Քաղաքական

20.06.2011 11:31


Տիգրան Խզմալյան. «Դա խաղ է, որի կանոններն ուղղված են ժողովրդական շարժումը խեղդելուն, քնեցնելուն»

Տիգրան Խզմալյան. «Դա խաղ է, որի կանոններն ուղղված են ժողովրդական շարժումը խեղդելուն, քնեցնելուն»

«Սարդարապատ» շարժման նախաձեռնող խմբի անդամ Տիգրան Խզմալյանը ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի պատասխանը Հայ ազգային կոնգրեսին «Սարդարապատ»–ի նախազգուշացումների դառը ապացույցն է համարում։

–Մարդկանց ծովը դարձրեցին գետ, հետո առու, հետո էլ ճահճացրին, և հիմա, փաստորեն, Սերժ Սարգսյանը գործ ունի ճահճացած մի իրավիճակի հետ։ Իրավիճակ, որին նա ձգտում էր, որով մարվեց ժողովրդական ճնշումը՝ իր ընդդիմախոսների օգնությամբ։ Ընդդիմախոսն էլ պետք է օգտագործել չակերտներում, որովհետև երկու կողմերն էլ առաջնորդվում են ժողովրդի հետ վարվելու ավտորիտար, համարյա սովետական ոճով,–«7օր»–ի հետ զրույցում ասել է Տիգրան Խզմալյանը։

Նրա խոսքերով՝ պետք է չէ «ղուշ» ու «գիր» գցել՝ գուշակելու համար, թե Սերժ Սարգսյանն իր այս պատասխանով համաձայնե՞լ է ՀԱԿ–ի առաջարկներին, թե՞ մերժել.

–Դա խաղ է, որի կանոններն ուղղված են ժողովրդական շարժումը խեղդելուն, քնեցնելուն։ Այս առումով երկու կողմերն էլ կատարեցին այդ խաղի կանոնները։ Սա ժամանակ շահելու, սեփական իշխանությունն ու սեփականությունը պահպանելու, երկարացնելու համար է. ընդամե՛նը։ Սերժ Սարգսյանի պատասխանը չի նշանակում հարցերի պատասխան (ոչ թե ՀԱԿ–ի, այլ՝ մարտահրավերների)։ Իսկ մենք ընդամենը ժամանակ ենք կորցնում։ Երեք տարի կորցրեցինք՝ 2011թ. մարտի 1–ին կարող էինք հասնել նպատակներին։ Մարդիկ, ովքեր առաջնորդում էին ժողովրդին, նրանց շարունակ տուն էին ուղարկում, էլի երևի ինչ–որ նպատակներ ունեին, ես չգիտեմ, չեմ էլ ուզում այդ մասին խոսել։ Կարևորը՝ որ իրենք օգնեցին Սերժ Սարգսյանին ժամանակավորապես հասնել իր նպատակներին, իսկ մեզ բոլորիս խանգարեցին հասնել այն նպատակներին, առանց որոնց ամեն օր մենք շարունակում ենք պարտվել, ամեն օր առնվազն 200 մարդ արտագաղթում է Հայաստանից։

Տիգրան Խզմալյանն ավելացրել է նաև, թե այսօր մեր հասարակության մեջ աճում են այն ուժերը, հիմնականում երիտասարդների՝ 20–40 տարեկաննների հատվածում, ովքեր այլևս չեն խոսելու նման ձևով, ովքեր նման վերաբերմունքը չեն ընդունելու, և ովքեր վերաձևակերպելու են և՛ սեփական պահանջները, և՛ երկրի վիճակի գնահատականը, մարտահրավերներին դիմակայելու, նպատակներին հասնելու եղանակը, իսկ «Սրադարապատ» շարժումն էլ իր միջոցներով քաղաքացիական հասարակությանն օգնելու է հասնելու այդ նպատակներին։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը