Լրահոս

25.02.2011 16:45


Պոզներ. «Ես կարծում եմ՝ նախագահ կդառնա Դմիտրի Մեդվեդևը»

Հանրահայտ ռուս հեռուստահաղորդավար Վլադիմիր Պոզները կարծում է, որ կենտրոնական հեռուստատեսությամբ արդեն սկսվել է Դմիտրի Մեդվեդևի նախընտրական քարոզարշավը։ Նրա կարծիքով՝ Ռուսաստանի Դաշնության հաջորդ նախագահը երկրորդ ժամկետով դառնալու է Դմիտրի Մեդվեդևը։

-Ես կարծում եմ՝ Պուտինն իր թեկնածությունը չի դնի, և այդպես կվարվի՝ երկու սկզբունքից ելնելով. նախ, որ դա երկրի շահերից է բխում, քանի որ նրա հայրենասեր լինելուն ես չեմ կասկածում, ապա՝ որովհետև դա օգտակար է անձամբ իր համար։ Իմ կարծիքով՝ հավանաբար նախագահ կդառնա Դմիտրի Մեդվեդևը։ Եվ այդ ժամանակ այլ քաղաքականություն է լինելու, դա ակնհայտ է,-հայտարարել է Պոզները։

Այնուհետև Պոզներն ասել է.

-Եթե դիտարկենք այդ երկու անձնավորություններին, ապա ուղղակի ակնհայտ է, որ նրանք տարբեր մարդիկ են, տարբեր հայացքներ ունեն։ Այո՛, հիմա նրանք, միևնույն է, պետք է ցույց տան, թե  իբր միասնական են։ Սակայն բավական է մի քիչ մասնագետ լինել (ոչ թե քաղաքագետ, այլ պարզապես քաղաքական կյանքին հետևող), որպեսզի տեսնես, որ նրանք ընդհանրապես տարբեր մարդիկ են։ Եվ նրանք ընդհանրապես տարբեր բաներ են ասում։ Այդ պատճառով էլ ես կարծում եմ, որ երկրորդ՝ արդեն 6-ամյա ժամկետի հետ Մեդվեդևի քաղաքականությունն էլ է փոխվելու։ Եվ փոխվելու է արմատապես։

Իսկ Պուտինի ապագայի վերաբերյալ հեռուստահաղորդավարը կարծիք է հայտնել, թե քիչ հավանական է, որ կառավարության ղեկավարի պաշտոնը պահպանի։

-Նրան, իհարկե, թոշակի չեն ուղարկի։ Ես կարծում եմ, որ նա «Գազպրոմ»-ի խորհրդի նախագահ կդառնա։ Չեմ կարծում, թե 2012թ. հետո վարչապետ կլինի,-հավելել է Պոզները։

Այս խորագրի վերջին նյութերը