Քաղաքական

27.09.2020 08:16


Շփման գծի ողջ երկայնքով թշնամին ակտիվ հրետակոծություն է սկսել. հրետակոծվում է նաև Ստեփանակերտը (լրացվող, տեսանյութ)

Շփման գծի ողջ երկայնքով թշնամին ակտիվ հրետակոծություն է սկսել. հրետակոծվում է նաև Ստեփանակերտը (լրացվող, տեսանյութ)
Այսօր վաղ առավոտյան, շփման գծի ողջ երկայնքով թշնամին ակտիվ հրետակոծություն է սկսել: Հրետակոծվում են նաև խաղաղ բնակավայրերը, այդ թվում մայրաքաղաք Ստեփնակաերտը: Բնակչությանը կոչ ենք անում պատսպարվել:
Միևնույն ժամանակ հայտարարում ենք, որ մեր պատասխանը լինելու է համաչափ, և իրավիճակի ողջ պատասխանատվությունը կրում է Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը և անձամբ Իլհամ Ալիևը:
Արցախի նախագահի մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյանի ֆեյսբուքյան էջից
***
Սիրելի ժողովուրդ, Հայաստանի Հանրապետության հպարտ քաղաքացիներ, Արցախի Հանրապետության հպարտ քաղաքացիներ, Սփյուռքի հպարտ հայություն.
Հակառահորդը Արցախի ուղղությամբ հարձակում է սկսել։ Պաշտպանության բանակը հաջողությամբ դիմակայում է հարձակմանը։ Իրավիճակը օպերատիվ զարգացման մեջ է, տեղեկությունները ըստ անհրաժեշտության կամփոփվեն եւ կհաղորդվեն։
Կոչ եմ անում վստահել միայն պաշտոնական աղբյուրներին եւ զգոն լինել թշնամական տեղեկատվական հոսանքներին տրվելուց։
Ամուր կանգենք մեր պետության, մեր բանակի թիկունքին՝ մեր սուրբ հայրենիքի պաշտպանության դիրքերում։ Ու մենք կհաղթենք։
Կեցցե՜ հայոց փառապանծ բանակը։ Կեցցե՜ հայոց պետականությունը։ Կեցցե՜ հայ ժողովուրդը։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ֆեյսբուքյան էջից
***
Ադրբեջանը հարվածներ է հասցրել մի շարք ուղղություններով, այդ թվում՝ բնակավայրերի ուղղությամբ: Ավելի մանրամասն դեռ չգիտեմ:
Պահեք ֆիզիկական ու տեղեկատվական անվտանգության զգոնություն:
Մեր տղերքը ամուր են սահմանում:
Արցախի մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանի ֆեյսբուքյան էջից
***
Հակառակորդը Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում: Ամբողջ պատասխանատվությունն Ադրբեջանի ռազմաքաղքական ղեկավարության վրա է: Հայկական կողմը խոցել է հակառակորդի երկու ուղղաթիռ և երեք ԱԹՍ: Մարտերը շարունակվում են:
ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը հեռախոսազրույց է ունեցել ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկի հետ: Նախարարը ներկայացրել է սահմանին տիրող իրավիճակը և տեղեկացրել, որ Ադրբեջանը սանձազերծել է հերթական սադրանքը:
***
Արցախի խաղաղ բնակչությանը կոչ ենք անում պատսպարվել ու փողոց դուրս չգալ, քանի որ հակառակորդը շարունակում է հրետակոծել քաղաքացիական բնակավայրերը, այդ թվում՝ մայրաքաղաք Ստեփանակերտը:
***
Ադրբեջանի ՊՆ-ն պաշտոնապես հայտարարել է «հակահարձակում» սկսելու մասին, ինչը փաստում է, որ գործողությունները վաղուց պլանավորված են եղել։ Տարրական գիտելիք ունեցող ցանկացած զինվորական կփաստի, որ հակահարձակման օպերացիայի պլանավորումը շաբաթներ է տևում։ Էսկալացիայի մասին պաշտոնական հաղորդագրությունից րոպեներ անց էլ ադրբեջանական և թուրքական լրատվամիջոցներն առաջնագծից նյութեր են հրապարակում, ինչը ևս փաստում է, որ Ադրբեջանի ձեռնարկած սադրանքը նախապես ծրագրված էր։
ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանի ֆեյսբուքյան էջից
***

ԱՀ ՊՆ, ՊԲ հրամանատար, գեներալ-մայոր Ջալալ Հարությունյանի մարտակոչը

Հայրենակիցներ,

2016 թվականի մարտական գործողություններից շուրջ չորս տարի անց հակառակորդը կրկին դիմել է զենքի ուժին՝ կարծելով, թե այդ ճանապարհով կարողանալու է հօգուտ իրեն լուծել արցախյան հիմնահարցը: Սեպտեմբերի 27-ի առավոտյան ադրբեջանական բանակը հրթիռահրետանային նախապատրաստությունից ու ԱԹՍ հարվածներից հետո հարձակման է անցել շփման գծի ամբողջ երկարությամբ: Այս պահին ՊԲ ստորաբաժանումները, հակառակորդին մեծաթիվ կորուստներ պատճառելով, հաջողությամբ խափանում են նրա ծրագրերը: Այդ ծրագրերը մեզ հայտնի են վաղուց, դրանց էությունը կարելի է արտահայտել մի բառակապակցությամբ՝ հայաթափել Արցախն ու Հայաստանը:

Վստահ եղեք, այս անգամ ևս հակառակորդը ձախողվելու է: Հաղթանակը հեշտ չի տրվելու: Իր բնույթին հավատարիմ՝ հակառակորդը թիրախավորելու է խաղաղ բնակավայրերն ու քաղաքացիական բնակչությանը, նա տարբերություն չի դնելու զինվորի ու մանկահասակ երեխայի, հոգևորականի ու տարեց կնոջ, հասուն տղամարդու և անօգնական ծերունու միջև. նրա թիրախը բոլորս ենք: Հաղթանակը պահանջելու է ուժերի գերլարում և երկաթակուռ միասնություն: Հիմա մի կողմ պետք է դրվեն բոլոր տարակարծությունները, բոլոր տեսակետները, բոլոր կարծիքները: Մեր նպատակը մեկն է՝ ջախջախել հակառակորդին բոլոր հնարավոր միջոցներով, խորտակիչ հարվածներ հասցնել նրա զինված ավազակախմբերին, ոչնչացնել նրա ռազմական ենթակառուցվածքը, անհրաժեշտության դեպքում նաև ընդարձակել անվտանգության գոտին ու պարտադրել վերջնական խաղաղություն:

Այդ խնդիրը կատարելու համար պետք է մեկտեղվեն բոլորիս ջանքերը:

Մեր հաղթանակն այլընտրանք չունի. մենք պաշտպանում ենք մեր նախնիների շիրիմներն ու մեր երեխաների ապագան: Մենք պաշտպանում ենք մեր նախնիների հողի վրա ապրելու իրավունքը:

Մեզ հետ է ամբողջ հայ ժողովուրդը:

Մեզ հետ է արդարությունը:

Մեզ հետ է Աստված:

Հաղթանակը մե՛րն է լինելու:

***

Ադրբեջանի Պաշտպանության նախարարությունը պաշտոնապես հաստատել է, որ Թարթառի հատվածում խոցվել է իրենց մարտական ուղղաթիռը։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է նաև ռազմական փորձագետ Արծրուն Հովհաննիսյանը։

«Մի ուղղաթի կորուստը ընդունեցին, ուրեմն ավելի շատ են կորուստները»,-գրել է նա։

***

Սեպտեմբերի 27-ին՝ ժամը 07:15-ի սահմաններում, հակառակորդը, օգտագործելով հրետանային միջոցներ ու հարվածային ԱԹՍ-ներ, հարձակման է անցել արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի ողջ երկայնքով՝ թիրախավորելով նաև խորը թիկունքում տեղակայված բնակավայրերը, այդ թվում՝ մայրաքաղաք Ստեփանակերտը:

Ներկա պահին ընթանում են թեժ մարտեր:

Առաջնագծում ծավալվող իրադարձություների հետագա զարգացման մասին պարբերաբար կտեղեկացնենք:

ԱՀ ՊՆ մամուլի ծառայություն

***

Մարտունու շրջանում երկու անձ է զոհվել՝ մեկ կին ու մեկ երեխա, կա երկու վիրավոր:

Ադրբեջանական հրետակոծությունների հետևանքով քաղաքացիական բնակչության շրջանում կան զոհեր ու վիրավորներ:

Մարտունու շրջանում երկու անձ է զոհվել՝ մեկ կին ու մեկ երեխա, կա երկու վիրավոր: Մնացած բնակավայրերի մասով տվյալները ճշտվում են:

Հրետակոծել են նաև դպրոցներ, ներառյալ՝ Ստեփանակերտում:

Քաղաքացիական ենթակառուցվածքների մեծամասշտաբ վնասներ կան բազմաթիվ բնակավայրերում։

Արցախի մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանի ֆեյսբուքյան էջից

***

Հակառակորդը, ռազմական ավիացիայի, անօդաչու թռչող սարքերի, զրահատեխնիկայի ու հրետանու կիրառմամբ, գրոհներ է ձեռնարկում առաջնագծի տարբեր հատվածներում:

ՊԲ առաջապահ ստորաբաժանումները հաջողությամբ հետ են մղում հակառակորդի բոլոր գրոհները: Ճշտված տեղեկություններով ադրբեջանական զինուժը կորցրել է 2 ուղղաթիռ, 14 անօդաչու թռչող սարք, ինչպես նաև ունի զրահատեխնիկայի կորուստներ:

Մարտերը շարունակվում են:

ԱՀ ՊՆ մամուլի ծառայություն

***

Արցախի ուղղությամբ Ադրբեջանի կողմից սանձազերծված գործողությունների արդյունքում ադրբեջանական կողմն ունի մարդկային մոտ 200 կորուստ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ միասնական տեղեկատվական կենտրոնում ասուլիսում այս մասին հայտնեց ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը:

Նա հիշեցրեց, որ մարտական գործողությունները ընթանում են հիմնականում Արցախի Հանրապետության հյուսիսային և հարավային ուղղություններում:

«Մարտերը այս պահի դրությամբ էլ դեռ շարունակվում են: Ճշտված տեղեկություններով՝ հստակ հակառակորդն ունի զգալի կորուստեր, ճշտված տեղեկություններով՝ մոտ 200 մարդկային կորուստ, երեք տասնյակին մոտ զրահատեխնիկայի կորուստ և երկու տասնյակին մոտ ԱԹՍ-ների և այլ սարքավորումների կորուստ»,-հայտնեց Հովհաննիսյանը:

Այս խորագրի վերջին նյութերը