Քաղաքական

02.04.2021 16:37


Կրեմլը հերքել է Արցախյան պատերազմի ընթացքում «Իսկանդեր» համակարգերի օգտագործումը

Կրեմլը հերքել է Արցախյան պատերազմի ընթացքում «Իսկանդեր» համակարգերի օգտագործումը

«Իսկանդեր» հրթիռային համակարգերը չեն օգտագործվել Լեռնային Ղարաբաղի հակամարտության ընթացքում, Կրեմլում տեղեկություններ չկան այն մասին, թե որտեղից կարող էր հայտնվել այս համալիրի հրթիռը, որի բեկորները, իբր, Շուշիի տարածքում հայտնաբերել են ադրբեջանցի զինծառայողները: Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը, գրում է «Ինտերֆաքս» գործակալությունը:

«Որքանով ես հասկանում եմ, սա նոր տեղեկատվություն է: Ես չգիտեմ` արդյոք զինված ուժերի միջոցով զեկուցե՞լ են (այս մասին տեղեկատվություն նախագահ Վլադիմիր Պուտինին), արդյոք մեր զինվորականներն այդ մասին մանրամասն տեղեկություններ ունե՞ն»,-ասել է նա լրագրողներին:

Այսպես Պեսկովը լրագրողների խնդրանքով մեկնաբանել է Ադրբեջանի ականազերծման գործակալության` 2021 թվականի մարտի 15-ին Շուշի քաղաքում ականների մաքրման ժամանակ «Իսկանդեր»-ի երկու հրթիռի բեկորների հայտնաբերման մասին հայտարարությունը:

Միևնույն ժամանակ, լրագրողը Պեսկովի ուշադրությունը հրավիրել է նրան, որ Բաքուն, իբր, հայտարարել է, որ, դատելով գծանշումներից, այդ հրթիռները արտահանվող տարբերակ չեն, այլ նախատեսված էին ռուսական զինուժի օգտագործման համար:

Պատասխանելով այն հարցին, թե արդյոք «Իսկանդեր»-ն օգտագործվել է Ղարաբաղյան հակամարտության ընթացքում, Պեսկովն ասել է. «Հիշում եք «Իսկանդեր»-ի մասին պատմությունը, որ դրանք չեն օգտագործվել հակամարտության ընթացքում, և դա հաստատվել է»,-ասել է Պեսկովը:

Նախագահի մամուլի քարտուղարին հարցրել են նաև, թե արդյոք Կրեմլը պատկերացում ունի այն մասին, թե որտեղից կարող էին հայտնվել «Իսկանդեր»-ի հրթիռները, որի բեկորների հայտնաբերման մասին հայտարարվել է Բաքվում:

«Ոչ, մենք տեղեկություն չունենք»,-ասել է Պեսկովը:

Բաքվում՝ «Ազերլենդշաֆտ» ԲԲԸ-ի տարածքում, Ադրբեջանի Ականազերծման գործողությունների գործակալության (ANAMA) ներկայացուցիչները ցուցադրել են «Իսկանդեր» հրթիռների բեկորները, որոնք, ըստ ադրբեջանական կողմի պնդման, Հայաստանն Արցախյան պատերազմում օգտագործել է Ադրբեջանի դեմ:

Աղբյուրը՝ tert.am

Այս խորագրի վերջին նյութերը