Քաղաքական

20.05.2021 17:49


ՀՀ-ն վերջին մեկ շաբաթում Գեղարքունիքի և Սյունիքի մարզերից թշնամուն է հանձնել 11 000 հեկտար տարածք. Էդգար Էլբակյան (տեսանյութ)

ՀՀ-ն վերջին մեկ շաբաթում Գեղարքունիքի և Սյունիքի մարզերից թշնամուն է հանձնել 11 000 հեկտար տարածք. Էդգար Էլբակյան (տեսանյութ)

Այս ամենը դեռ սկզբնական փուլն է, դեռ կազմակերպչական հարցերն են ընթանում: Այս մասին այսօր Հանրապետության հրապարակում ասաց ադրբեջանագետ Էդգար Էլբակյանը՝ խոսելով հայ-ադրբեջանական կողմերի միջև ենթադրյալ նոր փաստաթղթի ստորագրման մասին:

«Եթե համարենք, որ հրապարակված փաստաթուղթը պայմանագիր է, ապա մնացյալ հարցերը հավելվածով պետք է լինեն՝ սահմանազատում, բարձունքների բաժանում, քարտեզագրում: Մինչ այս էլ GPS-ային սահմանազատումները տեղի էին ունում ԽՍՀՄ ԳՇ վերջին հրատարակության քարտեզների հիմքով, որոնք այն ժամանակ գաղտնի էին պահում, սակայն հիմա գաղտնազերծված են: Երեկ Միքայել Մինասյանն ասաց, որ սահմանազատումները այս քարտեզներով են լինելու, մյուս պարագայում աշխարհագրական նպատակահարմարությունն է լինելու, և երրորդը գետնի վրա եղած իրավիճակն է: Մաթեմատիկայի լեզվով ասած՝ սա կապիտուլացիայի քառակուսի է, խցկված են բոլոր այն սկզբունքները, որոնք շահեկան են Ադրբեջանի համար»,-ասաց նա:

Էլբակյանը շեշտեց՝ ՀՀ-ն վերջին մեկ շաբաթում Գեղարքունիքի և Սյունիքի մարզերից թշնամուն է հանձնել 11 հզր հեկտար տարածք և ընդգծեց, որ այսօր տեղի ունեցողի մասին դեռ խոսում էին նոյեմբերի 10-ից, իսկ այսօր հասել ենք մի գործընթացի, որից ՀՀ ազգային հերոս Մոնթե Մելքոնյանը զգուշացնում էր, ասելով՝ եթե կորցնենք Արցախը, ապա կշրջենք հայոց պատմության վերջին էջը: «Մի քիչ ձգձգված գործընթաց է,ամեն ինչ առավել քան պարզ է, բայց ես այստեղ եմ՝ ցույց տալու, որ կան խմբեր, որոնք դեմ են այս ամենին»,-ասաց Էլբակյանը:

Խոսելով քաղաքական ուժերից ակնկալիքներ ունենալու մասին՝ Էլբակյանը շեշտեց, որ սպասելիքներ ունի, սակայն պետք է իրավիճակը հստակ հասկանան, որովհետև ըստ նրա, տեղի ունեցողը օտարերկրյա լուծ է: «Զավթողը գալիս է, քո ազգային էլիտան թուլացնում ու ոչնչացնում է ու հետո պետք է խեղճ ու կրակ ժողովրդով ազատագրի երկիրը: Կապիտուլյանտը հիմնվում է միջազգային կոնսենսուսի վրա: Կապիտուլյանտը հայտարարել է, որ բանավոր ըմբռնմամբ հողեր է հանձնել Քաշաթաղի շրջանից, պատկերացնո՞ւմ եք նման բան Սերժ Սարգսյանի օրոք»,-ասաց Էլբակյանը:

Մանրամասները՝ tert.am-ի տեսանյութում:

Այս խորագրի վերջին նյութերը