Տնտեսական

03.11.2021 10:07


Հունվարից թոշակառուները «ՀայՓոստին» կվճարեն՝ թոշակը տուն բերելու դեպքում

Հունվարից թոշակառուները «ՀայՓոստին» կվճարեն՝ թոշակը տուն բերելու դեպքում

Հունվարից թոշակառուները վճարելու են «ՀայՓոստին»՝ թոշակը տուն բերելու համար: Այս մասին արդեն «ՀայՓոստի» բաժանմունքներում տեղեկացնում են թոշակառուներին:

Հարցի հետ կապված պարզաբանում ներկայացրեցին «ՀայՓոստ»-ից: Ընկերության լրատվական բաժնից հայտնեցին, որ կա համապատասխան օրենք, համաձայն որի՝ 2022թ. հունվարի 1-ից կենսաթոշակները տրվում են միայն էլեկտրոնային եղանակով, այսինքն՝ դա կարող է լինել բանկային քարտով կամ «ՀայՓոստի» էլեկտրոնային դրամապանակով: Եթե բանկի հաճախորդ է՝ կարող է ստանալ ցանկացած բանկոմատից: Որպես այդպիսին՝ տուն ուղարկելու պատվիրակված ծառայություն չկա և այդ ծառայությունը «ՀայՓոստը» կարող է իրականացնել միայն վճարման հիմունքներով: Մարդուն կարող են սպասարկել փոստի բաժանմունքում՝ իր դրամապանակից գումարը վճարելով: Դա վերաբերում է նրանց, ովքեր չեն հատել 75 տարեկանի շեմը, չունեն 1-ին կամ 2-րդ կարգի հաշմանդամություն: Գումար կվճարեն միայն տուն առաքելիս: Իսկ կարգ ունեցողներին ու 75-ից բարձր տարիք ունեցող մարդկանց կենսաթոշակը կտարվի տուն՝ նախկինի նման:

Սա վերաբերում միայն քաղաքային բնակավայրերին, իսկ գյուղական բնակավայրերում մարդիկ ինչպես ստացել են, այդպես էլ շարունակելու են ստանալ:

Իսկ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունում 2020թ,հուլիսի 16-ին տարածված հաղորդագրության մեջ նշված է.

2021 թ.-ի հունվարի 1-ից հետո նշանակվող կենսաթոշակները կվճարվեն բացառապես անկանխիկ եղանակով՝ բանկի միջոցով։

Բացառություն կկազմեն առաջին կամ երկրորդ խմբի հաշմանդամություն ունեցող, 75 տարին լրացած կամ 14 տարին լրացած անչափահաս անձինք, ովքեր իրենց ընտրությամբ կենսաթոշակը կարող են ստանալ նաև կանխիկ եղանակով՝ «Հայփոստի» միջոցով:

Բացառապես անկանխիկ եղանակով կենսաթոշակների վճարման համակարգին անցումը կիրականացվի փուլերով. այսպես, կենսաթոշակը կվճարվի բացառապես անկանխիկ եղանակով, եթե կենսաթոշակ նշանակելու դիմումը ներկայացվել է՝

1) Երևան, Գյումրի և Վանաձոր քաղաքներում` 2021 թվականի հունվարի 1-ին և դրանից հետո,

2) այլ քաղաքներում` 2021 թվականի հուլիսի 1-ին և դրանից հետո,

3) 1000 և ավելի բնակիչ ունեցող գյուղերում` 2022 թվականի հուլիսի 1-ին և դրանից հետո,

4) մինչև 1000 բնակիչ ունեցող գյուղերում՝ 2023 թվականի հուլիսի 1-ին և դրանից հետո:

Մինչև 2021 թ.-ի հունվարի 1-ը նշանակված և կանխիկ եղանակով, այսինքն՝ «Հայփոստի» միջոցով վճարվող կենսաթոշակների դեպքում, քաղաքացուն հնարավորություն կտրվի ընտրել այն բանկը, որի միջոցով կիրականացվի կենսաթոշակի հետագա վճարումը՝ անկանխիկ եղանակով: Դրա համար քաղաքացիները պետք է դիմում գրեն՝ կենսաթոշակի վճարման եղանակը փոխելու վերաբերյալ՝

1) Երևան, Գյումրի և Վանաձոր քաղաքներում` 2021 թ.-ի հունվարի 1-ից մինչև հուլիսի 1-ը,

2) այլ քաղաքներում` մինչև 2021 թվականի հուլիսի 1-ից մինչև 2022 թ.-ի հունվարի 1-ը,

3) 1000 և ավելի բնակիչ ունեցող գյուղերում` մինչև 2022 թ.-ի հուլիսի 1-ից մինչև 2023 թվականի հունվարի 1-ը,

4) մինչև 1000 բնակիչ ունեցող գյուղերում՝ մինչև 2023 թ.-ի հուլիսի 1-ից մինչև 2024 թվականի հունվարի 1-ը:

Եթե դիմումի հիման վրա նշված ժամկետներում կենսաթոշակի վճարման եղանակն անկանխիկի չփոխվի և կենսաթոշակառուն չընտրի բանկ, որի միջոցով ցանկանում է ստանալ կենսաթոշակը, ապա դա կարվի Կառավարության սահմանված կարգով ընտրված բանկի միջոցով՝ հետևյալ ժամկետներում.

1) Երևան, Գյումրի և Վանաձոր քաղաքներում` 2021 թվականի հուլիսի 1-ից հետո,

2) այլ քաղաքներում (բացառությամբ Երևան, Գյումրի և Վանաձոր քաղաքների)` 2022 թվականի հունվարի 1-ից հետո,

3) 1000 և ավելի բնակիչ ունեցող գյուղերում` 2023 թվականի հունվարի 1-ից հետո,

4) մինչև 1000 բնակիչ, 1000 և ավելի բնակիչ ունեցող գյուղերում՝ 2024 թվականի հունվարի 1-ից հետո:

Այսպիսով կենսաթոշակների վճարման անկանխիկ եղանակին անցումը կկատարվի 3 փուլով. սկզբում անկանխիկ եղանակով կվճարվեն նոր նշանակված կենսաթոշակները, հետո նախկինում նշանակված և կանխիկ եղանակով վճարվող կենսաթոշակների դեպքում հնարավորություն կտրվի կենսաթոշակառուին ընտրել բանկ և կենսաթոշակի վճարումը շարունակել անկանխիկ եղանակով, իսկ երրորդ՝ վերջին փուլում մնացած բոլոր դեպքերում կենսաթոշակն անկանխիկ եղանակով վճարելու համար բանկը կընտրվի Կառավարության սահմանված կարգով:

Ընդ որում, բոլոր դեպքերում կենսաթոշակառուն հնարավորություն ունի դիմում ներկայացնելու միջոցով փոխել բանկը, որի միջոցով կենսաթոշակ է ստանում:

Հարկ է նշել, որ կենսաթոշակների վճարման նշված կարգը տարածվում է նաև պարգևավճարների, ծերության նպաստի, հաշմանդամության նպաստի, կերակրողին կորցնելու դեպքում նպաստի, ինչպես նաև խնամքի նպաստի վրա: Այսինքն՝ նշված վճարատեսակները ևս կվճարվեն անկանխիկ եղանակով՝ կենսաթոշակների համար ներկայացված կարգով:

Աղբյուրը՝ 168.am

Այս խորագրի վերջին նյութերը