Տնտեսական

22.03.2021 11:43


Ո՞ւմ էր ձեռնտու դրամի արժեզրկումը․ «168 ժամ»

Ո՞ւմ էր ձեռնտու դրամի արժեզրկումը․ «168 ժամ»

Տարիներ շարունակ դրամի կայունությունը եղել է Հայաստանում սոցիալական միջավայրի վրա ազդող հիմնական գործոններից մեկը։ Սպառողների եկամուտների դանդաղ աճի պայմաններում ազգային արժույթի կայունությունը հնարավորություն է տվել զսպել ներմուծվող ապրանքների գների բարձրացումը՝ թուլացնելով սոցիալական լարվածությունը։

Սակայն հետպատերազմյան շրջանում այդ պատկերը կտրուկ փոխվեց. ազգային արժույթն ուղղակի փլվեց։ Իշխանություններն այդպես էլ ոչինչ չկարողացան անել դրամի արժեզրկումը կանխելու կամ վերականգնելու համար։

Այսօր էլ ազգային արժույթը շարունակում է արժեզրկված մնալ՝ իր հետ քաշելով բազմաթիվ ապրանքների գներ։ Դրամի արժեզրկման հետևանքով սպառողական ապրանքների շուկայում գնաճը հասել է վերջին տարիների համար աննախադեպ չափերի՝ հանգեցնելով սոցիալական իրավիճակի սրացման և աղքատության մակարդակի բարձրացման։

Բայց դա էլ պատճառ չէր իշխանությունների համար, որպեսզի թույլ չտան դրամի արժեզրկում։ Այդպես էլ չգտնվեց որևէ արդյունավետ միջոց՝ ազգային արժույթն արժեզրկումից պաշտպանելու կամ նախկին դիրքերը վերականգնելու համար։ Չնայած այդ նպատակով քիչ միջոցներ չեն ծախսվել։

Արժութային շուկան կայունացնելու նպատակով անցած տարի Կենտրոնական բանկը վաճառել է ընդհանուր առմամբ շուրջ 238 մլն դոլար։ Եվս շուրջ 47 մլն դոլար վաճառվել է այս տարվա հունվարին։ Այդ գումարները գնացել են շուկա՝ պահանջարկը հագեցնելու համար։ Բայց անգամ դա չի փրկել դրամն արժեզրկումից։

Իհարկե, Կենտրոնական բանկը նաև տարադրամ է գնել։ Սակայն անհամեմատ քիչ, քան վաճառել է։

Չնայած ծախսված միլիոնավոր դոլարներին, անցած տարի ազգային արժույթը լրջորեն արժեզրկվեց՝ ինչպես դոլարի, այնպես էլ՝ եվրոյի նկատմամբ։

Արժեզրկման առաջին փուլը տեղի ունեցավ մարտ-ապրիլ ամիսներին։ Համավարակի հետևանքով հասարակության շրջանում ձևավորված բացասական սպասումներն ու անհանգստությունները ցնցեցին շուկան՝ հանգեցնելով դրամի արժեզրկման։ Այդ ամիսներին Կենտրոնական բանկը ստիպված եղավ վաճառել 127 մլն դոլար։ Դա հնարավորություն տվեց կայունացնել շուկան։ Ավելին, փոխարժեքները որոշ ժամանակ անց վերադարձան նախկին դիրքին՝ զսպելով սպառողական ապրանքների գնաճը։

Բայց դրանով ազգային արժույթի վայրիվերումները չավարտվեցին։ Արժեզրկումը կտրուկ արտահայտվեց հատկապես տարվա վերջին։ Այն բանից հետո, երբ Նիկոլ Փաշինյանը հանկարծակիի բերելով հասարակությանը՝ ստորագրեց ղարաբաղյան պատերազմում պարտության խայտառակ փաստաթուղթը։

Պատերազմի ժամանակ հիմնականում մնալով կայուն, հետպատերազմյան շրջանում դրամը հայտնվեց ցնցումների մեջ։ Պատճառները հայտնի են՝ անվստահությունը ոչ միայն ֆինանսական շուկայի ու ազգային արժույթի, այլև երկրի ապագայի նկատմամբ։ Դա բերեց նրան, որ մարդիկ շտապեցին բանկերից հանել իրենց խնայողությունները և վերածել տարադրամի՝ մեծացնելով ճնշումը դրամի արժեզրկման վրա։

Ազգային արժույթի թուլացման արդյունքում կարճ ժամանակահատվածում ամերիկյան դոլարի գինը ոչ միայն հատեց 500 դրամի սահմանը, այլև մոտեցավ ընդհուպ 530 նիշին։

Նոյեմբեր-դեկտեմբերին Կենտրոնական բանկը վաճառեց շուրջ 111 մլն դոլար. 60 միլիոնը վաճառվեց նոյեմբերին, ևս շուրջ 51 միլիոնը՝ դեկտեմբերին։ Բայց դա չփրկեց դրամն արժեզրկումից։ Կենտրոնական բանկն ակնհայտ ուշացավ իր քայլերի մեջ։ Արդյունքում՝ ունեցանք այն, որ չնայած ծախսված միջոցներին՝ դրամի կայունությունը լրջորեն խաթարվեց։

Անցած տարվա վերջին ամիսներին արձանագրված դրսևորումների հետևանքով ազգային արժույթը թուլացավ ավելի քան 9 տոկոսով։ Դա կտրուկ քայլ էր դրամի վերջին տարիների պատմության մեջ։ Երկար ժամանակ ազգային արժույթն այսպիսի թռիչք չէր արձանագրել։ Այսօր էլ այն շարունակում է արժեզրկված մնալ։ Չնայած իրականացված մեծածավալ ներարկումներին՝ չհաջողվեց վերականգնել ազգային արժույթի դիրքերը։ Արդյունքում՝ նախկին 480-ից՝ դոլարի գինը վերջին ամիսներին տատանվում է 525-530 դրամի միջակայքում։

Թանկացել է նաև եվրո. եվրոյի գինը հատել է 625-630 դրամի սահմանը։

Կենտրոնական բանկը կարծես այլևս համակերպվել է դրամի արժեզրկման փաստի հետ և հակված չէ քայլեր ձեռնարկել տարադրամի նախկին փոխարժեքներին վերադառնալու համար՝ չնայած դրա հետևանքով սպառողական ապրանքների շուկայում կտրուկ ակտիվացել է գնաճը՝ մեծացնելով սոցիալական լարվածությունը։ Նորություն չէ, որ մեր շուկայում ապրանքների գների կախվածությունը տարադրամի փոխարժեքից բավական ուժեղ է։ Մեծ քանակությամբ ապրանքներ Հայաստանը ներմուծում է դրսից։ Ուստի տարադրամի թանկացումը բերում է դրանց գների բարձրացման։

Ավելացել է նաև դրսից թելադրված գնաճը՝ ներքին շուկայում հանգեցնելով գնաճային ճնշման ակտիվացման։

Շատ ապրանքներ, հատկապես՝ առաջին անհրաժեշտության, կտրուկ թանկացել են։ Երբեմն՝ մինչև 30-40 տոկոսով։ Դրա մի մասը՝ ազգային արժույթի արժեզրկման, մյուս մասը՝ ձեռքբերման գների բարձրացման հետևանք է։ Թեև սպառողի համար ոչ մի նշանակություն չունի, թե ինչի հետ է կապված գների բարձրացումը։ Մարդիկ ամեն քայլափոխի բախվում են թանկացումների հետ, փոխարենը՝ իրենց եկամուտները չեն ավելանում։

Սրվում է սոցիալական իրավիճակը։ Ճիշտ է, գնաճը մնացել է սահմանված թիրախային ցուցանիշի տիրույթում, բայց դա մեր պարագայում ոչ մի նշանակություն չունի։ Թանկանում են հիմնականում առաջին անհրաժեշտության ապրանքները և հատկապես՝ սննդամթերքը։ Մյուս կողմից՝ թանկացումները ոչ մի կերպ չեն փոխհատուցվում սպառողների եկամուտների ավելացմամբ։

Սպառողների եկամուտներն ավելացնելը կառավարության խնդիրն է։ Բայց կառավարությունը ձեռքերը լվացել է։ Այն ի վիճակի չէ անգամ ստանձնած ֆինանսական պարտավորությունները կատարել։ Ուստի մի գլուխ պարտք է վերցնում, որպեսզի գոնե եղած թոշակներն ու աշխատավարձերը կարողանա ժամանակին վճարել։

Մարդկանց եկամուտներն ավելացնելու մասին խոսք անգամ չկա։ Նման ակնկալիքներ այս պահին անիմաստ է փայփայել, որքան էլ թանկացումները շարունակում են թակել սպառողների դռները։ Կառավարությունը հիմա սպառողների մասին մտածելու ո՛չ ժամանակ, և ո՛չ էլ տրամադրություն ունի։ Առաջ էր, որ Նիկոլ Փաշինյանը գլուխ էր ջարդում, որ նախկին իշխանությունները սպառողներին անտեր են թողնում՝ գնաճին դեմ հանդիման։

Այս խորագրի վերջին նյութերը