Լրահոս

30.06.2011 10:41


Այսօր Սերժ Սարգսյանը դառնում է 57 տարեկան

Այսօր Սերժ Սարգսյանը դառնում է 57 տարեկան

Այսօր ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի ծննդյան տարեդարձն է։ Նա դառնում է 57 տարեկան։

Սերժ Սարգսյանի պաշտոնական կայքում տեղադված տվյալների համաձայն՝ նա ծնվել է 1954 թվականին՝ Ստեփանակերտ քաղաքում: Ավարտել է տեղի միջնակարգ դպրոցը: 1971 թվականին ընդունվել է Երևանի պետական համալսարան: 1972-1974 թվականներին ծառայել է ԽՍՀՄ զինված ուժերում: 1979 թվականին ավարտել է ԵՊՀ բանասիրական ֆակուլտետը:

Աշխատանքային գործունեությունը սկսել է 1975 թվականին Երևանի էլեկտրատեխնիկական գործարանում` որպես խառատ, աշխատել է մինչև 1979 թվականը:

1979-1988 թվականներին եղել է ԼԿԵՄ Ստեփանակերտի քաղկոմի բաժնի վարիչ, ապա` երկրորդ քարտուղար, առաջին քարտուղար, կոմկուսի Ստեփանակերտի քաղկոմի պրոպագանդայի եւ ագիտացիայի բաժնի վարիչ, ԼՂ մարզկոմի կուսկազմակերպությունների բաժնի հրահանգիչ, ԼՂ մարզկոմի առաջին քարտուղար Հենրիկ Պողոսյանի օգնական:

1989-1993 թվականներին ղեկավարել է ԼՂՀ ինքնապաշտպանության ուժերի կոմիտեն: 1990 թվականին ընտրվել է Հայաստանի Գերագույն խորհրդի պատգամավոր: 1993-1995 թվականներին եղել է ՀՀ պաշտպանության նախարար: 1995-1996 թվականներին` ՀՀ պետական անվտանգության վարչության պետ, ապա` ազգային անվտանգության նախարար: 1996-1999 թվականներին` ՀՀ ներքին գործերի եւ ազգային անվտանգության նախարար: 1999 թվականին` ՀՀ ազգային անվտանգության նախարար: 1999-2000 թվականներին` ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար: 1999-2007 թվականներին` ՀՀ նախագահին առընթեր ազգային անվտանգության խորհրդի քարտուղար: 2000-2007 թվականներին` ՀՀ պաշտպանության նախարար: 2007 թվականի ապրիլի 4-ին նշանակվել է Հայաստանի Հանրապետության վարչապետ: 2007 թվականի հունիսի 7-ին կրկին նշանակվել է ՀՀ վարչապետ` գլխավորելով ՀՀ Ազգային ժողովի ընտրություններից հետո ձեւավորված կառավարությունը: 2008թ. փետրվարի 19-ին կայացած նախագահական ընտրություններում ընտրվել է Հայաստանի Հանրապետության Նախագահ: 2008թ. ապրիլի 9-ին ստանձնել է ՀՀ Նախագահի պաշտոնը: Հայաստանի Հանրապետական կուսակցության անդամ է 2006 թվականից, 2006 թվականի հուլիսից մինչեւ 2007 թվականի նոյեմբերը` կուսակցության խորհրդի նախագահ: 2007 թվականի նոյեմբերին ընտրվել է ՀՀԿ նախագահ: Երևանի պետական համալսարանի խորհրդի և Հայաստանի շախմատի ֆեդերացիայի նախագահն է: Ստացել է Արցախի հերոսի կոչում, ՀՀ «Մարտական խաչ» առաջին աստիճանի, «Տիգրան Մեծ» եւ «Ոսկե արծիվ» շքանշաններ, պետական այլ պարգևներ: Ամուսնացել է 1983 թվականին: Կինը` Ռիտա Սարգսյանը, ծնվել է Ստեփանակերտում` զինվորականի ընտանիքում: Մասնագիտությամբ երաժշտության ուսուցչուհի է: Ունի երկու դուստր` Անուշն ու Սաթենիկը, եւ երեք թոռնիկ` Մարիամը, Արան ու Սերժը:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը