Տնտեսական

04.01.2021 18:24


Կթանկանան ուսման վարձն ու առողջապահական ծառայությունները. մանրամասներ Փաշինյանի որոշումից

Կթանկանան ուսման վարձն ու առողջապահական ծառայությունները. մանրամասներ Փաշինյանի որոշումից

Նիկոլ Փաշինյանը 2020 թվականի ավարտին՝ դեկտեմբերի 30-ին, ստորագրել է N 1455-L որոշումը՝ Հարկային քաղաքականության ճեղքի կրճատմանն ուղղված միջոցառումները հաստատելու մասին:

Փաշինյանի այդ որոշումից ակնհայտ է դառնում, որ պետական բյուջեի ճեղքն ինչ-որ ձևով լցնելու համար իշխանությունը կրկին քաղաքացու գրպանն է մտնելու։

Եվ այսպես, նշյալ որոշման հավելվածում տրված ընդհանուր նկարագրության մեջ ասվում է՝ հարկային քաղաքականության ճեղքը հարկային օրենսդրության հետևանքով չհավաքագրվող կամ պակաս հավաքագրվող հարկային եկամուտների ամբողջությունն է: Ուստի իշխանությունը որոշել է որոշակի փոփոխությունների գնալով՝ կրճատել այդ ճեղքը:

Որոշման հավելվածում նախ նշված է, թե կրճատելու են հարկային արտոնությունների կիրառման շրջանակը՝ կրճատելով հատկապես այն արտոնությունները, որոնց արդյունավետությունը, ըստ նախագծի հեղինակների, չի հիմնավորվում «ծախսեր-օգուտներ» վերլուծությամբ:

Հարկային քաղաքականության ճեղքի 1-ին պատճառը, ըստ որոշման հավելվածի, ՀՀ-ում ավելացված արժեքի հարկից (ԱԱՀ) ազատված գործարքների «չափազանց լայն շրջանակն է»: Ըստ այդմ, նախատեսվում է կրճատել ԱԱՀ-ից ազատման արտոնություններ շրջանակը: Սա ենթադրում է, որ Հարկային օրենսգրքի 64-րդ հոդվածում սահմանված՝ ԱԱՀ-ից ազատված գործարքներն ու ծառայությունները կպակասեն:

Որոշման հավելվածում մասնավորապես նշված են առողջապահական ու կրթական ծառայությունների ԱԱՀ-ով հարկելու անհրաժեշտությունը: Հետևաբար՝ առաջիկայում կտրուկ կթանկանան ուսման վարձն ու առողջապահական ծառայությունները: Որպես հիմնավորում՝ նշված է, թե այդ ծառայությունների ԱԱՀ-ով հարկումը հնարավորություն կտա ընդլայնել պետական պատվերով կամ, այլ կերպ ասած՝ անվճար բուժօգնություն ստացողների և սովորողների թիվը:

Այս որոշմամբ նաև առաջարկվում է շրջանառության հարկի համակարգում հարկման ընդհանուր համակարգի համեմատությամբ սահմանել ավելի բարձր բեռ:

Հարկային քաղաքականության ճեղքի 2-րդ պատճառը ֆիզիկական անձանց եկամուտների համատարած հայտարարագրման համակարգի բացակայությունն է: Այս համակարգի ներդրման համար, որպես հիմնավորում, ներկայացված են հակակոռուպցիոն ռիսկերի կառավարման և եկամտային հարկի համակարգին որոշակի պրոգրեսիվություն հաղորդելու հարցերը:

Որպես հարկային քաղաքականության ճեղքի ձևավորման պատճառ՝ ներկայացված է նաև գործարքների լիարժեք փաստաթղթավորման բացակայությունը: Այս բացը որոշման հավելվածում պատճառաբանված է օբյեկտիվ և սուբյեկտիվ կողմի առկայությամբ:

Հետաքրքրական է, որ որպես օրինակ՝ բերված է գյուղատնտեսության ոլորտը, ու նշված է, թե գյուղատնտեսական արտադրանք արտադրողների հիմնական մասը ԱԱՀ վճարող չի հանդիսանում: Եվ այս բացը լրացնելու համար առաջարկվում է «գյուղատնտեսական արտադրանքի մասով ԱԱՀ-ի գծով հաշվանցումներ կատարելու նոր հնարավորության ստեղծում»:

Նշված միջոցառումները իրականացնելու համար Հարկային օրենսգրքում անհրաժեշտ փոփոխություններ կատարելու, Շրջանառության հարկի դրույքաչափերի բարձրացում նախատեսող օրենքի նախագիծ մշակելու, եկամուտների հայտարարագրման համակարգի ներդրում նախատեսող օրենքի նախագիծ մշակելու և դրանց կառավարությանը ներկայացնելու համար պատասխանատուներին՝ ի դեմս ՀՀ Ֆինանսների, Էկոնոմիկայի նախարարության, Պետական եկամուտների կոմիտեի, ժամանակ է տրված մինչև 2021 թվականի մայիսի երրորդ տասնօրյակը:

Աղբյուրը՝ 168.am

Այս խորագրի վերջին նյութերը