Տնտեսական

01.05.2021 11:35


Գյուղատնտեսության բնագավառում խնդիրներն ավելի են խորանում․ «Փաստ»

Գյուղատնտեսության բնագավառում խնդիրներն ավելի են խորանում․ «Փաստ»
«Փաստ» օրաթերթը գրում է․ Հայաստանի տնտեսության հաշվեկշռում գյուղատնտեսությունը մեծ մասնաբաժին է զբաղեցնում, ինչն անմիջական ազդեցություն ունի տնտեսության զարգացման, զբաղվածության ապահովման, պարենային ապահովության և բնակչության ընդհանուր կենսամակարդակի վրա։ Եվ պատահական չէ, որ գրեթե բոլոր քաղաքական ուժերը ընտրություններին մասնակցելու դեպքում իրենց նախընտրական ծրագրերը հանրության դատին ներկայացնելիս կարևոր տեղ են վերապահում գյուղոլորտի զարգացման ռազմավարությանը և այդ ուղղությամբ նախատեսվելիք քայլերի հաջորդականությանը։ Այդպես էլ 2018 թվականին «Իմ քայլը» դաշինքի նախընտրական ծրագրում հատուկ բաժին էր նվիրված գյուղատնտեսության ոլորտին, որտեղ կարևորվում էր նորարար տեխնոլոգիաների և գիտական հենքի վրա հիմնված մրցունակ եւ արդյունավետ գյուղատնտեսություն ստեղծելու հարցը։

Սակայն եթե համեմատենք, թե ինչ վիճակ ունենք հիմա և, մյուս կողմից, թե ինչ է գրված ծրագրում, ապա պարզ կդառնա, որ իշխանությունները լիովին ձախողել են գյուղատնտեսության ոլորտը և մատնել անտերության։ Եվ այս հարցում կարևոր նշանակություն ունի այն հանգամանքը, որ իշխանությունները ոչ պրոֆեսիոնալ մոտեցում են ցուցաբերում գյուղատնտեսության զարգացման հարցում։ Այսպես, օրինակ՝ Փաշինյանի իշխանության թեթև ձեռքով կրճատվեց ոլորտի աշխատանքները համակարգող գյուղատնտեսության նախարարությունն այն դեպքում, երբ Հայաստանում զբաղվածների մոտ 25 %-ն ընդգրկված է գյուղատնտեսության ասպարեզում։ Բայց իշխանությունները, ինչպես բոլոր հարցերում, այս խնդրում ևս մտադիր չեն ընդունել իրենց թերացումներն ու բացթողումները։

Իրենց բոլոր մեղքերը և սխալները նախկինների և անցյալում տեղի ունեցած բազմաթիվ հանգամանքների վրա բարդելու գործելակերպն արդեն սովորություն է դարձել այս իշխանությունների համար։ Ուշագրավ է, որ Նիկոլ Փաշինյանը վերջերս Արմավիրի մարզ կատարած այցելության ժամանակ ունեցած ելույթում հայտարարեց, թե գյուղատնտեսությունը մեր երկրում արդյունավետ չէ, քանի որ հողի սեփականաշնորհման ձևը պրոբլեմներ է ստեղծել։ Իսկ այն մասին, որ գյուղատնտեսության ոլորտում քաղաքականություն մշակող կառույց չկա, Փաշինյանն անգամ ծպտուն չի հանում, քանի որ դա կարող է դիտվել սեփական սխալների մասին ինքնախոստովանություն։ Իսկ այդպիսի մոտեցումը բնորոշ չէ մեծամիտ իշխանություններին։ Հատուկ աչք է ծակում այն իրողությունը, որ խոսքերից բացի, ընդհանրապես, հետևողականություն չկա գյուղոլորտի զարգացման ուղղությամբ, իսկ դիլետանտիզմը դարձել է գյուղոլորտում տարվող քաղաքականության գլխավոր ուղենիշը։ Դրա համար էլ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը, որն, ըստ էության, գյուղատնտեսության ոլորտի համակարգողն է, գյուղոլորտի կարևորագույն հարցերը թողած, հիմա էլ հայտարարում է, թե իրենք փորձում են այնպես անել, որ մարդիկ, գյուղում ապրելով, դատապարտված չլինեն միայն գյուղատնտեսությամբ զբաղվել։

Եվ մինչ իշխանության ներկայացուցիչները շարունակում են պոպուլիզմով զբաղվել, գյուղատնտեսության բնագավառում խնդիրներն ավելի են խորանում։ Այդպես, օրինակ՝ պետք է հաշվի առնել, որ Արցախյան պատերազմում կրած պարտության արդյունքում մենք ունեցանք գյուղատնտեսական առումով շատ կարևոր նշանակություն ունեցող հողերի հսկայական կորուստ։ Արցախում միայն հացահատիկի 50 000 հա ցանքատարածք անցել է Ադրբեջանին։ Ամեն տարի մեծ քանակությամբ գյուղատնտեսական ապրանքներ էինք Հայաստան ներկում հենց Արցախից։ Իսկ Արցախի գյուղոլորտին հասցված հարվածը Հայաստանի պարենային անվտանգության առումով նոր ռիսկեր է ստեղծում, սակայն մեր իշխանությունների կողմից չկա որևէ ռազմավարություն, թե ինչ քայլերի միջոցով կարող ենք չեզոքացնել այդ ռիսկերը։

Դրա փոխարեն Փաշինյանը ճանապարհների ապաշրջափակումը կապում է գյուղատնտեսության զարգացման հետ, թե դրանով գյուղմթերքի արտահանումն այլևս կախված չի լինի միայն մի ճանապարհից՝ Վերին Լարսից։ Բայց վերջինս չի խոսում այն մասին, թե ճանապարհների բացման արդյունքում ի՞նչ երաշխիքներ կան, որ, օրինակ՝ անցնելով Ադրբեջանի տարածքով՝ մեր գյուղմթերքը անվնաս տեղ է հասնելու։ Մյուս կողմից էլ՝ սահմանների բացման արդյունքում մեր գյուղատնտեսական արտադրանքը կարող է չդիմանալ թուրքական էժան ապրանքների մրցակցությանը, որի արդյունքում Հայաստանի գյուղոլորտը ծանր վիճակի առաջ կկանգնի։

Եվ մինչ օրս հարցական է, թե ինչպես է կառավարությունը պատրաստվում պաշտպանել մեր ֆերմերների ու գյուղացիների շահերը։ Սրան գումարած՝ հատուկ ուշադրություն պետք է դարձնել նրան, որ սահմանամերձ դարձած համայնքներում գյուղատնտեսությունը զարգանա, գյուղատնտեսությամբ զբաղված մարդիկ չթողնեն և հեռանան, այլ շարունակեն զբաղվել իրենց գործով։ Սա նաև անվտանգությանը վերաբերող հարց է, որի մասին պետք է լրջորեն մտածել։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում։

Այս խորագրի վերջին նյութերը