Քաղաքական

04.05.2021 18:13


ՀՅԴ անդամ Բագրատ Եսայանին մեղադրանք է առաջադրվել

ՀՅԴ անդամ Բագրատ Եսայանին մեղադրանք է առաջադրվել

ՀՅԴ անդամ Բագրատ Եսայանին այսօր մեղադրանք է առաջադրվել է ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի առաջին մասով՝ ենթադրյալ խուլիգանության համար։ Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն՝ չհեռանալու մասին։ Եսայանին ծանուցագիր չեն ուղարկել, նա անձամբ է ներկայացել Երևանի քննչական վարչություն։

«Երեկ իմ ընկերները ինձ տեղեկացրին, որ ինձ փնտրում են, որպեսզի հրավիրեն քննչական վարչություն՝ հարցաքննության։ Այսօր ինքս եմ ներկայացել, հարցաքննվել, ինչից հետո մեղադրանք են առաջադրել։ Դեպքը կապված է ապրիլի 22-ին Դատախազության մոտ ի պաշտպանություն սյունեցիների կազմակերպված բողոքի ակցիաների հետ»,–ասաց նա։

Եսայանը հրաժարվել է ցուցմունք տալուց՝ իրենց առաջադրված մեղադրանքը բնորոշելով որպես քաղաքական հետապնդում։ «Այնտեղ վանկարկվել է բնորոշում վարչապետի անձի վերաբերյալ, նախաքննության մարմինը գտնում է, որ ես նույնպես մասնակցել եմ այդ գործողություններին և թույլ եմ տվել խուլիգանություն։ Ինքս, թեև մեղադրանքը չեմ ընդունել, սակայն բնորոշման հետ, որը տրվել է քաղաքացիների մեծամասնության կողմից, ամբողջությամբ համաձայն եմ»,– հավելեց նա։

Հիշեցնենք, որ ապրիլի 22-ին ՀՀ դատախազության շենքի դիմաց ի պաշտպանություն սյունեցիների, տեղի էր ունեցել բողոքի ակցիա, ինչին հետևել էին ձերբակալություններ, քրեական գործեր էին հարուցվել մի շարք դաշնակցականների նկատմամբ։

Ավելի վաղայս գործով վկայի կարգավիճակով Երևանի քննչական կոմիտե էին հրավիրվել ՀՅԴ ԳՄ անդամ Արծվիկ Մինասյանը, դաշնակցականներ Գեղամ Մանուկյանը և Գերասիմ Վարդանյանը։ Վերջիններս սա համարել են քաղաքական հետապնդում և հրաժարվել են ցուցմունք տալուց։

Աղբյուրը՝ tert.am

Այս խորագրի վերջին նյութերը