Քաղաքական

20.12.2019 16:05


Վերաքննիչ դատարանը մերժեց Ռ․Քոչարյանի նկատմամբ գրավի կիրառումն անթույլատրելի համարելու մասին բողոքը (տեսանյութ)

Վերաքննիչ դատարանը մերժեց Ռ․Քոչարյանի նկատմամբ գրավի կիրառումն անթույլատրելի համարելու մասին բողոքը (տեսանյութ)

Վերաքննիչ դատարանը մերժեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ գրավի կիրառումն անթույլատրելի համարելու մասին Քոչարյանի պաշտպանների ներկայացրած բողոքը։

Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանը Վերաքննիչ քրեական դատարանին ներկայացրել էր Ռ․ Քոչարյանի նկատմամբ գրավի կիրառումն անթույլատրելի համարելու մասին Երևանի ընդհանուր իրավասության դատարանի որոշման դեմ բողոք։

Պաշտպանը հարցականի տակ է դնում այն, որ արդյոք դատարանը վերաբերելի և բավարար հիմքե՞ր է բերել գրավը մերժելու համար։ Հայկ Ալումյանը նշել էր, որ ՄԻԵԴ-ն իր մի շարք վճիռներում արտահայտել է հետևյալ դիրքորոշումը, որ հանցագործություն կատարելու մեջ մեղադրվող անձը պետք է միշտ ազատվի նախնական կալանքից, բացառությամբ այն դեպքերի, եթե պետությունը կարող է ցույց տալ, որ գոյություն ունեն վերաբերելի և բավարար հիմքեր նրա շարունակական կալանավորումը հիմնավորելու համար։

«Մեր վերաքննիչ բողոքը վերաբերում է նրան, արդյոք առաջին ատյանի դատարանի որոշումը, այն ձևակերպումներով, որն առկա է բոլորիս մոտ, կարո՞ղ է համապատասխանել Եվրոպական դատարանի կողմից սահմանված չափանիշին»,-ասել էր Հայկ Ալումյանը՝ ընդգծելով, որ վերաքննիչ դատարանը չի կարող քննության առարկա դարձնել հարցը, թե ընդհանուր առմամբ գրավ պե՞տք է կիրառել, թե՝ չէ։

Գրավի ընդունելի չափը պաշտպանական կողմը թողել էր դատարանի հայեցողությանը։

Հիշեցնենք, որ նոյեմբերի 7-ին Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ Աննա Դանիբեկյանի նախագահությամբ, մերժել էր Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների միջնորդությունը՝ նրա նկատմամբ որպես խափանման միջոց գրավի կիրառումը թույլատրելի ճանաչել։

Այս խորագրի վերջին նյութերը