Մեկնաբանություն

17.07.2020 10:41


Ալիևը կկորցնի՞ իշխանությունը. ինչ սպասել առաջիկայում

Ալիևը կկորցնի՞ իշխանությունը. ինչ սպասել առաջիկայում

Տավուշի մարզի սահմանագծում տեղի ունեցած իրադարձություններն իրենց ազդեցությունն են թողնելու թե՛ տարածաշրջանային զարգացումների, թե՛ Հայաստանի ու Ադրբեջանի ներքին կյանքի վրա։

Մասնավորապես, Իլհամ Ալիևի աթոռը երերում է։ Ռազմական անհաջողությունը Տավուշի մարզում դարձել է առիթ, որպեսզի նրա քաղաքական հակառակորդները և ծանր պայմաններում ապրող ադրբեջանական ժողովրդի մեծ մասը դուրս գան Ալիևի դեմ։

Աթոռը կորցնելու վախից Ալիևը քավության նոխազ սարքեց ու «փչացրեց» արտգործնախարար Մամեդյարովին՝ դրանով իսկ ընդունելով, որ հայ–ադրբեջանական բախման պարտվող կողմն Ադրբեջանն է։

Աթոռը կորցնելու վախից Ալիևը «փչացրեց» նաև ադրբեջանցիներին, թե բա հազարավոր միտինգավորներից միայն 150 հոգի է պատրաստ կամավոր մեկնել կռվի։ Նա այդպիսով ոչնչացրեց տարիներ շարունակ իր իսկ կողմից կազմակերպած քարոզչական կոդերը։

Ալիևը միլիարդների տեր է և վախենում է պատերազմից, սակայն հիմա ստիպված է գնալ դրան։ Այլապես կապալեգիտիմացվի վերջնականապես։ Ալիևը պատրաստ չէ պատերազմին, բայց ունի դրա քարտ բլանշը, քանզի պաշտոնական Երևանը փակուղի է մտցրել բանակցային գործընթացը։

Հիմա մենք պետք է առավելագույնս զգոն լինենք, քանզի Ալիևին թեկուզ փոքրիկ, բայց ռազմական հաջողություն է պետք սեփական աթոռը չկորցնելու համար։

Ինչ վերաբերում է առաջիկա զարգացումներին, ապա ակնհայտ է, որ ամեն ինչ գնում է դեպի ռազմական լայնամասշտաբ բախում։ Հիստերիկության գիրկն ընկած Ալիևը պատրաստ է ամեն ինչի՝ հանուն սեփական միլիարդների ու աթոռի։ Կկորցնի՞ նա աթոռը, թե՞ ոչ, կախված է մեզանից։ Բայց մեկ բան պետք է հայ ժողովուրդը հստակ գիտակցի՝ Ալիևով, թե առանց Ալիևի, Ադրբեջանում քաղաքական թրենդը պատերազմական է։ Պատերազմ է պահանջում Ադրբեջանի իշխանական վերնախավը, պատերազմ է պահանջում «փողոցը», պատերազմ է պահանջում ընդդիմությունը։

Նիկոլի սիրտը միտինգ էր ուզում Բաքվում։ Նա այդ միտինգը ստացավ։ Պատերազմի կուսակցության միտինգը։

Պետրոս Ալեքսանյան

Այս խորագրի վերջին նյութերը