Քաղաքական

03.05.2011 17:48


Ե՛վ Լևոն Տեր–Պետրոսյանը, և՛ Արթուր Բաղդասարյանը ճի՞շտ են վարվել

Ե՛վ Լևոն Տեր–Պետրոսյանը, և՛ Արթուր Բաղդասարյանը ճի՞շտ են վարվել

ՀՀԿ–ական պատգամավոր Ռաֆիկ Պետրոսյանը չի կարծում, թե ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր–Պետրոսյանը պետք է ներողություն խնդրի «Օրինաց երկիր» կուսակցության նախագահ Արթուր Բաղդասարյանից այն բանի համար, որ նրան 2008թ. իշխանությունների հետ երկխոսության գնալու համար «դավաճան» և «ախք» էր անվանում, իսկ հիմա ինքն է պատրաստ նույն այդ իշխանությունների հետ երկխոսել, այն էլ՝ մարտի 1–ի 10 զոհերից հետո։

–Տարբեր բաներ են, որովհետև հիմա Լևոն Տեր–Պետրոսյանը պատճառաբանում է, որ ինքն իշխանության հետ երկխոսության է գնում, որովհետև կա Արդբեջանից պատերազմի վտանգը։ Եվ, իմ կարծիքով, շատ ճի՛շտ էլ անում է,–«7օր»–ին ասել է Ռաֆիկ Պետրոսյանը՝ ավելացնելով,– որովհետև եթե ներսում մի խժդժություն լինի, Ադրբեջանն անպայմանորեն օգտվելու է դրանից։

«7օր»–ի այն դիտարկումից հետո, թե 2008թ. ևս Ադրբեջանի կողմից եկող այդ արտաքին սպառնալիքը կար, բայց Լևոն Տեր–Պետրոսյանն այդպես էլ չընդունեց երկխոսելու Սերժ Սարգսյանի կոչը, Ռ. Պետրոսյանն ասել է.

–2008–ին այսպիսի լարվածություն չկար։ 2008–ին երկրի ներսո՛ւմ իսկապես կար մի լարվածություն, և մարդկանց զոհերը կանխելու համար գնացին կոալիցիայի։ Ե՛վ այսօր Լևոն Տեր–Պետրոսյանն այդ հարցում, և՛ այն ժամանակ Արթուր Բաղդասարյանը, ճիշտ են վարվել, որպեսզի երկրի այդպիսի վտանգներին դիմակայեն։ Որևէ մեկը մյուսից չպետք է խնդրի, իհարկե, դա արժանապատվությունը թույլ չի տա, բայց եթե խնդրեն, իրարից պետք է ներողություն խնդրեն, որովհետև երկուսն էլ, փաստորեն, ճիշտ եզրակացության եկան, մեկը՝ ա՛յն ժամանակ, մեկն էլ այսօ՛ր։ Հետո քաղաքականության մեջ այնքա՜ն բաներ են փոխվում, այնքա՜ն է մարդ վերադառնում այս կամ այն կուսակցություն, մի հարցի վերաբերյալ մի ժամանակ մի այլ, մյուս ժամանակ՝ ուրիշ կարծիք է ունեցել և այլն։ Հիմա որ մենք այդպես գնանք, պետք է իրարից ներողություն խնդրելո՞վ առաջ շարժվենք։ Դա ճիշտ չէ։ Ճիշտն այսօր ճիշտ գնահատական տալն է՝ ճի՞շտ է վարվում Լևոն Տեր–Պետրոսյանը, թե՞ ոչ։ Նա անկեղծորեն ճիշտ է վարվում, որովհետև արտաքին վտանգն ուժեղացել է։ Ամեն րոպե փաստորեն պատերազմը գնում է, ոչ թե՝ պատերազմի վտանգ կա։ Պատերազմ է գնում, ամեն օր զինվոր է զոհվում։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը