Քաղաքական

30.03.2021 15:59


ՀՀ իշխանությունները շարժվում են ոչ թե հայկական, այլ թուրքական օրակարգով ու նախապայմաններով, ինչը հղի է բազմաթիվ վտանգներով․ թուրքագետ

ՀՀ իշխանությունները շարժվում են ոչ թե հայկական, այլ թուրքական օրակարգով ու նախապայմաններով, ինչը հղի է բազմաթիվ վտանգներով․ թուրքագետ

Մենք փաստացի ունենք մի իրադրություն, երբ Հայաստանի իշխանությունները շարժվում են ոչ թե հայկական, այլ թուրքական օրակարգով՝ դրանից բխող բոլոր սպառնալիքներով։ Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց թուրքագետ Վարուժան Գեղամյանը՝ անդրադառնալով Հայաստանի իշխանությունների կողմից Թուրքիայի հետ հարաբերություններ կառուցելու մոտեցմանը:

«Հայաստանի Հանրապետության դե ֆակտո իշխանությունների կողմից նախաձեռնվել է և, ըստ էության, հետնաբեմում տարվում է Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման աշխատանք։ Բայց այդ կարգավորումը ոչ թե ընթանում է հայկական դիրքերից, այլ ընթանում է, ըստ էության, պրոթուրքական ծրագրով, որին մշտապես ձգտել է Թուրքիայի Հանրապետությունը Հայաստանի անկախության առաջին օրվանից»,-ասաց նա։

Նա պարզաբանեց, որ այդ ծրագիրն է՝ Հայաստանի հետ հարաբերությունները կարգավորել թուրքական նախապայմաններո, մասնավորապես՝ Ցեղասպանության ճանաչումից փաստացի հրաժարում, Արցախից լիարժեք հրաժարում, որը տեսնում ենք ներկայիս իշխանության կողմից, և երրորդը՝ Սյունիքով միջանցքների բացում, որը դարձյալ շատ վաղեմի թուրքական ծրագիր է։

«Ըստ էության իշխանությունները տանում են այնպիսի քաղաքականություն, որը համապատասխանում է թուրքական նախապայմաններին, սա հղի է բազմաթիվ վտանգներով»,-ասաց նա և նշեց, որ դրանով ոչ միայն կասկածի տակ է դրվում հայկական պետականության գոյության իմաստը այս տարածքում, այլ նաև, եթե կասկածի տակ է դրվում վերջին հարյուր տարվա պայքարը, ապա զրկվում ենք ՀՀ-ի՝ Սփյուռքի հետ լիարժեք համագործակցության հնարավորությունից, քանի որ այսպիսի նախապայմաններով հարաբերությունների հաստատումը նշանակում է՝ սեպ է խրվում Հայաստանի և Սփյուռքի միջև, որը Հայաստանի գոյության կարևոր հենասյուներից մեկն է։

Վարուժան Գեղամյանը նկատեց նաև, որ տնտեսական անվտանգության հայեցակարգի լիարժեք բացակայություն կա։ «Մենք խնդիր ենք ունենալու ազգային տնտեսություն պահելու, տնտեսությունը ևս դրվում է մեծ հարվածի տակ և դժվար է պատկերացնել, որ թուրքական տնտեսական ագրեսիայի պարագայում ՀՀ-ի նկատմամբ լինելու են մեղմացուցիչ հանգամանքներ»,-ասաց նա։

Նա նշեց, որ Հայաստանի Հանրապետութան բոլոր իշխանությունները մշտապես խոսել են Թուրքիայի հետ հարաբերությունների հաստատման մասին, որ պետք է լինի հաղորդակցություն, բայց երբեք չի եղել իրավիճակ, որ Հայաստանը շարժվի թուրքական նախապայմաններով:

Ըստ նրա՝ Սյունիքում կոմունիկացիաների բացումը կարող է կրկնել սիրիական կամ իրաքյան սցենարը, երբ Թուրքիան ստրատեգիական կոմունիկացիաների գործունեությունը և անվտանգությունը ապահովելու պատրվակով շուրջ տասը տարի առաջ ներխուժեց Սիրիայի հյուսիս և բռնազավթեց Սիրիայի միջազգային ճանաչված տարածքը։ «Վտանգները շատ-շատ են և ոչ հեռու ապագայի խնդիր են, բայց այսպիսի ընթացքի դեպքում դրանք մոտ ապագայում, ցավոք սրտի, կարող են իրականություն դառնալ։ Հայաստանում պետք է իշխանության լինեն ազգային ուժեր։ Տվյալ իշխանությունը, քաղաքական թիմը պետք է հեռանա, քանի որ այն ունակ չէ սպասարկել Հայաստանի և հայության շահերը, այսինքն միակ լուծումը հրաժարականն է և ազգային կառավարության ձևավորումը»,-ասաց նա և հավելեց, որ այս իշխանությունը պատրաստ է այս պահին իրականացնել ցանկացած քայլ, որը առաջադրված է Թուրքիայի և Ադրբեջանի կողմից։

Այս խորագրի վերջին նյութերը