Քաղաքական

30.03.2021 10:04


Քարոզարշավը դեռ չսկսած՝ Փաշինյանն արդեն պաշտոնեական դիրքի չարաշահում է թույլ տվել․ «Ժողովուրդ»

Քարոզարշավը դեռ չսկսած՝ Փաշինյանն արդեն պաշտոնեական դիրքի չարաշահում է թույլ տվել․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Չնայած արտահերթ խորհրդարանական ընտրությունների քարոզարշավը դեռ չի մեկնարկել, սակայն իշխանությունը լայն թափով սկսել է այն: Կիրակի օրը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր թիմի հետ միասին Արմավիրի մարզում էր: Սակայն ուշագրավ է, որ այցի ժամանակ Փաշինյանն ու իր թիմը ոչ միայն վարչական ռեսուրս են կիրառել, այլ նաեւ նպաստում են կորոնավիրուսի թվի աճին:

Զավեշտալի է, որ Արմավիրի մարզի յոթ գյուղերում լինելուց, մարդկանց ձեռքով բարեւելուց, գրկելուց հետո Փաշինյանն անցկացրել է Հանրապետությունում կորոնավիրուսի տարածումը կանխարգելող աշխատանքները համակարգող հանձնաժողովի նիստ:

Վերջինս հանձնարարել է ակտիվացնել տեսչական ստուգումները հատկապես փակ տարածքներում եւ հանրային տրանսպորտում, շարունակել հանրային լայն իրազեկումը դիմակի կրման մշակույթը տարածելու ուղղությամբ եւ կենտրոնանալ պատվաստանյութերի նոր խմբաքանակների ձեռքբերման աշխատանքների վրա: Մեկ այլ ուշագրավ հանգամանք եւս. նախընտրական քարոզչությունը դեռ չմեկնարկած՝ վարչապետն արդեն խախտել է այն:

Մասնավորապես, տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանի հետ միասին քաղաքացիներին հայտնելը, որ որոշում է կայացվել ասֆալտը պետության հաշվին վերանորոգել, վարչական ռեսուրսի կիրառման օրինակ է:

Այս դրվագում պաշտոնեական դիրքն օգտագործվեց մրցակիցներից վեր լինելու համար, եւ պարզ է, որ ընդդիմադիրները չէին կարող նման բան առաջարկել, քանի որ չունեն կառավարող լծակներ»:

Այս խորագրի վերջին նյութերը