Տնտեսական

30.01.2020 11:55


Երբ խեղաթյուրում են փաստերը. վարչապետի անմեղ «բացթողումները». «168 ժամ»

Երբ խեղաթյուրում են փաստերը. վարչապետի անմեղ «բացթողումները». «168 ժամ»

«Նիկոլ Փաշինյանին հավանաբար թվում է, թե իր հրապարակած «փաստերը» հայտնի կամ հասանելի են միայն իրեն, ու կարող է իրեն թույլ տալ դրանք ներկայացնել և մեկնաբանել այնպես, ինչպես հարմար է գտնում։

Հաճախ հենց դա էլ պատճառ է դառնում, որ վարչապետը հայտնվի անհարմար դրության մեջ։ Բայց որքան էլ զարմանալի է, նա դասեր չի քաղում։ Ու շարունակում է գնալ նույն ճանապարհով, ինչ ճանապարհով գնում էր։ Վկա՝ նաև կապանյան ասուլիսը։

«2019 թվականի հունվար-սեպտեմբերին օտարերկրյա ներդրումների ներհոսքը կազմել է 2 մլրդ 174 մլն դոլար, ինչը 2018 թ. նույն ժամանակահատվածի համեմատ ավել է 465 մլն դոլարով կամ 27,6 տոկոսով, 2017 թ. համեմատ՝ 635 միլիոն դոլարով կամ 41 տոկոսով: Օտարերկրյա ուղղակի ներդրումների գծով ստացումները նշված ժամանակահատվածում կազմել են 453,8 մլն դոլար, ինչը 68,7 մլն դոլարով կամ 17,8 տոկոսով ավել է, քան 2018 թ. ցուցանիշը»։ Սա բառացի մեջբերում է Նիկոլ Փաշինյանի խոսքից։

Ամեն ինչ արտաքուստ ճիշտ է ասված, բացի մեկ կարևոր դետալից. ուշադրություն դարձրեք՝ օտարերկրյա ընդհանուր ներդրումների մասին խոսելիս վարչապետը 2019 թ. ցուցանիշները համեմատում է ինչպես 2018 թ., այնպես էլ 2017 թ. հետ։ Իսկ օտարերկրյա ուղղակի ներդրումների դեպքում 2019թ. ցուցանիշը համեմատում է միայն 2018 թ. հետ։ Այս անգամ 2017 թ. մասին խոսք չկա։

Եվ գիտե՞ք՝ ինչու է այդպես, որովհետև 2017 թ. նույն ժամանակահատվածում օտարերկրյա ուղղակի ներդրումներն ավելին են եղել ինչպես 2018 թ., այնպես էլ 2019 թ. համեմատ։ Դրանք կազմել են 475 մլն դոլար։ Այսինքն՝ 21 միլիոնով ավելի։ Ու դա է պատճառը, որ վարչապետը որոշել է այս դեպքում շրջանցել մինչհեղափոխական շրջանի ցուցանիշը, որը ըստ էության իրավունք չունի ավելի առաջանցիկ լինել, քան հեղափոխությունից հետոյինը։

Լավ, նման դեպքերում կարելի է, չէ՞, գոնե այդքան ակնհայտ «բացթողում» չանել։ Գոյություն ունեն տարրական վիճակագրական նորմեր, որոնք պետք է պահպանվեն ցուցանիշներ հրապարակելիս։ Հատկապես, երբ խոսքը վարչապետին է վերաբերում։

Մեկ դիտարկում ևս. ներդրումների մասին խոսելիս Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, թե 9 ամսում ներդրումները կազմել են 2 մլրդ 174 մլն դոլար։ Ու շատերին կարող է թվալ, թե հսկայական օտարերկրյա ներդրումներ են կատարվել Հայաստանի տնտեսության մեջ։ Իրականում, սակայն, դրանք այն չեն, ինչ պատկերացնում ենք՝ որպես ներդրում։ Դրանում ներառված են վարկերը, փոխառությունները, ապրանքների և ծառայությունների դիմաց վճարվելիք կամ ստացվելիք գումարները, կանխավճարները, ինչպես նաև ուղղակի, պորտֆելային և այլ կարգի ներդրումները։

Այս ամենի մեջ ամենաառաջնայինը տնտեսության համար ուղղակի ներդրումներն են, որոնք հետհեղափոխական Հայաստանում նվազել են։ Եվ, որ շատ ավելի կարևոր է, ուղղակի ներդրումների զուտ հոսքերն են, որոնք Նիկոլ Փաշինյանի նշած ժամանակահատվածում զիջել են նույնիսկ 2018 թ. ցուցանիշը։ Խոսքը տնտեսության մեջ մնացած մաքուր ներդրումների մասին է։ Եթե 2018 թ. 9 ամիսներին դրանք կազմել էին 127 միլիոն, ապա 2019թ. նույն ժամանակահատվածում կազմել են 68 մլն դոլար։ Այսինքն՝ օտարերկրյա ուղղակի ներդրումները, որոնք այդքան կարևոր են Հայաստանի տնտեսության համար, մի բան էլ սկսել են ավելի շատ գնալ երկրից։

Սրա մասին Նիկոլ Փաշինյանը գերադասում է չխոսել, իսկ խոսելիս էլ, եթե մանևրելու այլ տարբերակ չկա, ապա նախկիները միշտ կան ու կան»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

Այս խորագրի վերջին նյութերը