Տնտեսական

16.06.2021 21:39


Կոռուպցիա չկա՞․ ինչո՞ւ բյուջե չվերադարձվեց 348 միլիոն դրամը, և ինչո՞ւ է Հակոբ Արշակյանը տարածքը վարձակալել 103.9 անգամ ավելի թանկ գնով

Կոռուպցիա չկա՞․ ինչո՞ւ բյուջե չվերադարձվեց 348 միլիոն դրամը, և ինչո՞ւ է Հակոբ Արշակյանը տարածքը վարձակալել 103.9 անգամ ավելի թանկ գնով

Օրեր առաջ ԱԺ մշտական հանձնաժողովներում քննարկվում էր «2020թ. պետբյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվությունը։ Հաշվեքննիչ պալատի նախագահ Լևոն Յոլյանը, ներկայացնելով 2020թ. պետական բյուջեի կատարման վերաբերյալ հաշվեքննիչ պալատի եզրակացությունը, արձանագրեց մի շարք խնդիրներ՝ գնումների ոլորտում արձանագրվել են տասնյակ անհամապատասխանություններ, 40%-ը մեկ անձից գնումներն են, պետական համակարգի գրեթե կեսում ներքին աուդիտ չի կատարվել, ծրագրային ֆինանսավորմամբ կատարված միջոցառումների 17.7 տոկոսի մոտ որևէ արդյունքային ցուցանիշ չկա և այլն։

168.am-ը որոշեց հրապարակել մի քանի հատվածներ Հաշվեքննիչ պալատի 2020թ. ընթացիկ եզրակացություններից, որոնք կոռուպցիոն լուրջ երևույթներ են հանդիսանում:

Այսպիսով, ՀՀ Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության (ԲՏԱ) նախարարության պահպանման ծախսերի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտին առնչվող բյուջետային միջոցների օգտագործման, բյուջետային մուտքերի ապահովման և պետական սեփականության օգտագործման հաշվեքննության արդյունքների վերաբերյալ եզրակացությունից այս հրապարակմամբ առանձնացրել ենք «Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միություն» ՀԿ-ին առնչվող հատվածները:

Համաժողովն ավարտվել է, իսկ 348 միլիոն դրամ կանխավճարն այդպես էլ չի վերադարձվել բյուջե

Բոլորս ենք հիշում, որ 2019 թվականին Երևանում անցկացվեց Տեղեկատվական տեխնոլոգիաների (ՏՏ) համաշխարհային համաժողով, որը կազմակերպել էր «Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միություն» ԱՏՁՄ ՀԿ-ն, բոլորս ենք հիշում, որ այն ժամանակ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գլխավորությամբ անցկացվել էր «Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային համաժողով 2019»-ի (WCIT 2019) կազմակերպչական աշխատանքների իրականացման նպատակով ստեղծված միջգերատեսչական հանձնաժողովի նիստը, որտեղ ինքը՝ Տ. Ավինյանը, նշել էր՝ Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային համաժողովը կազմակերպվելու է ամենաբարձր մակարդակով:

Ահա այս նպատակով ՏՏ ու ծառայությունների համաշխարհային ալյանսին (WITSA) անհրաժեշտ երաշխիքային կանխավճարի իրականացումն ապահովելու համար պետության կողմից «ԱՏՁՄ» ՀԿ-ին «Պետության կողմից դրամաշնորհի ձևով տրամադրվող ֆինանսական աջակցության գումարների օգտագործման մասին» պայմանագրերով հատկացվում է 750,000 ԱՄՆ դոլար (362.049.00 հազ. դրամ), որը միջոցառման ավարտից հետո համաժողովի կազմակեր­պումից ստացվող գումարների հաշվին պետք է վերադարձվեր պետական բյուջե։

Սակայն, ըստ եզրակացության, համաժողովն ավարտվել է, իսկ կանխավճարն այդպես էլ չի վերադարձվել, ավելին, ՀԿ-ն դիմել է կառավարությանը՝ խնդրելով ստացված կան­խավճարի մնացորդը՝ 348 մլն դրամը, չվերադարձնել պետական բյուջե։

Թեև այս առաջարկին դեմ են եղել ՀՀ ֆինանսների և ԲՏԱ նախարարությունները՝ նկատելով, որ այն խնդրահարույց է մի շարք իրավական ակտերի տեսանկյունից և հակասում է օրենսդրության պահանջներին, այնուամենայնիվ կառավարությունը պարզապես ներել է ՀԿ-ի պարտավորությունները. 348 մլն դրամը չի վերադարձվել պետական բյուջե։

Ի դեպ, մեկ ամիս առաջ էլ գործադիրը հերթական չզեկուցվող հարցով հավանության է արժանացրել Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հայկ Չոբանյանի ներկայացրած նախագիծը ու ներել «Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միություն» ՀԿ-ի՝ 145,8107 հազար դրամի չափով հարկային պար­տա­վո­րու­թ­յու­նները։ «Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միություն» ՀԿ-ի առաջացած հարկային պարտավորությունները մարելու անհրաժեշտությունը, ըստ նախագծի, առաջացել է ՀՀ-ում անցկացված Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային համաժողով 2019/WCIT2019 միջոցառման կազմակերպման համար ՀՀ կառավարության կողմից գումարներ տրամադրելու արդյունքում: Կառավարության որոշմամբ՝ պետական բյուջեից տրամադրված 145,810.7 հազ. դրամով մարվել են նաև «Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միություն» ՀԿ-ի տույժերը:

Պետբյուջեից հատկացվող գումարների վերաբերյալ առարկություն է ներկայացրել Ֆինանսների նախարարությունը և նշել, որ Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության ներկայացրած նախագծում պարզ չեն ընկերության հարկային պարտավորությունները ներելու վերաբերյալ հիմնավորումները, և պարտավորությունները մարելու նպատակով գումար հատկացնելու փաստարկը հիմնազուրկ է: Ըստ Ֆինանսների նախարարության առարկության՝ միաժամանակ, նախագծին կից ներկայացված նյութերից հնարավոր չէ հստակ պատ­կե­րացում կազմել ՀՀ պետա­կան բյուջեի շրջա­նակներում տեղաբաշխվող դրա­մա­շնոր­հա­­յին ծրագ­րերի շրջանակներում իրա­կա­նացվող գործարքների մասով առա­ջա­ցած հարկային պար­­տա­վորու­թյունների չափի վերա­բերյալ: Հաշվի առնելով վերոգրյալը՝ Ատոմ Ջանջուղազյանի ղեկավարած գերատեսչությունից հայտնել են, որ նախագիծը լրացուցիչ քննարկման և հիմնավորման կարիք ունի:

Սակայն, ինչպես հաճախ, այս դեպքում ևս՝ չնայած Ֆինանսների նախարարության առարկությանը՝ գործադիրը նախագիծն ընդունել է՝ համարելով, որ ոչ լրացուցիչ քննարկման, և ոչ էլ հիմնավորման կարիք կա։

Նախարարության կողմից «Երևան էքսպո» կենտրոնի տարածքը վարձակալվել է միջնորդավորված ձևով՝ 1քմ-ի դիմաց վճարելով 103.9 անգամ ավելի թանկ

Բայց սա դեռ ամենը չէ. ըստ պալատի եզրակացության՝ պարզվում է՝ «ԴիջիՏեք 2019» ցուցահանդեսի տաղավարի վարձակալության համար նախարարությունը «Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միություն» ՀԿ-ի հետ կնքել է ծառայությունների մատուցման պայմանագիրը, որով 06.10.2019 թ.-09.10.2019 թ. ընկած ժամանակահատվածի համար ՀԿ-ից «Երևան էքսպո» կենտրոնի 1-ին հարկի տարածքից վարձակալել է 250 քմ տարածք, 1 քմ տարածքի գինը 84.000.00 հազար դրամ արժեքով կամ օրական 1 քմ-ի համար 21,000.00 հազար դրամ:

«Երևան էքսպո» կենտրոնը պատկանում է «Երևանի մաթեմատիկական մեքենաների գիտահետազոտական ինստիտուտ» ՓԲԸ-ին. ԱՏՁՄ-ն 25.09.2019թ.- 09.10.2019թ. ընկած ժամանակահատվածի համար վարձակալել է ամբողջ կենտրոնը իր հարակից տարածքներով՝ շուրջ 3300քմ, 10.000.00 հազ. դրամ արժեքով, օրական 1 քմ-ի համար՝ 202 դրամ: Այսինքն՝ նախարարության կողմից «Երևան էքսպո» կենտրոնի տարածքը վարձակալվել է միջնորդավորված ձևով՝ 1քմ-ի դիմաց վճարելով 103.9 անգամ ավելի թանկ:

ՀԿ-ի կողմից կատարված ծախսերը գերազանցել են ՀՀ վարչապետի 2 որոշմամբ հաստատված միջոցառման կազմակերպման նախահաշվով սահմանված ծախսերը

Ու սա էլ դեռ ամենը չէ. նշվում է, որ այս ՀԿ-ի կողմից կատարված ծախսերը գերազանցել են ՀՀ վարչապետի 2019 թ. մարտի 14-ի որոշմամբ հաստատված միջոցառման կազմակերպման նախահաշվով սահմանված ծախսերը ՝ 791.094.20 հազ. դրամով: Ի դեպ, ավել կատարված ծախսերի վերաբերյալ կազմակերպության կողմից հիմնավորում չի ներկայացվել, իսկ վարչապետ Ն. Փաշինյանի որոշմամբ սահմանված ծախսերի նախահաշվի փոփոխություն չի կատարվել:

Ի դեպ, 168.am-ը ԱՏՁՄ կայքէջի փաստաթղթեր և հաշվետվություններ բաժնում փնտրեց ՀԿ 2020 թվականի հաշվետվությունը՝ ծանոթանալու 2019 թվականի ֆինանսական հաշվետվությանը, սակայն այն դեռ ներբեռնված չէր:

Իսկ այժմ կարճ ծանուցում ԱՏՁՄ-ի մասին. այս ընկերության նախագահությունը 2015թ-ից ստանձնել է Ալեքսանդր Եսայանը: Ալեքսանդր և Հայկ Եսայան եղբայրների անունը հատկապես ակտիվ սկսեց հոլովվել 2018 թվականից. այս ընթացքում Ucom ընկերության բաժնետերեր Հայկ և Ալեքսանդր Եսայանները տարաձայնություններ ունեցան ընկերության մյուս` ավելի մեծ բաժնեմաս ունեցող՝ Ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանի որդիների հետ, հեռացան Ucom-ից, հիմնադրեցին «Թիմ» ՍՊ ընկերությունը: Ավելի ուշ հայտնի դարձավ, որ Եսայան եղբայրները բանակցություններ են վարում «Բիլայն»-ը գնելու համար, իսկ հոկտեմբերին նրանք հայտարարեցին գործարքի ավարտի մասին:

Հիշեցնենք՝ ավելի վաղ 168.am-ը մեկ այլ թեմայի շրջանակներում նշել էր Տիգրան Ավինյանի և Ալեքսանդր Եսայանի մտերմության և «Գաստրոպոլիս» սրճարանում նրանց քննարկումների, ինչպես նաև նրանց տարբեր գործարքների մասին:

Աղբյուրը՝ 168.am

Այս խորագրի վերջին նյութերը