Տնտեսական

05.09.2021 10:18


Կառավարությունը բյուջեի վրա 1 մլրդ դոլարի նոր բեռ է դրել

Կառավարությունը բյուջեի վրա 1 մլրդ դոլարի նոր բեռ է դրել

Հայաստանի պարտքն անշեղորեն աճում է։ Այս տարվա ընթացքում կառավարությունը հասցրել է պետական բյուջեի վրա հավելյալ 1 մլրդ դոլարի նոր պարտքի բեռ դնել։ Տարվա սկզբին կառավարության պարտքը կազմում էր 7,5 մլրդ դոլար, հուլիսի վերջի դրությամբ հասել է 8,5 միլիարդի։

Յոթ ամսվա ընթացքում կառավարության պարտքն ավելացել է ևս 1 մլրդ դոլարով կամ 13 տոկոսով։

Բայց սա դեռ մեր ընդհանուր պարտքը չէ։ Հաշվի առնելով նաև Կենտրոնական բանկի պարտավորությունները՝ պետական պարտքը կլինի 8 մլրդ 973 մլն դոլար։ Այն ընդամենը 27 մլն դոլարով է պակաս, որպեսզի հատենք 9 միլիարդի սահմանը։

Այս տարվա 7 ամսվա ընթացքում մեր երկրի պետական պարտքն աճել է ընդհանուր առմամբ 1 մլրդ 5 մլն դոլարով։

Կրկին պետական պարտքի աճի տեմպը շատ ավելի բարձր է, քան ՀՆԱ աճն է։

Տարեսկզբի 7 ամիսներին տնտեսական ակտիվության աճը մեր երկրում կազմել է ընդամենը 5,2 տոկոս։ Թեև սա դեռ տնտեսական աճ չէ, ու հնարավոր է, որ տնտեսական աճը նույնիսկ ավելի ցածր լինի։

Պարտքի և ՀՆԱ աճի այս դինամիկան խիստ մտահոգիչ է։ Տարվա առաջին 7 ամիսներին պարտքի աճի տեմպը գրեթե 2,5 անգամ ավելի բարձր է, քան ՀՆԱ-ինը։ Դա նշանակում է, որ մեր երկրի պարտքի բեռը շարունակում է ավելանալ։

Անցած տարվա տվյալներով, կառավարության պարտք-ՀՆԱ հարաբերակցությունը հասավ 63,5 տոկոսի, ինչը գերազանցում է օրենքով դրված սահմանափակումը։ Նախկինում երբևէ պարտքի նման բարձր մակարդակ չէր եղել։ Բայց ենթադրվում է, որ դա էլ վերին սահմանը չի լինելու։

Առկա միտումները պահպանվելու դեպքում, տարեվերջին պարտքի բեռը էլ ավելի կխորանա։ Ու ինչքան էլ հայտարարվի, որ մեր երկիրը պարտքի սպասարկման հետ կապված խնդիրներ չունի, ժամանակին կատարում է իր ստանձնած պարտավորությունները, պարտքի բեռի ավելացումը լուրջ ռիսկ և ծանրաբեռնվածություն է պետության ու պետական բյուջեի համար։ Դրա սպասարկման համար հատկացվող գումարները տարեցտարի ավելանում են։ Արդեն այսօր գործ ունենք ահռելի միջոցների հետ, որոնք դուրս են գալիս պետության գրպանից՝ պարտքի գծով ստանձնած պարտավորությունները սպասարկելու համար։

Այս տարվա միայն առաջին 7 ամիսներին այդ նպատակով հատկացվել է գրեթե 200 մլն դոլար։ Պարտքի սպասարկման գումարը նախորդ տարվա համեմատ ավելացել է 17 տոկոսով։ Եվս 130-140 մլն դոլար կազմել է արտաքին վարկերի մարումը։

Առաջիկա տարիների համար կառավարությունն ակնկալում է պարտքի բեռի նվազում։ Պարտքի ծանրաբեռնվածությամբ ռիսկային գոտում ենք, ու պետք է քայլեր անել այնտեղից դուրս գալու համար։

«Միջնաժամկետ հատվածում հարկաբյուջետային կայունությունը երաշխավորելու համար կառավարությունը շեշտադրելու է տնտեսության ներուժի բարձրացումը և բարձր տնտեսական աճի հաշվին պարտքի բեռի նվազեցումը»,-ասված է կառավարության առաջիկա 5 տարիների գործունեության ծրագրում։

Մինչև 2026թ. նախատեսվում է ՀՆԱ նկատմամբ կառավարության բաժին պարտքն իջեցնել 60 տոկոսից։

Բայց սա չի նշանակում, թե կառավարությունը հրաժարվում է նոր պարտքեր ներգրավելուց։ Բավական է նշել միայն Եվրամիության կողմից հատկացվելիք գումարները, որոնք ակնկալվում է ստանալ առաջիկա տարիներին։ Թեև իշխանությունները շատ չեն սիրում խոսել այդ գումարների տրամադրման պայմանների մասին, այնուհանդերձ կասկած չկա, որ դրանց մեծ մասը լինելու են վարկային միջոցների տեսքով։

Որոշ գնահատականներով, ԵՄ-ի կողմից հատկացվող միջոցների գրեթե 80 տոկոսը կամ շուրջ 2 միլիարդը վարկեր են։ Այլ բան, որ այդ գումարների նկատմամբ որոշակի արտոնյալ պայմաններ կարող են կիրառվել։

Միայն սա բավական է ասել, որ մեր երկրի պետական պարտքն առաջիկա տարիներին շարունակելու է ավելանալ։ Այդ պայմաններում պարտքի բեռի նվազեցումը կառավարությունը կապում է տնտեսական աճի հետ։

Ինչպես հայտնի է, կառավարության հնգամյա ծրագիրը նախատեսել է նվազագույնը միջին տարեկան 7 տոկոս տնտեսական աճ, որը նպաստավոր միջավայրի դեպքում պետք է հասնի ընդհուպ մինչև 9 տոկոսի։ Այլ հարց՝ կհաջողվի՞ այն իրականություն դարձնել, թե՞ ոչ։ Նախկինի փորձը հուսադրող չէ։ Մինչև հիմա շատ ավելի համեստ տնտեսական աճի ցուցանիշներ են նախատեսված եղել, որոնք, սակայն, չեն կատարվել։

Անցած 3 տարիներին Նիկոլ Փաշինյանի գլխավորած կառավարությունների ապահովված միջին տնտեսական աճը կազմել է ընդամենը 1,8 տոկոս։

Ի՞նչ հույս, որ առաջիկա տարիներին պիտի ավելի լավ լինի։ Ճիշտ է, նախորդ ժամանակահատվածը համընկավ տնտեսական ճգնաժամի հետ, բայց դա չի նշանակում, թե առաջիկա տարիներին նման ճգնաժամեր չեն կարող լինել։

Այնպես որ, պարտքի բեռի նվազեցման հույսերը շատ մշուշոտ են։ Դատելով այս տարվա սկզբի զարգացումներից՝ մենք առայժմ այդ ճանապարհին չենք։ Մի բան էլ շարունակվում է պարտքի բեռի խորացումը։

Յոթ ամսում պարտքը 1 մլրդ դոլարով ավելացնելը մեծ քայլ է։ Տարբեր ժամանակներում մեր պարտքի աճը տարբեր արագություն է ունեցել, բայց այսպիսի ակտիվություն հազվադեպ է եղել։ Իրեն ապահովագրելու համար՝ տարեսկզբին կառավարությունը գնաց դրսից մեծ գումարի փոխառություններ ներգրավելու ճանապարհով, ինչն էլ դարձավ պարտքի ակտիվ աճի պատճառներից մեկը։ Պարտքի տեսքով ներգրավվեցին գումարներ, որոնց մի մասը սառեցվեցին կառավարության հաշիվներին։ Այսօր էլ այդ գումարները գտնվում են անաշխատ վիճակում։ Կառավարությունը բավարարվում է դրանց դիմաց տոկոսային եկամուտներ ստանալով՝ որպես ավանդ դնելով բանկերում։

Ներգրավվող ֆինանսական միջոցները ծախսելու հետ կապված՝ կառավարությունը վերջին տարիներին միշտ էլ լուրջ խնդիրներ է ունեցել։ Չեն կարողանում ժամանակին իրականացնել այդ գումարներով նախատեսված ծրագրերը, ինչի հետևանքով ուշանում է ոչ միայն ծրագրերի իրականացումը, այլև ակնկալվող տնտեսական ու սոցիալական արդյունքը։

Վերջին տվյալներով, կառավարության պարտքը հատել է 8,5 մլրդ դոլարի սահմանը, որի մեծ մասն արտաքին վարկերն են։ Առաջիկա տարիներին ակնկալվում է ավելացնել ներքին պարտքի բաժինը, չնայած այն արդեն հասել է 2,3 միլիարդի։ Ներքին պարտքի աճը 7 ամսում 20 տոկոս է։ Փոխարենը՝ արտաքին արտոնյալ վարկերի գծով ունենք պարտքի նվազում։ Եթե տարեսկզբին դրանք հասնում էին 4 մլրդ 665 մլն դոլարի, ապա հիմա 4 մլրդ 538 մլն դոլար են։ Խոսքը միջազգային ֆինանսական կազմակերպություններից ներգրավված գումարների մասին է, որոնք անհամեմատ արտոնյալ են, քան մյուս բոլոր գումարները, որոնք կառավարությունը ներգրավում է բյուջեի դեֆիցիտը ֆինանսավորելու համար։

ՀԱԿՈԲ ՔՈՉԱՐՅԱՆ

Աղբյուրը՝ 168.am

Այս խորագրի վերջին նյութերը