Քաղաքական

12.01.2020 21:35


«Վերնատուն» հասարակական-քաղաքական ակումբի հայտարարությունը ՍԴ-ի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ

«Վերնատուն» հասարակական-քաղաքական ակումբի հայտարարությունը ՍԴ-ի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ

ՀՀ Սահմանադրությամբ պետության գլուխը՝ Արմեն Սարգսյանը, ստորագրելով ՍԴ դատավորներին ստիպողաբար կաշառելու օրենքը, վերջնականապես ապացուցեց, որ չի կատարում մայր օրենքով Հանրապետության նախագահին վերապահված Սահմանադրության պահպանմանը հետևելու իր հիմնական գործառույթը: Ակնհայտ է, որ այդ օրենքը հակասում է իրավական ու ժողովրդավարական պետության հիմունքներին։ Սա նշանակում է, որ Սահմանադրությունն ու պետականությունը կազմաքանդվում են։ Արմեն Սարգսյանը պատմության առջև է պատասխանատվություն կրում՝ համահեղինակ դառնալով մեկ մարդու քմահաճույքով տեղի ունեցող գործընթացներին։ Ստեղծված իրավիճակում, երբ փաստացի դադարում են գործել իշխանության ճյուղերի բաժանման ու հավասարակշռման սահմանադրական մեխանիզմները, Սահմանադրության պահպանման բեռն ընկնում է ՀՀ քաղաքացու`յուրաքանչյուրիս վրա։

Այսօր այս առաքելության կիզակետում Սահմանադրական դատարանն է, որը մնացել է վարչապետին ոչ ենթակա պետական ինստիտուտը՝ պաշարված անձնիշխանության հաստատման ցանկությամբ տառապողի կողմից։ Մենք մեր աջակցությունն ենք հայտնում ՍԴ դատավորներին՝ Հրայր Թովմասյանին, Ալվինա Գյուլումյանին, Արևիկ Պետրոսյանին, Հրանտ Նազարյանին, Աշոտ Խաչատրյանին, Արայիկ Թունյանին և Ֆելիքս Թոխյանին, բարձր գնահատում նրանց քաղաքացիական ու արժանապատիվ դիրքորոշումը։ Այդ դիրքորոշումն իրականում պետականամետության և պատասխանատվության գիտակցության նախանձելի օրինակ է յուրաքանչյուրիս համար։

Կառավարության և Ազգային ժողովի կողմից օրենքի տեսքով ներկայացված նսեմացուցիչ առաջարկը մերժելուց հետո ՍԴ դատավորների վրա նենգ հարձակումները ծավալվում են նաև անձնական տիրույթում՝ շատնաժի ու անբարոյական գործիքների տեսքով։ Ակնհայտ է, որ այլևս կիրառվելու են ամենաքստմնելի միջոցները։ Մեր համոզմամբ, Սահմանադրական դատարանի լիազորությունների յուրացումով սահմանադրական արդարադատության վերացումն այն աստիճան է կարևորվում գործադիր իշխանության կողմից, որ չի բացառվում անգամ ՍԴ նախագահին ապօրինաբար ազատությունից զրկելու սցենարը։ Այս ամենի հեղինակները, սակայն, հերթական անգամ սխալվել են, քանզի կյանքը ցույց է տվել, որ Սահմանադրական դատարանի դատավորները մնում են իրենց երդմանն և առաքելությանը հավատարիմ։

«Վերնատուն» հասարակական-քաղաքական ակումբն իր գնահատանքը, համերաշխությունը և լիակատար սատարումն է հայտնում հետապնդումների թիրախում հայտնված ՍԴ յուրաքանչյուր դատավորին։ Այսօր Հայաստանի պետականության ապագան կախված է նաև ձեզանից։

«Վերնատուն» հասարակական-քաղաքական ակումբի մամլո ծառայություն

12.01.2020թ․

Այս խորագրի վերջին նյութերը