Քաղաքական

05.04.2021 18:53


Հայկ Սարգսյանի հերթական արկածները

Հայկ Սարգսյանի հերթական արկածները

Tert.am-ի տեղեկություններով՝ իմքայլական պատգամավոր Հայկ Սարգսյանը և քրեական անցյալով հայտնի Ռուստամ Ստեփանյանը, նույն ինքը՝ «Չաղ Ռուստամը», երեկ Ծաղկաձորում միջադեպ են հրահրել: Ըստ ականատեսի՝ Ծաղկաձորի «Ռոյալ» խաղատան մոտ կրակոցներ են հնչել, որոնք արձակել են Հայկ Սարգսյանն ու նրա ընկերը:

Հարցին, թե ինչի՞ն է հաջորդել կրակոցը, ականատեսը հայտնեց, որ որևէ արտառոց միջադեպ կամ իրադարձություն կրակոցներից առաջ իր ուշադրությունը չի գրավել. «Տպավորություն էր, որ կրակեցին ու վերջ, պատասխան կրակոց էլ չի հնչել, չեմ լսել»:

Թե ո՞ւմ ուղղությամբ են կրակոցներ արձակել, ում է պատկանել վնասված մեքենան, ականատեսն ասաց, որ իրեն հայտնի չէ, չի ճանաչել:

Tert.am-ը պարզաբանում խնդրեց նաև պատգամավոր Հայկ Սարգսյանից, որ տեղեկություն կա, որ կրակոցներ են արձակել ինքն ու իր ընկեր Ռուստամ Ստեփանյանը։ Հայկ Սարգսյանը Ռուստամ Ստեփանյանին չանդրադարձավ, սակայն ասաց, որ ամեն ինչ կապում են իր անվան հետ. «Ես Ծաղկաձորում մի քանի ամիս առաջ եմ եղել, երեկ էլ ամբողջ օրը տնից դուրս չեմ եկել»:

Նշենք, որ Ռուստամ Ստեփանյանը Շիրակի մարզի Ձիթհանքով գյուղից է և մարտի 1-ին՝ Նիկոլ Փաշինյանի հրավիրած հանրահավաքի ժամանակ հենց իր կազմակերպմամբ էին Ձիթհանքովի բնակիչները պաստառ պահել Նիկոլ Փաշինյանի թիկունքում:

Ռուստամ Ստեփանյանը 33 տարեկան է, 2016-ին ՌԴ իրավապահ մարմինների կողմից գտնվել է միջազգային հետախուզման մեջ: Նրան մեղադրանք է առաջադրված եղել անձի առևանգման և սպանության հատկանիշներով: Թե ինչ ընթացք է ստացել ՌԴ-ում քրեական գործը, այս պահին որևէ կարգավիճակ ունի, թե ոչ Ռուստամ Ստեփանյանը, հայտնի չէ:

Այս խորագրի վերջին նյութերը