Քաղաքական

11.11.2019 12:58


ԲԴԽ անդամ Հայկ Հովհաննիսյանը հրաժարականի դիմում է ներկայացրել

ԲԴԽ անդամ Հայկ Հովհաննիսյանը հրաժարականի դիմում է ներկայացրել

Հայկ Հովհաննիսյանը հրաժարականի դիմում է ներկայացրել Բարձրագույն դատական խորհրդի անդամի պաշտոնից:

«Հարգելի հայրենակիցներ, այսօր ներկայացրել եմ հրաժարական` հետևյալ պատճառաբանությամբ.

Հայաստանի Հանրապետության ժողովրդի առջև երդմանս համաձայն, բարձր պաշտոնը ստանձնելուց ի վեր նախաձեռնել և առաջնորդել եմ մի շարք ծրագրեր` միտված դատարանների արդյունավետության, թափանցիկության և հաշվետվողականության բարձրացմանն ու միջազգային լավագույն չափանիշներին համապատասխանեցմանը:

Համոզված եմ, որ այդ ծրագրերի գործարկումն ու իրականացումը կբարձրացնի դատական իշխանության հանդեպ հանրային վստահությունը և կնպաստի Հայաստանի տնտեսական մրցակցային դաշտի ու ներդրումային միջավայրի գրավչության բարելավմանը:

Ցավոք, Բարձրագույն Դատական Խորհրդի, որպես անկախ սահմանադրական մարմնի, գործունեությունն այդպես էլ չի համապատասխանում դատական խորհուրդների միջազգային լավագույն փորձին:

Միաժամանակ, ես պարտավոր էի իմ կողմից իրականացվող ծրագրերը հասցնել տրամաբանական ավարտի և նպատակահարմար չէի գտնում ավելի վաղ հրաժարական ներկայացնել:

Վստահ եմ, որ դատական բարեփոխումները պետք է իրականացվեն հրատապ և արդյունավետ կարգով, ինչի մասին բազմիցս բարձրաձայնել եմ։
Մինչդեռ, իմ կողմից առաջ քաշված մի շարք գաղափարներ և ծրագրեր Խորհրդում չեն կարևորում:

Վերոհիշյալի հաշվառմամբ, այսօր Բարձրագույն դատական խորհրդին ներկայացրել եմ հրաժարականի դիմում՝ հորդորելով լիազորություններիս դադարման հարցը քննարկել իմ բացակայությամբ»,-գրել է Հովհաննիսյանը:

Հայկ Հովհաննիսյանը 2018 թվականին փետրվարի 28-ին Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի կողմից ընտրվել էր Բարձրագույն դատական խորհրդի անդամ:

Այս խորագրի վերջին նյութերը