Տնտեսական

07.02.2021 09:30


Աբսուրդը հասել է նրան, որ այս իշխանությունը տնտեսական զարգացումը կապում է Ադրբեջանի հետ առևտրային հարաբերությունների զարգացմամբ. Արթուր Խաչատրյան

Աբսուրդը հասել է նրան, որ այս իշխանությունը տնտեսական զարգացումը կապում է Ադրբեջանի հետ առևտրային հարաբերությունների զարգացմամբ. Արթուր Խաչատրյան

Ինչի՞ց այս Կառավարությունը ենթադրեց, որ մինչև այս տարվա վերջ ինքը շարունակելու է գոյատևել և շարունակելու է իր ազգակործան ուղին: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց գյուղատնտեսության նախկին նախարար, ՀՅԴ ԳՄ անդամ Արթուր Խաչատրյանը, անդրադառնալով դիտարկմանը, որ երեկ ֆինանսների նախարարն ասել է, որ մինչև տարեվերջ կառավարության պարտքը կմոտենա 8.5 մլրդի, իսկ պետական պարտքը, որն այս դեպքում մոտավորապես 400-500 մլն-ի միջակայքում է, Կենտրոնական բանկի պարտքը կմոտեցնի 8.9 մլրդ դոլարի:

Նրա խոսքով՝ այս Կառավարությունը՝ Նիկոլ Փաշինյանի ղեկավարությամբ, կորցրեց այդքան տարածքներ, տվեց հազարավոր զոհեր: «Ակնհայտ է, որ զոհերի թիվն ավելի քան 5000 է, այլապես իրենք գաղտնի չէին պահի այդ թիվը, չէին համարի պետական գաղտնիք, ինչը դարձյալ աբսուրդի թատրոնից է: Ես հույս ունեմ, որ այս Կառավարությունը շատ ավելի շուտ դուրս կնետվի, իսկ պատասխանատուները կհայտնվեն ճաղերի հետևում: Նրանք, ովքեր պատասխանատու են ձախողումների համար, պետք է պատասխան տան»,-ասաց նախկին նախարարը:

Նրա խոսքով՝ ակնհայտ է, որ ՀՀ իշխանությունները ձախողել են տնտեսական քաղաքականությունը, կանգնած են տնտեսական և պարզ՝ աշխատավարձ տալու խնդրի առջև և դրա համար ստիպված են պարտք վերցնել:

«Հիշեցնեմ, որ հունվարի 27-ի պարտքի մասին չէին էլ ուզում խոսել, իհարկե դա գաղտնի պահել չէր լինում, բայց չէին շեփորահարում, ինչպես դա արեցին 2019 թվականի սեպտեմբերին: Պարտքը, որն իրենք ներգրավել են ավելի բարձր տոկոսադրույքով է, քան նախորդ ինստրումենտները, և եթե համեմատենք այս եվրոբոնդերի թողարկումը պարտքային այլ գործիքների, օրինակ՝ միջազգային այլ կազմակերպությունների պարտքերի հետ, ապա կտեսնենք, որ չափազանց թանկ են: Այսինքն՝ մի քիչ ավելի թանկ են, քան 2019 թվականին, բայց ավելի թանկ են, քան այն միջազգային վարկերը, որոնք ՀՀ նախորդ կառավարությունները ներգրավվում էին»,-ասաց Արթուր Խաչատրյանը:

Նրա խոսքով՝ այն պարտքերը, որը ներգրավում էր նախորդ իշխանությունը, դրանք նպատակային պարտքեր էին, որոնք գնում էին հիմնական միջոցների ստեղծմանը, իսկ այս պարտքը, որ ներգրավում է, ընթացիկ ծախսերին է ուղղված:

«750 մլն դոլարի պարտքը ներգրավել է 144A տիպի պարտատոմսերով, որոնք հասանելի են միայն ինստիտուցիոնալ ներդրողներին և որոնց նկատմամբ ԱՄՆ արժեթղթերի և բորսաների հանձնաժողովի վերահսկողությունն ավելի թույլ է: Այս տիպի պարտատոմսերի քննադատները նշում են դրանց թափանցիկության պակասը և մտահոգ են, որ նման թղթերն ազատորեն շրջանառվում են Միացյալ Նահանգներում»,-ասաց Արթուր Խաչատրյանը:

Նրա խոսքով՝ նախկին կառավարությունները, ներառյալ նրանք, որին մաս է կազմել ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը՝ նախարարի կամ գլխավոր գանձապետի կարգավիճակով, շեմ էին սահմանում 60 տոկոսը, իսկ այժմ այդ շեմը բարձրացրել են մինչև ՀՆԱ-ի 70 տոկոսը:

«Շատ հետաքրքիր է, թե ինչը դրդեց պարոն Ջանջուղազյանին 10 տոկոսով արտաքին պարտքի շեմը բարձրացնել և դա ներկայացնել որպես նորմալ երևույթ: Բյուջեի օրենքով խոսում են 500 միլիոն դոլար բարձրացնելու մասին, բայց 750 մլն դոլար արդեն բարձրացրել են, մեր արտաքին պարտքը հասցնելով մոտ 8 մլրդ դոլարի, իսկ մինչև տարեվերջ ուզում են հասցնել 9 մլրդ դոլարի: Այսինքն՝ վարկը վերցնում են, որպեսզի կարողանան պահել իրենց Կառավարությունը, կարողանա թոշակ և աշխատավարձ տալ»,-ասաց Արթուր Խաչատրյանը:

Դիտարկմանը, թե ինչպես պիտի սպասարկեն կուտակվող արտաքին պարտքը, նախկին պաշտոնյան նկատեց, թե այդ ի՞նչ ստեղծեցին գրեթե 3 տարվա ընթացքում, որ մի բան էլ վերադարձնեն:

«Փաշինյանը գնաց և կտրեց Մերձավանի գործարանի ժապավենը, որը պետք է արտադրեր կենցաղային տեխնիկա, չկա այդ գործարանը, Փաշինյանը գնաց և կտրեց Վանաձորում գործարանի ժապավենը, որտեղ պետք է գազաբալոնային սարքավորումներ արտադրեր, չկա այդ գործարանը: Ի՞նչ են ստեղծել, որ կարողանան այդ պարտքը վերադարձնեն, որևէ բան չեն արել, ունենք կատարյալ ձախողված տնտեսական քաղաքականություն: Աբսուրդը հասել է այն աստիճանի, որ տնտեսական զարգացումը կապում են Ադրբեջանի հետ առևտրային հարաբերությունների զարգացմամբ»,-ասաց Արթուր Խաչատրյանը:

Նշենք, որ 2018 թվականի դեկտեմբերի 5-ին ՀՀ վարչապետի պաշտոնակատարի մամուլի ծառայությունից հայտնել էին, որ Նիկոլ Փաշինյանն այցելել էր Արմավիրի մարզի Մերձավան համայնք, և ներկա գտնվել «Այ Էմ Ջի գրուփ» ՓԲԸ-ի՝ կենցաղային տեխնիկայի արտադրության գործարանի բացմանը, բայց այդպիսի գործարան առ այսօր չի գործում։

Արթուր Խաչատրյանի խոսքով՝ այս իշխանությունը փորձեց 2019 թվականը ցույց տալ տնտեսական աճի տարի, բայց աճը վերագրեցին առևտրին և ծառայություններին:

«ՀԴՄ-ներով փորձեցին տնտեսական աճ ցույց տալ: Տնտեսական հեղափոխություն էին խոստանում, սակայն չկա որևէ հեղափոխություն: Իրենք ասում են՝ բա այն ժամանակ էլ էր նույնը, նշանակում է, որ ընդունում են, որ որևէ հաջողության չեն հասել, որովհետև իրենք եկան փոփոխություն անելու խոստումով, հիմա ասում են վիճակը վատ է, բայց այն ժամանակ էլ էր այդպես, եթե այն ժամանակ և հիմա նույնն է, նշանակում է իրենք ձախողել են: Իրենք հաջողել են մի բանում հայրենիքը կորցնել և զոհեր տալ տալու մեջ, նաև հանրությանն իրար հետ թշնամացնելու մեջ»,-ասաց Խաչատրյանը:

Դիտարկմանը, ինչ կարող է տեղի ունենալ, երբ պարտքը շարունակում է աճել, իսկ մարում տեղի չի ունենում, Խաչատրյանը պատասխանեց, լինում է այն, ինչ սովորական մարդու հետ:

«Եթե չես կարողանում սպասարկել քո պարտքը, դու ընկնում ես պարտատերերի ձեռքը, և սկսում են քո գույքը վաճառել: Ես չգիտեմ, մենք 9 մլրդի ինչ գույք ունենք: Դրա փոխարեն կլինեն քաղաքական պահանջներ: Գույքը կվաճառվի, իսկ ինչն էլ չի բավարարի պարտքը տալու համար կվճարվի քաղաքական ինքնիշխանության կորստով: Դառնում ես բանանային պետություն և պարտատերերի գործիք: Իսկ եթե քո պարտքի մեծ մասը հայտնվի թշնամական երկրի ձեռքում՝ Ադրբեջան, Թուրքիա, Պակիստան, հնարավոր է, որ լինի քաղաքական ճնշում, չեմ բացառում: Դրան էլ, որ գումարենք Ադրբեջանի 50 մլրդ-ի խնդիրը, երբ իրենց քաղաքացիներն ասում են, որ Հայաստանն իրենց այդքան վնաս է հասցրել, ապա մենք կանգնած ենք ինքնիշխանության կորստի առջև: Քարտեզի վրա գուցե Հայաստան բառը դեռ մնա, բայց անկախ պետություն այլևս չենք լինի»,-ասաց Արթուր Խաչատրյանը:

Այս խորագրի վերջին նյութերը