Քաղաքական

08.04.2021 16:50


Ինչու է Ռոբերտ Քոչարյանը դատի տվել Նիկոլ Փաշինյանին և Հայաստանի Հանրապետությանը․ պարզաբանում է Հայկ Ալումյանը

Ինչու է Ռոբերտ Քոչարյանը դատի տվել Նիկոլ Փաշինյանին և Հայաստանի Հանրապետությանը․ պարզաբանում է Հայկ Ալումյանը

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը կրկին դատական հայց է ներկայացրել Նիկոլ Փաշինյանի նկատմամբ: Սակայն, ի տարբերություն նախորդ երկու հայցերին, այս անգամ Ռոբերտ Քոչարյանը հայց է ներկայացրել Նիկոլ Փաշինյանի և Հայաստանի Հանրապետության դեմ:

Հայցը դատարան մուտքագրվել է երեկ` ապրիլի 7-ին, և մակագրվել է դատավոր Արթուր Մկրտչյանին: Ներկայացրած հայցով ՀՀ երկրորդ նախագահը պահանջում է հաստատել իր արդար դատաքննության իրավունքի խախտումը, հատուցել խախտման արդյունքում պատճառված ոչ նյութական վնասը, պահանջում է Փաշինյանին պարտավորեցնել հրապարակայնորեն հերքել Քոչարյանի վերաբերյալ հնչեցված արտահայտությունները և հատուցել զրպարտությամբ հայցվորին պատճառված ոչ նյութական վնասը:

168.am-ի հետ զրույցում Ռոբերտ Քոչարյանի ներկայացուցիչ Հայկ Ալումյանը նշեց, որ հայցի հիմք են հանդիսացել 2021թ. մարտի 1-ին Հանրապետության հրապարակում Նիկոլ Փաշինյանի հնչեցրած հայտարարությունները:

«Պատճառը այն է եղել, որ այս թվականի մարտի 1-ին հերթական անզուսպ, չհավասարակշռված և զրպարտչական հայտարարություններն է արել հրապարակայնորեն Հանրապետության հրապարակում մեծ բազմության առաջ, և այդ հայտարարությունները բավականին մեծ տարածում են ստացել: Բացի այն, որ զրպարտչական են, նաև իրենք իրենցով պարոն Քոչարյանի անմեղության կանխավարկածն են խախտում: Իսկ ինչո՞ւ նաև ՀՀ-ի դեմ, որովհետև այդ ելույթը տեղադրվել է նաև պաշտոնական էջերում»,-168.am-ի հետ զրույցում ասաց Հայկ Ալումյանը:

Հստակեցնող հարցին, թե այդ ելույթում Ռոբերտ Քոչարյանի անուն-ազգանունը չի հնչել, այդ դեպքում ի՞նչն է դատական հայց ներկայացնելու հիմք հանդիսացել, փաստաբանն արձագանքեց.

«Եթե Դուք այդ ելույթը նայեք, Ձեզ համար ակնհայտ կդառնա, որ ինքը, ի թիվս ուրիշ անձանց, նկատի ունի նաև պարոն Քոչարյանին: Դա ամբողջ ելույթի կոնտեքստից ուղիղ երևում է»:

Փաստաբանը նաև նշեց, որ պահանջում են որպես պատճառված ոչ նյութական վնասի փոխհատուցում՝ 2 միլիոն դրամ՝ անմեղության կանխավարկածը խախտելու, ևս 2 միլիոն դրամ՝ զրպարտության համար:

Հիշեցնենք, որ սույն թվականի մարտի 1-ին հրավիրված հանրահավաքի ընթացքում Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր.

«2008 թվականի մարտի 1-ին Հայաստանի այն ժամանակվա կառավարողները բանակը հանեցին ժողովրդի դեմ, Հայաստանի քաղաքացիներին գնդակահարելու որոշում կայացրին: Շատ կարևոր է արձանագրել, որ այս գործով՝ Մարտի 1-ի գործով, կան մեղադրվող անձինք, որոնք այսօր կանգնած են դատարանի առաջ: Ու պիտի, այո՛, արձանագրեմ, որ Մարտի 1-ի գործը, ըստ էության, իմ գնահատմամբ, բացահայտված է»:

Հիշեցնենք նաև, որ դատարանի ապրիլի 6-ի որոշմամբ ՔՕ 300.1 հոդվածով քրեական հետապնդումը ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի, պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի, ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի, ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանի նկատմամբ դադարեցվել է` հանցագործության դեպքի բացակայության հիմքով:

Այս խորագրի վերջին նյութերը