Քաղաքական

13.05.2021 14:13


Ադրբեջանցիները վերևից իջել են և մեր սահմանն անցել. Վերին Շորժայի վարչական ղեկավար

Ադրբեջանցիները վերևից իջել են և մեր սահմանն անցել. Վերին Շորժայի վարչական ղեկավար

Ադրբեջանական զորքը նախօրեին Վարդենիսի ուղղությամբ հատել է Հայաստանի սահմանը, հայկական Զինված ուժերին հաջողվել է նրանց դիմադրել, սակայն ամբողջությամբ հակառակորդը հետ չի գնացել։ Այս մասին այսօր՝ մայիսի 13–ին, NEWS.am-ի հետ զրույցում ասաց Վերին Շորժա համայնքի վարչական ղեկավար Արտյոմ Երանոսյանը՝ անդրադառնալով մայիսի 12–ին Վարդենիսի շրջանում նկատված հակառակորդի շարժին։

«Վարդենիսից Վերին Շորժա 16 կմ է, դրանից հետո մենք ունենք Վարդենիսի սարատեղ, որտեղ բնակչությունը մայիսից սկսած 5 ամիս անասուն է պահում։ Դա Շորժայից գտնվում է 3 կմ հեռավորության վրա։ Երեկ ադրբեջանցիները վերեւից իջել են եւ մեր սահմանն անցել։ Այդ սարը շատ բարձր է, այդ սարից ինչը երեւում է՝ մերն է, ինչը՝ ոչ, նրանցն է։ Մեր Զինված ուժերը նրանց դեմը կտրեց, բացատրեց, ու մեզ հաջողվեց նրանց կանգնեցնել եւ նրանք ստիպված 1 կմ հետ գնացին։ Կապվել էին իրենց հրամանատարի հետ, որն ասել էր՝ մինչեւ ներքեւ իջեք, մեզ քարտեզ են ցույց տալիս, թե իբր իրենց տարածքն է ու պնդեցին, որ պետք է առաջանան։ Մեր ԶՈՒ–երը դրանց դեմը կտրեցին, բայց նրանք մինչեւ վերջ հետ չգնացին։ Այս պահին հայկական Զինված ուժերն ու հակառակորդի զորքը հանգիստ նստած են։ Սպասում ենք, որ իրենց հրամանատարը պիտի գա, եւ բանակցություններ վարենք»,–պատմեց Արտյոմ Երանոսյանը։

Ադրբեջանական կողմը Վերին Շորժայի վարչական ղեկավարի մոտավոր հաշվարկով՝ 400–ից 500 մետր է առաջ եկել։ Նրա խոսքով՝ հայկական Զինված ուժերի եւ հակառակորդի միջեւ հեռավորությունը 1 կմ–ից մի քիչ ավելի է։ Հակառակորդը մեծաթիվ ուժերով է ու զինված։ Ըստ Երանոսյանի՝ այս ընթացքում որեւէ միջադեպ չի եղել։

Նշենք, որ նախօրեին NEWS.am-ի հետ զրույցում Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը վստահեցրել էր, թե Վարդենիսի ուղղությամբ որևէ միջադեպ չի եղել, և հակառակորդը ընդամենը ձնհալից հետո եկել է ճշգրտելու սահմանները։ «Նրանք այդ հատվածներում դիրքերի տեղակայման աշխատանքներ են իրականացնում, որին մեր Զինված ուժերի ներկայացուցիչները ներկա են, համատեղ աշխատում են, որպեսզի միջդիրքային տարածությունները չխախտվեն»,–ասել էր նա։

Այս խորագրի վերջին նյութերը