Քաղաքական

03.12.2019 15:52


Բրատիսլավայում ակնկալում ենք հնգակողմ հայտարարության ընդունում. Լավրով

Բրատիսլավայում ակնկալում ենք հնգակողմ հայտարարության ընդունում. Լավրով

Բրատիսլավայում վաղը՝ դեկտեմբերի 4-ին Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Զոհրաբ Մնացականյանի և Էլմար Մամեդյարովի սպասվող հանդիպման արդյունքներով ակնկալվում է հնգակողմ հայտարարության ընդունում։

«Փաստինֆո»-ի հաղորդմամբ՝ այս մասին Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովի հետ համատեղ ասուլիսին հայտարարեց ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։ Վերջինիս փոխանցմամբ՝ բացի ՀՀ եւ Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը, Բրատիսլավայում տեղի կունենա երկու նախարարների շփումը նաեւ ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հետ։

«Եթե ստացվի, մենք կցանկանայինք ընդունել հնգակողմ հայտարարություն՝ 2 ԱԳ նախարարների եւ ՄԽ 3 համանախագահող երկրների նախարարների։ Եթե ինչ-որ պատճառներով դա անհնար լինի, հավանաբար, եռանախագահող երկրների արտգործնախարարներն իրենց դիրքորոշումը կարձանագրեն թղթի վրա, բայց հուսով եմ, որ դա կլինի հնգակողմ հայտարարություն»,-ասաց Լավրովը։

Անդրադառնալով հայ եւ ադրբեջանցի լրագրողների փոխայցելությանն ու հարցին՝ արդյոք օգտակա՞ր կլիներ «Ղարաբաղի ադրբեջանական եւ հայկական համայնքների» շփումները, Սերգեյ Լավրովը պատասխանեց՝ հիշեցնելով տարեսկզբին Վիեննայի գագաթնաժողովից հետո 2 երկրների ԱԳ նախարարների մոսկովյան հանդիպման մասին, որտեղ համաձայնեցվեց ոչ պաշտոնական փաստաթուղթ հումանիտար շփումների հաստատման ուղղությամբ։

«Ես կարծում եմ, որ դա շատ կարեւոր, որովհետեւ ցանկացած որոշում պետք է ընդունվի մարդկանց կողմից, որոնք ապրում են այդ հողում, որոնք ապրում են Ադրբեջանում Հայաստանում եւ Ղարաբաղում եւ որքան առավել մոտիկից մարդիկ միմյանց հետ շփվեն, որքան ավելի օբյեկտիվ լրագրողները լուսաբանեն, թե ինչ է կատարվում շփման գծից այն կողմ, այնքան ավելի դյուրին ու կայուն կլինեն այն պայմանավորվածությունները, որոնց մենք ձգտում ենք հասնել։ Ես ամեն կերպ կողմ եմ ղարաբաղյան համայնքների միջեւ կապերի վերահաստատմանը, որոնք, ի դեպ, որոշակի փուլում իրականացվում էին, հետո սառեցվեցին։ Սա շատ հեռանկարային թեմա է, որովհետեւ արդյունքում, այնուամենայնիվ, ԼՂ-ի ամբողջ բնակչությունը պետք է որոշի՝ ինչպես ապրել հետագայում»,-հայտարարեց Լավրովը։

Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովն էլ հայտարարեց. «Մենք վստահ ենք, որ անհրաժեշտ է առաջ շարժվել, որովհետեւ ոչ պատերազմ, ոչ խախաղություն վիճակը ոչ մի տեղ չի տանում»։ Նա կրկին խոսեց «ներքին տեղահանվածների ու փախստականների վերադարձի» եւ «սուբստանտիվ բանակցությունների» մասին։ «Ակնկալում եմ, որ վաղը առարկայական բանակցությունների նոր փուլը կբացենք»,-հայտարարեց Մամեդյարովը։

Այս խորագրի վերջին նյութերը