Նախօրեին Դանիել Իոաննիսյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․ «Վերադառնում եմ Վերին Շորժայի մարտական դիրքերից։ Հայաստանի Զինված ուժերը վերահսկում են իրավիճակը և էական առավելություն ունեն ՀՀ տարածք մտած ադրբեջանական ստորաբաժանումների նկատմամբ։ Այցի հիմնական նպատակը դիրքերում զինվորներին բարոյապես աջակցելն ու կյանքը մի քիչ քաղցրացնող սնունդն տանելն էր։ Հորդորում եմ բոլորիդ վերականգնել այն աջակցությունը, որն ունեին մեր զորքերը պատերազմի ժամանակ։Առաջնագծում կանգնած զինվորը պետք է իմանա, որ մենք իրեն սիրում ենք, որ մենք իր մասին հոգում ենք ու որ թիկունքը ամուր ենք պահում։ Հենց այդ զինվորն է այժմ ապահովում մեր անվտանգությունը և ոչ ՀԱՊԿ-երը։ Հ.Գ. Ով այնտեղ հարազատ զինվոր ունի, թող իմանա, որ զորքի տրամադրությունը բարձր է»։ Ինչ խոսք, բավական հետաքրքիր, կարելի է ասել՝ ինտրիգային գրառում է։ Ընդհանուր առմամբ իհարկե գրառման մեջ առկա պոզիտիվիզմը լավ է, սակայն ամեն դեպքում մի քանի հարցեր կան, որոնց հասցեատերը ՀՀ իշխանություններն են ավելի շատ, քան Դանիել Իոաննիսյանը․

• Դանիել Իոաննիսյանն ռազմական փորձագետ չէ, առավել ևս զինվորական չէ, նա, անվանենք այսպես՝ հասարակական գործիչ է, որը զբաղվում է Հայաստանում դեմոկրատիայի և մարդու իրավունքների հարցերով, ինչպես բոլորը այն խավից, որն հանրության մեջ ընդունված է անվանել պայմանական կերպով՝ «սորոսականներ»։ Հետևաբար, ինչ հիմքով է Դանիել Իոաննիսյանը գնացել Վերին Շորժա, հասել դիրքեր, որտեղ ի դեպ, լրագրողների մուտքը նույնիսկ չի թույլատրվում, հանգամանք, որը շատ տարօրինակ է, քանի որ նույնիսկ Սիրիական պատերազմի առաջնագծում լրագրողների մուտքը արգելված չի եղել։

Ով է միջնորդել որպեսզի Դանիել Իոաննիսյանին արտոնվի գնալ Վերին Շորժա և հասնել դիրքեր, որպեսզի մի հատ էլ այնտեղից «վերջին թարմ նորությունները» հասցնի հասարակությանը

Ընդհանրապես, ինչ չափանիշներով է առաջնորդվում Նիկոլ Փաշինյանի իշխանությունը նույնիսկ հիմա, երբ ինչպես ժողովուրդն է ասում «երկիրը ձեռքից գնում է», որ թույլատրում է օտարերկրյա ֆինանսավորմամբ գործող ՀԿ-ի ղեկավարին կամ ներկայացուցչին հասնել այնպիսի տարածքներ, որոնք ունեն ռազմական կամ ռազմավարական կարևորություն Հայաստանի անվտանգության համակարգի համար․ հիշեցնենք, որ 44-օրյա պատերազմի օրերին էլ Դանիել Իոաննիսյանը շատ հետաքրքիր կերպով հայտնվել էր Արցախում և նույնիսկ, ըստ շրջանառվող լուրերի «պատմությունների մեջ հայտնվել»։

Այս հարցերին պետք է պատասխանեն կառավարության պատկան կառույցները, հակառակ դեպքում պետք է ֆիքսենք, որ երկրում, նույնիսկ պետական անվտանգության հետ կապված հարցերում է քաոսային տարերային իրավիճակ և երկիրը իրոք արդեն շատ ավելի խորն է ընկած կործանման փոսում, քան կարելի է պատկերացնել։

Ուշադրություն դարձնենք, մենք չենք ասում, որ Դանիել Իոաննիսյանը օտարերկրյա ազդեցության գործակալ է կամ այլ բան, այլ պարզապես շեշտում ենք, ինչու ԶԼՄ ներկայացուցիչները, լրագրողները պետք է հասանելիություն չունենան այդ գոտիներ՝ Սյունիք և Գեղարքունիք սահմանային խնդրահարույց շրջաններ, իսկ ընտրական պրոցեսներով, մարդու իրավունքներով և դեմոկրատիայի զարգացմամբ ղբաղվող հասարակական գործիչը պետք է այդ հասանելիությունն ունենա։

Աղբյուրը՝ politik.am