Քաղաքական

25.05.2021 16:14


Ոչ ոք չի կարող ասել, որ Ոսկեպարը ադրբեջանական է․ գյուղապետ

Ոչ ոք չի կարող ասել, որ Ոսկեպարը ադրբեջանական է․ գյուղապետ

Այս պահին գյուղում ամեն բան նորմալ է և գործողություններ տեղի չեն ունենում: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Տավուշի մարզի Ոսկեպար գյուղի գյուղապետ Սերոբ Մախսուդյանը:

«Գյուղում դեռ որևէ գործողություններ տեղի չեն ունենում ու դեռևս ամեն ինչ նորմալ է, բայց ոչ ոք չի կարող ասել, որ Ոսկեպարը ադրբեջանական է, ես կարծում եմ, որ դա թյուրիմացություն է»,-ասաց Սերոբ Մախսուդյանը:

Նա նաև նշեց՝ գյուղում առկա են փաստեր, որոնք ցույց են տալիս, որ Ոսկեպարը հին հայկական գյուղ է:

«Գյուղում է մեր հայտնի Սուրբ Աստվածածին եկեղեցին, որը հին առաքելական եկեղեցի է և դրանով արդեն պարզ է, թե քանի տարեկան է գյուղը, այն չի կարող լինել ադրբեջանական, ես կարծում եմ, որ այդ խոսակցությունները թյուրիմացություն են»,-ասաց գյուղապետը:

Նշենք՝ երեկ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Ղալումյանը նշեց, որ Տավուշում կան ադրբեջանական հողեր, որոնք գտնվում են հայկական տիրապետության տակ և կան տարածքներ, որոնք ադրբեջանական հսկողության տակ են և առանձնացրեց Բարխուդարլուն, Սոֆուլուն, Խեյրիմլին, Ոսկեպարը և նշեց՝ քարտեզով այս գյուղերը ադրբեջական տարածքներ են:

Այս խորագրի վերջին նյութերը