահոգությունների նկատմամբ: Քաղաքականացված երկխոսությունը մեզ ամենևին անհրաժեշտ չէ: Կան շատ լավ գաղափարներ, և կա փոխըմբռնում, ինչպես նաև իմ գործընկերոջ՝ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարի հետ զրույցում, որ պետք է այնքան զգուշորեն առաջ շարժվենք, որ կարողանանք պահպանել այն, ինչ հիմա փորձում ենք անել, պահպանել այդ հարթակի ստեղծումը, որտեղ որոշակի դրական փորձառություն կարող է ձևավորվել, ինչի հիման վրա էլ կարող ենք կատարել հետագա քայլեր: Ես բերեցի լրագրողների օրինակը: Մենք կարող ենք տարածաշրջանում ձևավորել Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման վերաբերյալ մի նոր նարատիվ»:

Այս խորագրի վերջին նյութերը